2019.10.08,

vox populi

Գողությունը գողություն է` լինի լուսանկար, թե գիրք

Անընդհատ նույն թեմայով գրելը թվում է անիմաստ, սակայն և չգրել նույն ցավոտ թեմայով, էլ ավելի անիմաստ է ու դեռ ավելին, անթույլատրելի։

2019-ին ես որոշեցի, որ դուրս եմ գալիս «Առաջին ալիքից» ու թողնում հաղորդավարի կարիերան։ Մոտեցումներ կան, որոնք բացարձակապես իմ սրտով չեն, իսկ ինձ ու իմ լուսանկարչական աշխատանքը սկսել են գնահատել դրսում։ Այո՛, հայկական իրականությունում, դա կարծես կախարդական պատուհան լինի դեպի մաքուր օդ։

Հեղինակավոր կայքերն ու ամսագրերը գնում են լուսանկարներդ, նամակներ ես ստանում պարկեշտ մարդկանցից, որոնք կարևորում են գործիդ ամեն վայրկյանը։

Փշաքաղվել կարելի է․ FIFA-ն նամակ է գրում, շնորհավորում Ամանորն ու նամակում գնահատում համագործակցությունը վերջին մի քանի տարիների ընթացքում  (հավատարմագրված եմ եղել 2014-ի և 2018-ի Աշխարհի ֆուտբոլի առաջնություններին, լուսաբանել 2017-ի Կոնֆեդերացիաների գավաթն ու 2018-ի Աշխարհի առաջնությունը)։

Բայց նույն այդ ժամանակ հանկարծ՝ հո՜պ, հայկական իրականությունն «ապտակում է» քեզ ու կտրում «օդերով քայլելու իրավունքից», այն դեպքում, երբ ոչ մեկին վատություն չես արել, «ոչ մեկի հավին քշա, չես ասել»։

Լուսանկարներն առանց հարցնելու վերցնողների տրամաբանությունը հաճախ մեկն է՝ «Ֆեյսբուքում դրած էր, վերցրեցինք»։

Կներեք, ի՞նչ։ Այսինքն, ուզում եք ասել, որ Reuters-ի կամ AFP-ի լուսանկարները, որոնք նույնպես ջրանշաններով հայտնվում են Ֆեյսբուքում, կարելի է հենց այնպես վերցնել ու վերաթողարկե՞լ։

Բա հարց չե՞ք տալիս, թե այդ դեպքում իրենք գումար ոնց են աշխատում։ Էդպես, օդից դոտացիաներ են ընկնու՞մ, թե՞ աշնանը AFP-ի անձնակազմը դուրս է գալիս այգի փող հավաքելու։

Հա լավ, դեռ մի կողմ թողնենք համաշխարհային գիգանտներին։ Բա ամոթ չէ՞, անհատ լուսանկարչից, ֆոտոլրագրողից նկար վերցնելը, անգամ անձնական նամակ չգրելը այն դեպքում, երբ հնարավոր է հաջորդ օրը հանդիպեք նրան փողոցում կամ էլ որևէ այլ միջոցառման ժամանակ։

Գրողը տանի, չէ որ նույն իրականությունում ենք ապրում։ Հասկանու՞մ եք, կարելի է չէ՞ պարզապես նամակ գրել նույն Ֆեյսբուքում․ «Հարգելի Գևորգ, Ձեր այս կամ այն լուսանկարը լավն է, ցանկանում եք այն օգտագործել, կարո՞ղ եք ասել հնարավոր է գնել կամ էլ ինչպես պայմանավորվենք այն օգտագործելու համար․․․»։

Հավատացնում եմ, որ ամսվա ընթացքում օգտագործելու խնդրանքով նամակներ շատ եմ ստանում՝ մտերիմ ընկերներից, գործընկերներից ու առանց որևէ խնդրի՝ ընդառաջում նրանց։

Գիտե՞ք վատը որն է։ Որ իհարկե, վերցնում են ամենաստացված լուսանկարը, փաստացի օգտագործում՝ իրենց ռեսուրսի վրա ուղղորդելով հազարավոր օգտատերերի, իսկ հետո, երբ անհատ-լուսանկարիչը բան ու գործը թողած գտնում է լուսանկարը վերցրած ռեսուրսի պատասխանատուին, վերջինս հաճախ մունաթ-զունաթով հեռացնում է լուսանկարը:

Որոշ խմբագիրներ անգամ պնդում են՝ «Լավ բան ենք անում, ձեզ ենք գովազդում․․․»։

Հարգելիներս, հավատացնում եմ, որ նրանք, ովքեր այս կամ այն ոլորտում կայացել են՝ ինքնահաստատման կարիք չունեն։ Սա ընդունեք որպես պաշտոնական հայտարարություն առ այն, որ Գևորգ Ղազարյանն «ամենաքխ» անհատ լուսանկարիչ, ֆոտոլրագրողն է։

Ես «չխկցնող չեմ», ես ինքս ինձ, իմ գործն ու աշխատանքը հարգող մեկն եմ։ Բարի եղեք ԳՆԵՔ այդ հերն անիծած լուսանկարը, լավ ծառայությունն ու ապրանքը գումար արժեն, համագործակցությունը ևս գումար արժե, ժամանակը՝ նույնպես։

Ես օդից փող չեմ ստանում, Ռոթշիլդների ընտանիքից չեմ։ Ես ֆոտոլրագրող եմ, որը մարդ-նվագախմբի տրամաբանությամբ հետևում է իրադարձություններին, արդիականացնում սեփական տեխնիկան, վճարում գրասենյակային վարձը, ինտերնետի, լույսի փող տալիս, հավատարմագրվում ու գումար վատնում ամենաթեժ ու ամենակարևոր տեղերում լինելու ու լուսանկարելու համար։

Չգիտեմ, ձեզ դա զարմանալի է թվում թե ոչ, սակայն, այո՛, այդ ամենն անում եմ միայնակ, բացարձակապես ՄԻ-ԱՅ-ՆԱԿ։

Այս երկար-բարակ գրառումն ու բողոքի նոտան չէր լինի, եթե օրերս մի շատ հարգարաժան լրագրող ու ռեսուրս, որը կարդում եմ ամեն օր, չորոշեր գնալ այն ճանապարհով, որի որոշ բնորոշիչներ նկարագրեցի վերևում։

Հասկանո՞ւմ եք, եթե քեզ անծանոթ մեկն է թռցնում լուսանկարները, մտածում ես՝ դե լավ, ի՞նչ արած, նկատի կունենանք հետագայում:

Իսկ երբ նույնը անում է նա, ում աշխատանքը գնահատում ես, ու  գիտես, որ այդ մարդը, իրոք իր գործի գիտակ է ու հարգանքի արժանի, մտածում ես՝ «հո՜պ»․․․

Գևորգ Ղազարյան

ֆոտոլրագրող

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *