ՌԴ նախագահի ստորագրած օրենքը՝ Ինստագրամում գովազդների արգելափակման վերաբերյալ, կազդեն նաև հայաստանյան թվային գովազդի շուկայի վրա։ Media.am-ի հետ զրույցում հաղորդակցության և մարքեթինգի մասնագետ Հասմիկ Հարությունյանն ասաց, որ ռուսաստանաբնակ մեդիադեմքերը, ինֆլյուենսերները, փոքր, միջին և խոշոր բիզնեսները կակտիվանան Տելեգրամ և Վկոնտակտե հարթակներում։ Կփոխվի գովազդի ֆորմատը, մեսիջը, թիրախը․ կհամապատասխանեցվի այդ հարթակներին։ Թե ինչպես կազդի այս ամենը հայաստանյան թվային գովազդի շուկայի վրա, կարող եք կարդալ հարցազրույցում։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով արգելվում է որևէ ապրանք կամ ծառայություն գովազդել Ինստագրամի միջոցով։ Օրենքն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից։ Ինչպե՞ս այն կազդի դիջիթալ գովազդների վրա, հայաստանյան մեդիա դաշտի վրա ի՞նչ ազդեցություն կունենա։
Նախ պետք է ասեմ, որ այս որոշումը սպասելի էր։ Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո շատ կազմակերպություններ, այդ թվում՝ Մետան, ՌԴ-ում ճանաչվեցին որպես ծայրահեղական-ահաբեկչական։ Որոշվեց Մետա բոլոր հարթակները, ներառյալ Ֆեյսբուքը, Ինստագրամը, արգելափակել։ Մեծ դգոհություն կար թե՛ բիզնեսի, թե՛ հատկապես բլոգերների ու ինֆլյուենսերների կողմից, քանի որ բիզնեսի առաջխաղացումը կենտրոնացած էր Ինստագրամի վրա, բլոգերների, ինֆլյուենսերների եկամտի առյուծի բաժինը այս հարթակից էր կախված և այլն։
Որոշ ժամանակ անց VPN-ի օգնությամբ ՌԴ-ում արգելքը շրջանցվեց, մարդիկ սկսեցին նախկինի պես օգտագործել այս հարթակը։ Որպես ՌԴ քաղաքականության շարունակություն բերվեց Գովազդի օրենքում փոփոխությունների շարք, որով նաև պետք է Ինստագրամում և ֆեյսբուքում գովազդը պիտակավորվեր հստակ նշված պիտակներով, հետո արգելվեց, որպեսզի բիզնեսը համագործակցի արտասահմանյան գործակալ ճանաչված մարդկանց հետ և նրանց գովազդ կամ որևէ կարգի համագործակցություն պատվիրի: Այս օրենքով էլ, առհասարակ, կարգելափակվի գովազդի հնարավորությունը Ինստագրամում բոլորի համար։
Կանխատեսելով, որ Ինստագրամում գովազդն առհասարակ արգելափակվելու է, մարքեթինգի մասնագետները խորհուրդ էին տալիս չսահմանափակվել մեկ-երկու սոցհարթակներում ներգրավվածությամբ, ունենալ ներկայացվածություն բոլոր հարթակներում, որպեսզի օրենքի ընդունումից հետո բիզնեսը, անձը ստիպված չլինի սկսել զրոյից։
Փոփոխություններ, բնականաբար, կլինեն։ Ռուսաստանաբնակ մեդիադեմքերը, ինֆլյուենսերները, փոքր, միջին և խոշոր բիզնեսները կակտիվանան Տելեգրամ և Վկոնտակտե հարթակներում։ Կփոխվի գովազդի ֆորմատը, մեսիջը, թիրախը․ կհամապատասխանեցվի այդ հարթակներին։
Այս փոփոխություններն, անշուշտ, վերաբերում են նաև բոլոր այն հայկական ընկերություններին, որոնք ծառայություն են մատուցում Ռուսաստանում։ Իրենց SMM (սոցիալական ցանցերում մեդիա մարքեթինգ) ռազմավարությունները պետք է փոփոխության ենթարկեն նաև Հայաստանում գործող այն ընկերությունները, որոնք տեղից SMM ծառայություններ են մատուցում ռուսական ընկերությունների կամ ռուս բլոգերների համար։ Պետք է հաշվի առնեն, որ կարող են սանկցիաների տակ ընկնել, եթե խախտեն օրենքը։
Սա իսկապե՞ս մեծ խնդիր է բիզնեսի համար։ Նախորդ օրենքն էլ խախտվում էր։
Եթե օրենքը խախտվի և Ինստագրամում միացվի գովազդ, վարչական պատասխանատվության կենթարկվեն թե՛ գովազդատուն, թե՛ գովազդողը, թե՛ գործակալությունը, որով բիզնեսն ու մեդիադեմքը կապ են հաստատել միմյանց հետ: Ֆիզիկական անձանց պարագայում տուգանքը սկսում է 2.500 ռուսական ռուբլուց, իսկ գրանցված ընկերությունների համար՝ 500.000 ռուբլի է սահմանված։ Կային նման զրույցներ, որ այդ 2500 ռուբլի տուգանքը կներառեն ծախսերի մեջ ու կշարունակեն գովազդել, բայց իրավաբաններն ասում են, որ հաճախակի խախտումների պարագայում հավանականությունը, որը օգտատերը կարող է արգելափակվել Ինստագրամում և նրա գործունեությունն ընդհանրապես արգելվի, նույնպես մեծ է։ Հոդվածը քրեական հետապնդում չի ենթադրում, սակայն կա կարծիք, թե՛ մարքեթինգի մասնագետների, թե՛ իրավաբանների կողմից, որ բոլոր հնարավոր մեթոդները կկիրառվեն, որպեսզի հնարավորինս սահմանափակվի գովազդի առկայությունը Ինստագրամում:
Ասացիք, որ կփոխվի գովազդի ֆորմատը, թիրախը, մեսիջը։ Ֆորմատի և թիրախի փոփոխությունը հասկանալի է, դրանք պետք է համատասխանեցվեն Տելեգրամին և Վկոնտակտեին, իսկ մեսիջի փոփոխությունն ի՞նչ է ենթադրում։
Կավելանա նեյթիվ (բնականոն) գովազդի քանակը։ Այսինքն՝ բլոգերն արդեն անթաքույց չի գովազդի, չի հայտարարի, որ ապրանքը կամ ծառայությունը գովազդում է, պարզապես ձեռքը բռնած կնկարվի կամ կխոսի դրա մասին՝ առանց անունը տալու։ Գովազդը ենթադրում է կոչ, որպեսզի մարդիկ գնեն, տրամադրվում է հղում՝ որտեղից գնեն, ներկայացնում է տվյալ ապրանքի առավելությունները մյուսների համեմատությամբ: Իսկ նեյթիվ գովազդը կոչ չի պարունակում, այն մաքսիմալ թաքնված է։ Նման գովազդը հսկելի չէ, մարդը կարող է ասել, որ պարզապես օգտվել է ապրանքից կամ ծառայությունից ու որոշել պատմել իր էջում։
Օրենքը մի մտահոգության առիթ ևս տալիս է․ քանի որ դեռևս հստակ չէ, թե օրենքն ինչպես է գործելու ու ինչ մեխանիզմով են հետևելու, կարող է գործել անարդար մրցակության գործոնը։ Բլոգերները կարող են իրար դեմ հայցեր ներկայացնել ոստիկանություն՝ պահանջելով ենթարկել պատասխանատվության գովազդի համար ու այդպիսով ազդեն այդ մարդու վարկանիշի ու ակտիվության վրա։ Չի բացառվում, որ այն բլոգերները, ովքեր ունեն հեյթերների մեծ բանակ, նրանք նույնպես դիմեն ոստիկանություն:
Հայաստանյան ո՞ր ընկերություններն են ավելի ակտիվ ռուսական շուկայում։
Դրանք հիմնականում բանկերն են, որոնք ֆինանսական փոխանցումներն են գովազդում, մթերքի արտահանողները, հյուրանոցային ոլորտն է, որը զբոսաշրջիկներին ներգրավելու համար ռուս բլոգերներից գովազդ է գնում։ Եթե բիզնեսը համաչափ աշխատել է բոլոր սոցհարթակները զարգացնելու ուղղությամբ, մեծ խնդիրներ չի ունենա, բայց եթե օրինակ Տելեգրամում առհասարակ ներկայացված չեն եղել ու հիմա նոր պետք է էջ բացեն ու աճեն, իհարկե, դժվարություններ կունենան։ Կունենանք նոր իրականություն՝ նոր մարտավարությամբ։
Հայաստանյան դիջիթալ տիրույթը, որպես ռուսալեզու բովանդակության սպառող, և՞ս փոփոխությունների կենթարկվի։
Հայ օգտատերերը, եթե ունեն ռուսական սիրելի հաղորդումներ, բլոգերներ, փոդքասթեր, դրանց հետևից կգնան Տելեգրամ ու Վկոնտակտե։ Այս հարթակներում կակտիվանան նաև օրինակ Վայլդբերիսից գնումներ անողները, որովհետև բլոգերներից են իմանում այս կամ այն ապրանքի մասին, օգտվում են նրանց տրամադրած զեղչի պրոմոկոդերից, դիտում են ակնարկներ ապրանքի մասին։
Ինչո՞ւ է դիջիթալ գովազդն այսքան պահանջված։ Մարդիկ քննարկում են անգամ տուգանքները վճարելու կամ որևէ կերպ դրանք շրջանցելու եղանակները, բայց չեն դիտարկում գովազդի այլ տեսակները, օրինակ՝ իմեյլ-մարքեթինգը կամ օֆլայն մարքեթինգը։
Աշխարհում է այդպես․ ամենահզոր զենքը դա սոցիալական մեդիայով գովազդն է ու հատկապես ինֆլյուենսեր մարքեթինգն է։ Վստահություն ունեցող մարդիկ լավագույնս են վաճառում ապրանքը, ծառայությունը։ Սոցցանցերը հնարավորություն են տալիս վաճառել ոչ միայն որակը, առավելությունները, այլև՝ էմոցիաները։ Մարդիկ գնում են այդ թվում՝ բլոգերի պես ուրախանալու, զարմանալու, բլոգերի ապրումներն ունենալու համար։
Իհարկե, սա չի նշանակում, որ բոլոր բլոգերների գովազդն է արդյունավետ։ Մեր իրականության մեջ ես հաճախ լսում եմ բիզնեսից դգոհություններ, որ մեծ լսարան ունեցող բլոգերներին գովազդ են պատվիրել ու նրանց գովազդն առհասարակ չի աշխատում՝ ոչ վաճառքներ են գրանցվում, ոչ էլ հետևորդների քանակն է աճում։ Դա նշանակում որ ուղղակի սխալ մարդ է ընտրվել տվյալ գովազդի համար և մեդիադեմքի թիրախային լսարանը չի համապատասխանում տվյալ բիզնեսին:
Պետք է բավական լուրջ մոտենալ բիզնեսի համար ինֆլյուենսեր կամ բրենդ ամբասադոր ընտրելու հարցին: Այսօր ամբողջ աշխարհում մարքեթոլոգները խորհուրդ են տալիս, որ ինֆլյուենսեր ընտրելիս միայն հետևորդների քանակով կամ տարածումներով չառաջնորդվել: Ցավոք, Հայաստանում դեռևս շատ չի գործում, սակայն Արևմուտքում բավական արդյունավետ է աշխատում, միկրոբլոգերների հետ համագործակցությունը, ովքեր ունեն մի քանի հազար հոգանոց լսարան, բայց այդ լսարանը լոյալ է, գովազդները թիրախային են, իսկ գումարը՝ մատչելի։