2016.09.06,

vox populi

Սուրեն Ստեփանյան. «Ես եմ մեդիան»

Իմ ու մեդիայի հարաբերությունները միշտ էլ մի հունով չեն գնացել: Եղել են բախումներ, հիասթափություններ, հարվածներ, որոնցից հետո վերականգնվելը բարդ է եղել (դժվար է գալ եզրահանգման, թե աշխարհի ամենահարմար մասնագիտությունը չես ընտրել Հայաստանում աշխատելու համար):

Ոտքի կանգնել միշտ էլ ստացվել է, բարդ էր. ռինգի մի անկյունում ես էի, մյուս անկյունում՝ հասարակության արձագանքը առ ինձ` որպես մեդիայի զինվորի: Ինչպես բռնցքամարտիկն է հիշում իրեն հասցված ամենաուժեղ հարվածները, որոնցից հետո աչքերից կայծեր են թռչել, այնպես էլ ես եմ հիշում իմ բաժին նոկ-դաունները, որոնցից հետո կրկին համոզվել եմ` ես եմ մեդիան:

Հարված առաջին` «Հորս առաջին պլանշետը»

Երբ դպրոցական էի, հայրս ամեն օր գիշերային աշխատանքից վերադառնալիս երկու-երեք թերթ թևի տակ դրած գալիս էր տուն: Երկրորդ ձեռքով դրանք ժամեր անց հասնում էին պապիս, երրորդ ձեռքով՝ ինձ:

Եթե հայրիկ-պապիկ խոսակցությունը շարունակվում էր սովորականից երկար, ենթադրում էի, որ թերթերն այդ օրը ինչ-որ նոր ու հետաքրքիր բան են գրել: Կարելի է ասել, որ հենց քաղաքականության, տնտեսության ու հասարակակության մասին այդ բանավեճերին հետևելը ինձ դարձրեց մեդիայի զինվոր:

Մտածում էի` ովքեր են այդ թերթերում գրված տողերի հեղինակները, որոնց բառերից հետո նման բանավեճեր են հասունանում: Խոսակցությունները գնալով նվազեցին, շատ թեմաներ փոխվեցին դրանց մեջ, թերթերն այլևս մեր տուն չէին մտնում… հայրիկը պլանշետ էր առել:

Հետո, ինչպես և կանխատեսվում էր, գրանցվեց Ֆեյսբուքում, լայքեց տասնյակ կայքերի էջեր ու լրատվությունը դարձավ անկառավարելի, պակասեց վերլուծությունը: Այդ տարին համընկավ ժուռֆակ ընդունվելուս հետ, բեռը ծանրացավ ուսերիս, ո՞նց թե, ուրեմն իմ ամեն գրած փոքր ստատուս ու միտք հիմա կարող է դառնալ նորություն ու հայրիկ-պապիկ խոսակցության առարկա, դժվար է լինելու, ես փաստորեն դարձա մեդիա-խաղացող՝ ավելի մեծ պատասխանատվության զգացումով:

Հարված երկրորդ ` «Ո՞վ եմ ես ձեր մեջ»

Գրեթե բոլոր մասնագետներին, մեծ հաշվով, ասոցացնում են իր ոլորտում կայացած կամ ճանաչված մեկի հետ: Երբ բանակում էի, զորամասում սովորաբար հարցնում էին, թե ինչ եմ արել «նախկին կյանքում»: Եթե հետ տայի ժամանակը, ու հնարավորություն լիներ մեկ անգամ էլ պատասխանել այդ հարցին, կասեի, որ խառատ եմ, ավտոէլեկտրիկ, իրավաբան կամ խոհարար, բայց ոչ լրագրող:

Գրեթե ամեն օր հնչում էին տարատեսակ հարցեր Հայաստանում ամենահայտնի «ֆոտոլրագրողի», նրա զիլ տղա լինելու, մնացյալ լրագրողների «կլյաուզնիկ» լինել-չլինելու մասին: «Զամպալիտս» ինձ հաճախ կատակով Գագո էր անվանում (լրագրողական էթիկայից ելնելով չեմ գրում, թե ինչու):

Դժվար էր բացատրել, որ լրագրողը հասարակության տականքը չէ, ինչպես շատերն են կարծում, մեր գործն էլ բնավ սրա-նրա վրա գրելը չէ: Անհնար եղավ բացատրել` ես չեմ գրում «մեկի վրա», ես գրում եմ հանուն ինչ-որ բանի:

Հարված երրորդ. «Alma Mater-ն ու ես»

Երբ 2010-ին ընդունվում էի ժուռֆակ, թվում էր, թե համալսարանական կրթությունը քայլ առ քայլ ինձ բարձրացնելու է լրագրողական օլիմպի գագաթը: Անցել է վեց տարի, դեռ սովորում եմ բակալավրիատում:

Այս էսսեն գրելիս հասկացա, որ եթե ամեն օր գնայի դասի ու լսեի 1970-1980-ականների գրքերից կարդացվող դասախոսությունները, թե ինչպիսին պետք է լինի լրագրողը, ինչպես գրել պամֆլետ ու բրգաձև լուր, ապա հիմա ոչնչի հասած չէի լինի: Ակադեմիական կրթությունը ամենաքիչն է պետք ժամանակակից մեդիա ստեղծողին:

Ամեն դեպքում, ինքնակրթությունը բոլոր մասնագիտությունների դեպքում է կարևոր, ժուռնալիստիկայում՝ պարտադիր… մեր «փայլուն» կրթական համակարգի շնորհիվ:

Ես դարձա մեդիայի մարդ ոչ լսարանում, այլ միկրոֆոնն ու տեսախցիկը ձեռքիս դասերից փախչելով ու լիկվիդները շալակած…այդպես էր պահանջում ժամանակը, որում հասունացա ու եփվեցի, այդպես պահանջեցին մարդիկ, ում համար աշխատում եմ, այդպես կամեցավ մեդիան` իմ անհաշտ, բայց սիրելի ընկերը:

Սուրեն Ստեփանյան
Երևանի պետական համալսարանի
ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *