Տիգրանուհի Մարտիրոսյան
Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ
Լուսանկարում՝ Սևան Պետրոսյանը

Կանանց քաղաքական գործունեությունը հաճախ դիտվում է ոչ թե որպես բնական իրավունք, այլ հանդգնության հետևանք՝ եթե կուզեք անոմալիա, շեղում։ Media.am -ի հետ զրույցում ասում է հետազոտող, գենդերային փորձագետ Սևան Պետրոսյանը` խոսելով կին քաղաքական գործիչների նկատմամբ ավելացող թիրախավորման դեպքերի մասին։ Ըստ նրա՝ պատճառը հայրիշխանական համակարգն ու նրա ծնած  կարծրատիպերն են․ կանանց ընկալում են որպես ընտանեկանության, մայրության կամ հուզականության կրողներ՝ ոչ անպայման հանրային գործիչներ կամ առաջնորդներ։

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հարցազրույցների շարք է պատրաստել հանրային, քաղաքական գործունեություն իրականացնող կանանց մասին, որոնք այս կամ այն կերպ հաստատում են, որ նախընտրական ոչ պաշտոնական այս շրջանում ավելի քան երբևէ մեծացել է իրենց նկատմամբ թիրախավորումը։ Ինչ եք կարծում, ինչո՞ւ են առհասարական քաղաքական իրադարձությունները խթանում կանանց նկատմամբ վիրավորանքի, ատելության խոսքի ծավալները։ 

Քաղաքականությունը, ինչպես հանրային կյանքի շատ ոլորտներ, այսօրվա տեսքով ընկալվում է որպես տղամարդկանց ու տղամարդակենտրոն աշխարհ, որում կարծես մուտքի ու գոյության իրավունք ունեն տղամարդիկ, ոչ բոլոր տղամարդիկ իհարկե, բայց հաստատապես ոչ անպայման կանայք։

Կանանց քաղաքական գործունեությունը հաճախ դիտվում է ոչ թե որպես բնական իրավունք, այլ հանդգնության հետևանք, եթե կուզեք՝ անոմալիա, շեղում։ Դա շատ պարզ պատճառով է. հայրիշխանական համակարգն ու նրա ծնած կարծրատիպերը կանանց ընկալում են որպես ընտանեկանության, մայրության կամ հուզականության կրողներ՝ ոչ անպայման հանրային գործիչներ կամ առաջնորդներ։

Իսկ այ նախընտրական շրջանում, երբ քաղաքական պայքարը, մրցակցությունն ու դրան ուղեկցող կրքերը հասնում են գագաթնակետին (ի թիվս այլ հակառակորդին կամ հանրային գործիչներին վնասելու կամ պախարակելու), ներառում են  անձնական մեթոդներ, կանանց դեմ օգտագործվում են նրանց նկատմամբ վերը նշածս պատճառներից բխող անվստահությունը ու կասկածամտությունը՝ քաղաքականություն մտնելու, հաղթելու, օրակարգեր առաջ մղելու կոմպետենտության և այլ հարցերում։

Դա հեշտ է իրականում, քանի որ, ինչպես ասացի, կանանց ներկայությունը ամենասկզբից հանդգնություն է, նրանք այդ աշխարհի բնակիչները չեն, ուրեմն ամեն ինչ կարելի է թիրախավորել ոչ քաղաքական ճաշակի միջոցով, այլ կին լինելու։ Մյուս կողմից էլ, քանի որ նախընտրական շրջանում էթիկան ու հարգանքը, բարությունը ու ապրումակցումը ամենևին առաջնահերթություն չեն, հանուն ընտրության ու քաղաքական նպատակների սկսվում է վայրի ու հաճախակի խտրական վերաբերմունք։

Նկատի ունեք, որ նախընտրական կամ ընտրական շրջանում շրջանում թիրախավորումը պարզապես սրվո՞ւմ է, բայց այն կա միտ։ Ի՞նչ տեսք է այն ստանում սրված վիճակում։

Նախընտրական շրջանում գենդերային խտրականությունը դրսևորվում է տարբեր մակարդակներում՝ ուղղված ոչ միայն կանանց՝ որպես քաղաքական գործիչների, այլև կանացիության ընդհանրացված պատկերացումների դեմ։ Սա կարելի է պայմանականորեն բաժանել երեք հիմնական հարթության։

Առաջինը կանայք որպես քաղաքական գործիչներ և թեկնածուներն են: Նախընտրական շրջանում կանանց՝ որպես քաղաքական գործիչների և թեկնածուների նկատմամբ ուղղված խտրականությունը դրսևորվում է ամենատեսանելի ձևով։ Այս մակարդակում կանայք ենթարկվում են քննադատության ոչ թե իրենց քաղաքական ծրագրերի կամ որոշումների, այլ իրենց անձնական հատկանիշների, ընտանեկան դերի կամ արտաքինի համար։ Օրինակ՝ կանանց հաճախ մեղադրում են «գերհուզականության» կամ «թույլ բնավորության» մեջ, իսկ նրանց քաղաքական որոշումները դիտվում են որպես ոչ բավարար կոմպետենտ։ Այս մակարդակում խտրականությունը ուղղված է կանանց՝ որպես քաղաքական գործիչների հեղինակության և վստահելիության դեմ։ Այս խմբում ես ներառում եմ նաև կին ոչ-քաղաքական պաշտոնյաներին, հետազոտողներին կամ քաղաքական վերլուծաբաններին։

Երկրորդը՝ կանացիությունը որպես հատկանիշն է։ Այստեղ խտրականությունը ուղղված է ոչ թե կոնկրետ կանանց, այլ կանացիության ընդհանրացված պատկերացումների դեմ։ Նաև տղամարդ քաղաքական գործիչների դեմ խոսելիս կարող են օգտագործվել կարծրատիպային «կանացի» հատկանիշներ՝ որպես բացասական մի բան՝ հուզականություն, թուլություն և հատկանիշներ վերագրելու համար։ Սրանք սկսում են կանացի բնավորություն կամ դիրքորոշում ունենալուց մինչև կանացիությունը, օրինակ՝ երբ «տիկին» բառը որպես վիրավորանք է ընկալվում։ Այստեղ ցավալիորեն թիրախը քաղաքական գործիչը չէ, բոլոր կանայք են, աղջիկները՝ անկախ տարիքից, սեռից, մասնագիտությունից ու հետաքրքրություններից։

Երրորդը՝ պայմանական հարթությունը կանանց ավելի լայն հասարակական խավն է։ Այստեղ էլ կրկին կարծրատիպերը և դրանց շահագործումը պատճառ են դառնում, որ նաև տղամարդ քաղաքական գործիչների անձնական կյանքը թիրախավորելիս ընտրվեն նրանց կյանքի կանայք՝ մայրերը, կանայք, դուստրերը և այլն, հատկապես եթե նրանք համարվեն հետաքրքիր թիրախ՝ տարիքով, տեսքով կամ գործունեության առումով։

Սրանով ոչ միայն դժվարանում ու նվազում է կանանց մասնակցությունը քաղաքականության մեջ, այլ նաև կին լինելը մեկ անգամ ևս, մգացված գույներով, ցածրացվում ու փոքրացվում է։

Իսկ ո՞րն է մրցակցության նպատակը։ 

Մրցակցության նպատակն է կանանց քաղաքական պայքարին կամ ուժին վնասելը կամ նրանց խաղից հանելը, որի համար, ինչպես ասացի, օգտագործվում են հայրիշխանական համակարգի գործիքները։ Կանանց անձնական կյանքի մանրամասները, արտաքինը, անձնական հարաբերությունները հաճախ դառնում են քաղաքական պայքարի գործիք։ Արդյունքում, նրանց կյանքի մանրամասները ներկայացվում են որպես քաղաքական գործունեության համար ոչ հարմար կամ անբավարար։

Սա թաքնված կնատյացության օրինակ է, երբ իբր թե ռացիոնալացված հիմնավորումներով սահմանափակվում է նրանց քաղաքական գործունեությունն ու վարքը։ Անհատական մակարդակում կանայք, ամեն մեկը, գտնում է կամ չի գտնում այս իրավիճակը շրջանցելու կամ դրան առերեսվելու ձևերը, բայց դրա տարածած վախն ու կասկածամտությունը, անհարմարությունը պատճառ են դառնում, որ ավելի քիչ կանայք ցանկանան կամ պատրաստակամ լինեն քաղաքականություն մտնել։ Էստեղից էլ գալիս է մեր քաղաքական դաշտի խնդիրներից մեկը՝ կանանց օրակարգերի բացակայությունը։

Իսկ ազդո՞ւմ են թիրախավորման այդ դեպքերն այդ կանանց հեղինակության վրա։ Թե՞ դրանք մոռացվում են ու հետք չեն թողնում կենսագրության վրա։ 

Ինչպես նշեցի, տղամարդ և կին պաշտոնյաների նկատմամբ կիրառվող հռետորաբանությունը նախընտրական շրջանում էապես տարբերվում է՝ պայմանավորված հասարակությունում առկա գենդերային կարծրատիպերով և քաղաքական մշակույթի տղամարդակենտրոն բնույթով։ Կանանց նկատմամբ հռետորաբանությունը հաճախ տեղափոխվում է քաղաքականից դեպի անձնական դաշտ՝ կենտրոնանալով նրանց արտաքինի, ընտանեկան դերի կամ անձնական կյանքի վրա, երբեմն նաև սեքսուալիզացված ձևերով։ Միևնույն ժամանակ, կանանց ավելի հաճախ մեղադրում են «գերհուզականության» կամ «թույլ բնավորության» մեջ, և նրանց հուզական արձագանքները ներկայացվում են որպես թուլություն, մինչդեռ տղամարդկանց դեպքում նույնը կարող է ընկալվել որպես ուժ կամ համոզիչություն։

Բացի այդ, կանանց քաղաքական կոմպետենտությունը և փորձը ավելի հաճախ են դրվում կասկածի տակ, ինչը կապված է նրանց նկատմամբ վստահության պակասի հետ և ազդում է նրանց հեղինակության վրա։ Ընդհանուր առմամբ, կանանց ուղղված հռետորաբանությունը ավելի հարձակողական և անձնական բնույթ է կրում՝ նպատակ ունենալով նվազեցնել նրանց լեգիտիմությունն ու դուրս մղել քաղաքական դաշտից, մինչդեռ տղամարդկանց դեպքում քննադատությունը հիմնականում կենտրոնանում է նրանց քաղաքական գործունեության վրա։ Սա ոչ միայն խորացնում է գենդերային անհավասարությունը, այլ նաև սահմանափակում է կանանց մասնակցությունը քաղաքական կյանքին։

Ձեր դիտարկմամբ ինչպե՞ս է փոխվել կանանց նկատմամբ խտրականության դրսևորումն այս տարիներին: Սոցիալական ցանցերը փոխե՞լ են դրանց բնույթը, ինտենսիվությունը…

Սոցիալական ցանցերը, որպես խոսքի ազատության և հանրային քննարկումների հարթակ, մի կողմից մեծ հնարավորություն և հարթակներ են տվել մարդկանց արտահայտվելու, միմյանց հետ կապվելու համար, սակայն մյուս կողմից փոխել են քաղաքական խոսույթների էությունը, նորմալացրել կամ թերևս ավելի լսելի, արագ տարածվող ու ագրսեիվ դարձրել նաև խտրականությունը, այս դեպքում կանանց նկատմամբ: Անանունությունն ու հեռավորությունը թուլացրել են պատասխանատվության զգացումը, ինչի արդյունքում գենդերային ատելության խոսքը ավելի հեշտ է տարածվում, հատկապես նախընտրական շրջանում։

Միաժամանակ, ալգորիթմներն ու քլիք-բեյթի մշակույթը խթանում են սեքսուալիզացված և խտրական բովանդակության տարածումը՝ այն դարձնելով ուշադրություն գրավելու արդյունավետ գործիք։ Դեռ ավելին, ալգորիթմները գործում են այնպես, որ մարդը սկսում է տեսնել արդեն իրեն ծանոթ ու ցանկալի բովանդակություն, ինչի արդյունքում աստիճանաբար խորանում է այդ նույն տեղեկատվական միջավայրում։ Սա բերում է նաև նոր ձևերի առաջացման՝ մեմերի, հեշթեգների և վիրավորական մեկնաբանությունների միջոցով, որոնք ոչ միայն նվազեցնում են կանանց հեղինակությունը, այլ նաև խորացնում գենդերային խտրականությունը։

Իսկ ավանդական մեդիայի, լրատվամիջոցների դերը մեր օրերում ինչպիսի՞ն է։ Սրո՞ւմ են այս դրսևորումները, թե սոցցանցերի համեմատ ավելի զուսպ են:

Լրատվամիջոցները, որպես հասարակական կարծիքի ձևավորողներ, ունեն կարևոր և երկդիմի դեր գենդերային խտրականության հարցում։ Չնայած նրանք հաճախ փորձում են պահպանել զուսպություն և օբյեկտիվություն՝ հատկապես համեմատած սոցիալական ցանցերի հետ, գենդերային կարծրատիպերը երբեմն բացահայտ կամ թաքնված ձևով շարունակում են ներկա լինել նրանց աշխատանքում։

Հայաստանում այս դերը ավելի բարդ է քաղաքական և սոցիալական համատեքստի պատճառով։ Մի կողմից՝ լրատվամիջոցները կարող են մեղմել խտրականությունը՝ ներկայացնելով կանանց գործունեությունը դրական լույսով և քննադատելով խտրական դրսևորումները։ Մյուս կողմից՝ ուշադրություն գրավելու մրցակցության պայմաններում կարող են նաև վերարտադրել գենդերային խտրականություն և սեքսուալիզացիա։ Այսպիսով, թեև լրատվամիջոցները սովորաբար ավելի զուսպ են, նրանց ազդեցությունը կարող է լինել և՛ դրական, և՛ բացասական՝ կախված խմբագրական քաղաքականությունից և պատասխանատվության մակարդակից։

Եթե ամփոփենք, ինչպե՞ս կարելի է սահմանափակել օնլայն հարթակներում տարածվող գենդերային ատելության խոսքը։

Սրանք թերևս այն պատասխաններն են, որ կլսեք յուրաքանչյուրից՝ օրենք և մշակույթ: Բայց ատելության կամ խտրական խոսքի դեմ օրենքի միջոցով պայքարը պետք է լինի զգույշ և հավասարակշռված՝ չվնասելով խոսքի ազատությանը։ Ես հատկապես զգուշությամբ եմ մոտենում օրենսդրական սահմանափակումներին, քանի որ խոսքի ազատությունը հիմնարար արժեք է, և կա ռիսկ, որ նման օրենքները կարող են օգտագործվել ոչ իրենց նպատակով։ Այդ պատճառով կարևոր է հստակ սահմանել, թե ինչն է ատելության խոսք, որպեսզի չստեղծվեն կամայական սահմանափակումներ, ինչպես հաճախ ենք տեսնում վերջերս։ 

Պարզ է նաև, որ օրենքներն ինքնին չեն օգնի, եթե չկա դրանց կիրառման հստակ մեխանիզմ և քաղաքական կամք, իսկ դրանք, ըստ իս, հաջողում են, երբ զուգակցվում են խոսույթների և մշակութային փոփոխությունների հետ։

Բայց մինչ այդ, քանի այսօր ենք խոսում, կանանց մուտքը քաղաքականություն շարունակում է հարթվել անցյալի ու ներկայի խիզախ ու համարձակ կանանց միջոցով, որոնցից շատերը, իմ դիտարկմամբ, այդ ճանապարհը չեն էլ ձևակերպում որպես հանդգնություն, այլ որպես քաղաքականության կամ կյանքի ու կին լինելու բարդության բնական մաս։