Հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող հեռուստաընկերությունների եթերում հանրօգուտ բովանդակությունն ավելացնելու նպատակով անցած տարի Կառավարության որոշմամբ ստեղծվեց «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամը։ Այն դրամաշնորհներ է տրամադրելու վերգետնյա հեռարձակում ունեցող հեռուստաընկերություններին, որպեսզի նրանք արտադրեն մանկական, գիտակրթական և մշակութային բովանդակություն։
Թե ինչպես է գործնականում իրականացվելու հեռուստաընկերությունների հետ համագործակցությունը, ինչպե՞ս է ձևավորվելու դրամաշնորհային բյուջեն և ի՞նչ սկզբունքով են ընտրվելու շահառու հեռուստաընկերությունները, մանրամասնում է հիմնադրամի տնօրեն Վահագն Թևոսյանը։
Պարոն Թևոսյան, արդեն հայտնի է, որ Կառավարությունը 250 միլիոն դրամ է հատկացրել «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամին։ Այդ գումարը պետք է բաշխվի հանրապետական և մայրաքաղաքային սփռում ունեցող հեռարձակողների միջև, որպեսզի նրանք ստեղծեն և ցուցադրեն հանրօգուտ բովանդակություն։ Ինչպե՞ս է գործնականում իրականացվելու այս գործընթացը։
Նախ այդ միջոցները դեռ չեն տրամադրվել, չնայած ծրագիրը հաստատվել է։ Միջոցները տրամադրվելու են փուլերով՝ ըստ կատարված աշխատանքի մասին հաշվետվությունների և ընդունված ընթացակարգերի։ Ինչ վերաբերում է հիմնադրամի հիմնական գործառույթին, ապա այն հանրային մուլտիպլեքսով հեռարձակվող մասնավոր հեռուստաընկերություններին աջակցելն է՝ հանրօգուտ մեդիա բովանդակություն ստեղծելու և ցուցադրելու հարցում։ Այս ծրագրի շահառու չեն հանդիսանալու այն հեռուստաընկերությունները, որոնք ցուցադրվում են հանրային մուլտիպլեքսում, բայց լիցենզավորման մրցույթով չեն անցել։ Դրանք են՝ Հանրային հեռուստաընկերությունը, ներառյալ Լրատվական ալիքը, միջազգային հեռուստաընկերությունները՝ այս դեպքում՝ ռուսական ալիքները և «Միրը»։ Կարելի է ասել՝ սա պիլոտային նախագիծ է՝ 250 միլիոն դրամ տարեկան բյուջեով, որն այս պահին նախատեսված է որպես եռամյա միջնաժամկետ ծրագիր։
Մենք սահմանել ենք երեք հիմնական կատեգորիա հետևյալ չափորոշիչներով․
- Մանկական բովանդակություն՝ կրթական և դաստիարակչական ուղղվածությամբ։
- Նվազ լսելի ձայների հնչեցում՝ փորձագետների հետ քննարկումների արդյունքում որոշեցինք չօգտագործել «խոցելի խմբեր» արտահայտությունը և տվեցիք այս ձևակերպումը։
- Քննադատական մտածողության զարգացում՝ այս կատեգորիայում էլ կարող է ստեղծվել մեդիագրագիտությանը և հարակից թեմաներին վերաբերող բովանդակություն։
Յուրաքանչյուր հեռուստաընկերություն կարող է ներկայացնել մինչև երեք ծրագիր՝ յուրաքանչյուր կատեգորիայից մեկական։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 9-ն է։ Հայտերը ստանալուց հետո քննարկումների արդյունքում կընտրվի նախագիծ, որը խորհրդի հաստատումից հետո կգնա արտադրության։ Հարաբերությունների մոդելը շատ ազատական է։ Մենք հակված ենք վստահելու արտադրողների կոմպետենտությանը և էական միջամտություններ ու փոփոխություններ չենք պատրաստվում իրականացնել նրանց առաջարկած նախագծերում։ Սակայն, իհարկե, կքննարկենք և կխորհրդակցենք, պիլոտային տարբերակը նկարահանելուց հետո կփորձենք շտկել թերությունները և վստահ լինել, որ վերջնարդյունքում որակյալ արտադրանք ենք ստանալու։
Ուզում ենք խմբագրական քաղաքականության հետ գործ չունենալ։ Կարևորն այն է, որ ծրագրերը համապատասխանեն պահանջներին և հիմնադրամի առաքելությանը։ Հիմնադրամն առաջարկներ կներկայացնի միայն այն դեպքերում, երբ ներկայացված նախագիծը չհամապատասխանի հիմնադրամի առաքելությանը, որը սահմանված է կանոնադրությամբ և ընթացակարգերով։
Իսկ ի՞նչ սկզբունքով է բաշխվելու բյուջեն։
Քվոտաները ձևավորվել են հատուկ մաթեմատիկական բանաձևով, որի հաշվարկային մեխանիզմը հիմնված է չորս գործոնի վրա՝ հեռուստաընկերության տարեկան հասույթի չափը, արտադրած հանրօգուտ բովանդակության ծավալը, ռեյտինգը և շեյրը։ Քանի որ 2025-ի ամբողջական տվյալները դեռ չկային, հիմք ենք ընդունել 2024 թվականի պաշտոնական տվյալները, որոնք ստացել ենք ՀՌՀ-ից։
Հատկանշական է, որ այս գործոնների ազդեցության չափը որոշել են հենց հեռուստաընկերությունները։ Մենք նրանց ուղարկել էինք ձևաթուղթ, որտեղ նրանք 1-ից 5 բալային համակարգով գնահատել էին դրանց ազդեցությունը քվոտաների ձևավորման վրա՝ յուրաքանչյուրը ելնելով իր շահերից։ Մի ձայն էլ հիմնադրամն ունի, բայց այն էական ազդեցություն չի ունենում։ Արդյունքում տվյալների ներբեռնման արդյունքում ձևավորվել են քվոտաները՝ մասնակից շահառուներին հասանելիք մասնաբաժինները։ Սա հասկանալի և ընդունելի է եղել բոլոր շահառուների համար։ Հեռուստաընկերություններն արդեն ծանուցվել են իրենց հասանելիք քվոտաների մասին։
Ամենաբարձր քվոտան ստացել է «Արմենիա» հեռուստաընկերությունը, քանի որ նրանց ռեյտինգն անհամեմատելի բարձր է մյուսներից։ Սակայն այստեղ մի կարևոր նրբություն կա. եթե համեմատենք «Արմենիայի» և, օրինակ, «Բուն TV»-ի ռեյտինգները, ապա այդ ցուցանիշները կարող են իրարից տարբերվել մի քանի տասնյակ անգամով, բայց նրանց քվոտաների տարբերությունը նույնիսկ կրկնակիի չի հասնում։ Սա նշանակում է, որ բանաձևը հաշվի է առել նաև «Բուն TV»-ի կողմից տարիներ շարունակ արտադրված հանրօգուտ բովանդակության մեծ ծավալը, որն արվել է առանց կոմերցիոն նպատակների։ Մենք չէինք կարող առաջնորդվել միայն ռեյտինգով, բայց նաև չէինք կարող այն անտեսել, քանի որ պետական միջոցներով արտադրված բովանդակությունը նախ պետք է հասնի լայն լսարանին։
Քվոտաների բաշխման ցանկում առաջատարներն են «Արմենիան», ապա «Շանթը» (ազդեցություն է ունեցել վարկանիշը), այնուհետև «Բունը» և «TV5»-ը (նախկինում քիչ հասույթի պայմաններում արտադրած հանրօգուտ բովանդակության մեծ ծավալի արդյունքում)։
250 միլիոնից այս պահին 8 շահառու հեռուստաընկերությունների քվոտաների համար նախատեսված է բաշխել 200 միլիոնը (մնացյալը հարկեր են, աշխատավարձային ֆոնդ և մարզային հեռուստաընկերություններին տրամադրվելիք գումարները)։
Բանաձևի ավտոմատ հաշվարկի արդյունքում քվոտաները (դրամով) բաշխվել են այսպես․
Արմենիա – 51․416․143
Շանթ – 35․567․593
Բուն Թիվի – 28․024․447
5-րդ ալիք – 25․715․724
Ֆրինյուզ – 18․666․770
21 Թիվի – 14․239․093
Կենտրոն – 13․451․059
Նուռ Թիվի – 12․919․171
Երեք պոտենցիալ շահառու հեռուստաընկերություններ՝ Ֆասթը, Ա-Թիվին և Նոր Հայաստանը, ինչ-ինչ տեխնիկական պատճառներով այս անգամ թերևս հարմար չհամարեցին մասնակցել այս գործընթացին։
Հեռուստաընկերություններին տրամադրվող աջակցության հաշվարկման բանաձևը հաջորդ տարի փոխվելո՞ւ է, թե՞ ոչ։
Նախատեսում ենք, որ բանաձևը նույնն է մնալու, հնարավոր է փոխվեն քվոտաները, այսինքն կարող է փոխվի տվյալ հեռուստաընկերությանը տրվող դրամաշնորհի չափը։ Հաջորդ տարի հաշվարկման հիմքում դրվելու են արդեն 2025-ի տվյալները և նույն բանաձևով իրականացվելու է հաշվարկը։ Բանաձևում ներառված գործակիցների ազդեցության թեման արդեն փակված է։ Մենք ուզում ենք մինիմալացնել հեռուստաընկերությունների ծանրաբեռնվածությունը, որպեսզի նրանք կենտրոնանան ստեղծագործական աշխատանքի վրա։
Մարզային հեռուստաընկերություններն ի՞նչ աջակցություն են ստանալու հիմնադրամից։
Ընդհանուր համակարգն աշխատելու է հետևյալ կերպ. հանրապետական և մայրաքաղաքային սփռման հեռուստաընկերությունները արտադրելու են որոշակի հանրօգուտ բովանդակություն։ Հանրապետականները, բնականաբար, ցուցադրելու են այն ամբողջ հանրապետությունում, իսկ մայրաքաղաքային սփռման հեռուստաընկերությունների ստեղծած բովանդակությունը տրամադրվելու է նաև մարզային հեռուստաընկերություններին։ Փորձագիտական գնահատականներով մարզային հեռուստաընկերությունների արտադրական կարողությունները շատ ուժեղ չեն, ուստի որոշեցինք, որ հիմնադրամը կվճարի մարզային հեռուստաընկերություններին իրենց եթերաժամանակը գնելու համար, քանի որ դրանք մասնավոր ընկերություններ են, և մենք չենք կարող պահանջել անվճար եթեր։ Սա շատ գործընկերային մոտեցում է. նրանք ստանում են և՛ որակյալ բովանդակություն, և՛ ֆինանսական միջոցներ՝ այն ցուցադրելու համար։
Հիմնադրամի նպատակն է հեռուստաընկերությունների հետ աշխատել շատ բաց և գործընկերային միջավայրում։ Այս մոտեցման արդյունքում մեր աշխատանքը լինելու է շատ թափանցիկ և ապահովելու է ընդհանուր համերաշխության ու օբյեկտիվության սկզբունքը։
Պարոն Թևոսյան, բավականին շատ քննարկվեց այն, որ հիմնադրամը ստեղծվում է 2026 թվականի ընտրություններին ընդառաջ և կարող է օգտագործվել քաղաքական ուղերձներ հղելու նպատակով։
Նորմալ է, որ նման կասկածներ կան, բայց այս գաղափարը քննարկվում էր դեռ 2019 թվականից։ Եթե չլինեին Քովիդն ու պատերազմը, սա վաղուց պետք է իրականացված լիներ։ Մենք նորից սկսեցինք աշխատել նախագծի վրա 2023-ից, և միայն 2025-ին բերեցինք այն մակարդակի, որ 2026-ից գործարկենք։ Ես ինքս այս նախագծի վրա աշխատել եմ դեռ պատգամավոր եղած ժամանակ։
Ինչ վերաբերում է ուղերձներին, ապա խոսքը ոչ թե կուսակցական քարոզչության, այլ համամարդկային և պետական արժեքների մասին է։ Եթե պետությունը խրախուսում է կրթությունը, հանդուրժողականությունը կամ հոգատարությունը խոցելի խմբերի հանդեպ, եթե ասում է, որ թույլերին պետք է պաշտպանել, որ ուժը ամենաթողություն չի ենթադրում, սրանք թույլատրելի՞ ուղերձներ են, թե՞ ոչ։ Այս ամենի նպատակն է նպաստել առողջ հասարակության ձևավորմանը, երեխաներին հայերեն որակյալ բովանդակություն տալ, նրանց օգնել, որ տարբերակեն չարն ու բարին։ Սրանք պետության գործառույթներն են։
Այս դեպքում, երբ պետությունը մասնավոր հեռուստաընկերությանը տալիս է որոշակի դրամական աջակցություն, խմբագրական անկախությունը արդյո՞ք հարվածի տակ չի դրվում։ Օրինակ՝ եթե «TV5»-ը սուր քննադատի իշխանությանը, կարո՞ղ է զրկվել քվոտայից։
Ինչ վերաբերում է խմբագրական անկախությանը, ապա պետք է ասեմ, որ մենք ուզում ենք դրա հետ գործ չունենալ։ Եթե քննարկենք «TV5»-ի օրինակը. նրանք ունեն իրենց հստակ քաղաքական նախասիրություններն ու ուղղվածությունը, որը հիմնադրամին չի հետաքրքրում և աշխատանքային հարաբերությունների վրա որևէ կերպ չի կարող ազդել։ Հիմնադրամին հետաքրքիր է, օրինակ, այն, որ 5-րդ ալիքը 2024-ին շատ մեծ ծավալի հանրօգուտ բովանդակություն է տրամադրել մանուկներին։ Սա է մեր հետաքրքրության տիրույթը։ Ինչպես մյուս շահառու հեռուստաընկերությունները, նրանք էլ արդեն գիտեն իրենց քվոտան, որն անփոփոխ է, և հիմնադրամի հետ նախաքննարկել են շատ հետաքրքիր նախագիծ, որով անձամբ ես շատ ոգևորված եմ։ Չեմ կարծում, որ նրանց խմբագրական քաղաքականությունը դրանից հետո փոխվել է։ «TV5»-ը, մյուս հեռարձակողների պես, պետության գործընկերն է՝ որպես լիցենզավորված հեռարձակող, և հիմնադրամի համար կարևոր է, որ պետական միջոցներով արտադրված բովանդակությունը լինի որակյալ ու ծառայի իր նպատակին։
Ինչ վերաբերում է հանրային միջոցներով արտադրվելիք բովանդակությանը, ապա այս մասով այո, հեռարձակողը նախնական փուլում պարտավոր է լինելու բանակցել, խորհրդակցել և համագործակցել հիմնադրամի հետ։ Ի վերջո գործ ունենք հանրային միջոցների հետ, և բոլորիս է ձեռնտու, որպեսզի արտադրված բովանդակությունը լինի որակյալ և դիտելի։
Ինչպե՞ս և ո՞ւմ կողմից է վերահսկվելու հեռուստաընկերությունների աշխատանքի արդյունավետությունը։
Կա թիրախ, որն առաջին հերթին դիտելիությունն է. այն չպետք է պակաս լինի նախորդ տարիներին համարժեք հանրօգուտ բովանդակության դիտելիության ցուցանիշից։ Հաշվի են առնվելու ոչ միայն չափիչ ընկերության տվյալները, այլ նաև ներառվելու են Յություբում և սթրիմինգային հարթակներում եղած տվյալները։ Տարվա վերջին մենք կհասկանանք՝ արդարացրեց ծրագիրն իրեն, թե ոչ։ Բայց նաև պետք է հաշվի առնել, որ այս բովանդակությունը կարող է ցուցադրվել նաև մյուս տարիներին և ոչ պակաս դիտում հավաքել։
Եթե որևէ հեռուստաընկերության ստեղծած հանրօգուտ բովանդակության դիտելիության ցուցանիշները չբավարարեն անհրաժեշտ շեմը, այն կզրկվի՞ հետագա ֆինանսավորումից։
Չի կարող զրկվել, եթե կատարել է պայմանագրային պարտավորությունները։ Պարզապես այս տարվա դիտելիության ցուցանիշները էական ազդեցություն են ունենալու մյուս տարի քվոտաների որոշման գործընթացում։ Այս տարվա ընթացքում բյուջեն պետք է արդյունավետ սպառվի, և որոշ բաներ արդեն պետք է ցուցադրվեն։ Հնարավոր է՝ որոշ բաղադրիչներ տեղափոխվեն հաջորդ տարի, օրինակ՝ երկարատև նախագծերի դեպքում։ Մեր վերջնական նպատակն է, որ հեռուստադիտողը նայի տվյալ բովանդակությունը և ասի, որ այո՛, արժեր այս արտադրանքի համար հանրային միջոցներ ծախսել։