Տիգրանուհի Մարտիրոսյան
Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի նախաձեռնությամբ մարտի 29-ին Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո Հայաստանում ավանդական ու սոցիալական մեդիայում շատ են քննարկումները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց նկատմամբ ատելության խոսքի աճի մասին։ Արցախցի լրագրող Տաթևիկ Խաչատրյանը հավաքագրում է սոցիալական ցանցերում ու լրատվամիջոցներում արցախցիների նկատմամբ վիրավորական գրառումները, թշնամանք, խտրականություն հրահրող մեկնաբանությունները՝ գլխավոր դատախազությանը ներկայացնելու և դրանց ընթացք տալու համար։  

Media.am-ի հետ զրույցում լրագրողն ասաց, որ մեծ հույսեր ՀՀ իրավապահ մարմինների հետ չի կապում, քանի որ կարծում է, որ հենց իշխանություններն են լեգիտիմացրել ատելության խոսքի տարածումը, բայց միաժամանակ շեշտեց, որ իրենք չեն լռելու, լինելու են հետևողական, որպեսզի պաշտպանեն իրենց իրավունքները։  

Որտե՞ղ է ամենից հաճախ հանդիպում ատելության խոսքը արցախցիների նկատմամբ։ 

Երբ նոր էինք տեղահանվել, մեր նկատմամբ ատելության խոսք կար սոցցանցերում գրանցած առանձին օգտատետերի խոսույթում, անվստահելի, ցածրորակ լրատվականների մեկնաբանություններում։ Բայց իրավիճակը փոխվեց, ՀՀ իշխանությունները ատելության խոսքը տարածելու կանաչ լույս տվեցին, լեգիտիմացրին ու այն տարածվեց, դարձավ ավելի մասսայական, ընդհուպ դուրս եկավ համացանցային տիրույթից իրական կյանք։ Տեսնելով, որ բազմաթիվ լսարան ունեցող, այդ թվում՝ պաշտոնատար անձինք իրենց խոսքում ատելություն են քարոզում, օրինակ, ասում են, որ ղարաբաղցիները փախան, մարդիկ մտածեցին, որ իրենց էլ կարելի է, որ իրենք էլ կարող են նման մտքեր տարածել ու իրավիճակը ավելի սրվեց, առօրյա կյանքում էլ սկսեցինք բախվել դրան։  

Առօրյա կյանքում ի՞նչ բնույթ ունի ատելության խոսքը, ինչպե՞ս է արտահայտվում։ 

Իմ արցախցի գործընկերներից մեկը միշտ ասում էր, որ պետք չէ կենտրոնանալ բացասական երևույթների վրա, որ ատելության խոսքը ավելի քիչ տեղ ունի կյանքում, քան՝ աջակցությունը, որ պետք է կիսվել լավ օրինակներով․․․ Բայց, հենց ինքը երկու անգամ բախվեց ատելության դրսևորման ու փոխեց իր կարծիքը։  

Մի անգամ լսել է, թե ինչպես է տղամարդն իր երեխային ասում՝ «ղարաբաղցին շուն է, ղարաբաղցու պես չլինես»: Մի անգամ էլ վերջերս գարեջրատան ռուսատառ անունն է նկարել ու միանգամայն դրական կոնտեքստով հումորային գրառում արել դրա առնչությամբ։ Մարդիկ գրառման տակ սկսել են նշել լեզվի տեսչությանը և վերջինս տուգանք է նշանակել գարեջրատանը ոչ հայատառ անվան համար, ինչից հետո գործընկերս ամեն անգամ նույն տեղով անցնելիս ստանում է մեղադրանքներ իր հասցեին, ընդ որում՝ ոչ միայն գարեջրատան տիրոջ կողմից, ում թույլտվությամբ նկարել էր անվանումը, այլև թաղամասում հավաքվածների կողմից, ովքեր մեղադրում են վերջինիս, ասելով՝ «ձեր Ղարաբաղում հայերեն էլ չէիք խոսում, թուրքերեն էիք խոսում, հիմա եկել ռուսերենի համա՞ր եք պայքարում», «ձեր հողերը հանձնել եք եկել, մերն եք ուզում հանձնել» և այս կարգի կարծրատիպային այլ վիրավորանքներ։  

Կա տեսակետ, որ ատելության խոսքի մասին խոսելը ևս ատելության խոսքի տարածում է, ինչի հետ ես համաձայն չեմ։ Կարծում եմ, որ այս երևույթի մասին ամեն օր պետք է խոսել, որպեսզի ձևավորվի հանրային պարսավանք։ Քողարկելը որևէ կերպ չի օգնի խնդրի լուծմանը։ Պոզիտիվ լրագրությունն ինքնին լավ բան է, բայց երբ այն վերածվում է իրականության կեղծ արտացոլանքի, երբ խոսում ենք դրական փորձառությունից ու անտեսում բացասականը, այս դեպքում լրագրությունը ոչ միայն չի օգնում, այլև խանգարում է խնդրի լուծմանը:

Շատ արցախցիներ դժվարությունների են հանդիպում տուն վարձակալելիս, որովհետև կան տանտերեր, որ ասում են «արցախցիներին չենք տալիս»։ Շատ երեխաներ լացելով են դպրոց գնում, որովհետև այնտեղ բուլինգի են ենթարկվում արցախցի լինելու հանգամանքով պայմանավորված։ Դպրոցի ուսուցիչը կանգնում դասարանում ասում է՝ դուք փախաք, գնացիք, երեխաներն էլ շարունակում են ուսուցչի խոսույթը տիրաժավորել որպես հեղինակավոր կարծիք իրենց համար։ Մեծահասարկներն էլ, շատերը կան, որ չեն ինտեգրվում աշխատանքային կոլեկտիվում, ամեն օր սթրես են ապրում աշխատավայր գնալիս, որովհետև ատելության խոսքը դադարել է համացանցային իրողություն լինելուց, այն մտել է մարդկանց առօրյա բառապաշար, որով թողտվություն է տրված նվաստացնել փախստականին և չզգալ խղճի խայթ, որովհետև դա արդեն ընդունված պրակտիկա է:

Ասացիք, որ իշխանություններն իրենց խոսույթով լեգիտիմացրին ատելության խոսքի տարածումը։ Ո՞ր խոսքերն են դրան նպաստել։  

Ամենաբարձր ամբիոնից խոսվում է այն մասին, որ ղարաբաղցիները մսացու են, որ հանրահավաքների մատերիալ են, որ մի օր էլ չկռվեցին ու փախան Հայաստան և այլն։ Մեղավորներ միշտ պետք են և, օրինակ, Ադրբեջանի պես բռնապետական երկրում իշխանությունից ուշադրությունը շեղելու ձևը հայատայացությունն է, կա արտաքին թշնամի, որի դեմ պետք է պայքարել և ներքին թշնամիներին հերթ չի հասնում: Հայաստանի իշխանությունները քանի որ այլ քաղաքականություն են որդեգրել՝ Ադրբեջանի հետ լավ հարաբերություններ կառուցելու, խաղաղության և այլն, արտաքին թշնամու կերպար չեն կարողանում օգտագործել, մի ժամանակ ընդդիմությանն էին օգտագործում այդ դերի համար, հիմա դա էլ է իրեն որոշակի սպառել, ուստի 2023-ից հետո իրենք թշնամու կերպար դարձրին արցախցուն, ով մեղավոր է, որ Հայաստանում աղքատության բարձր ցուցանիշի, անվտանգության և մյուս բոլոր խնդիրների համար:

Կենցաղային մակարդակի թեզեր են շրջանառում, թե 30 տարի մեր հաշվին ապրել եք, հիմա եկել եք ձրիակերի պես մեր հաշվին եք ուզում ապրել․․․ Ամաչում եմ այս պրիմիտիվ թեզերի համար։ Ամաչում եմ, որ ատելության քարոզը նման մակարդակի խոսույթների շուրջ է պտտվում անգամ հանրային բարձր մակարդակում։ 

Ես առանձնացնում եմ պարզապես իշխանության խոսույթը, քանի որ նրանք են երկրի ղեկին, նրանք են պատասխանատու մթնոլորտի համար, նրանց ձեռքում են վարչական լծակները։ Իրավիճակն այնքան լարված է, որ երկարատև արունակության դեպքում այս հողի վրա կարող է մի օր էլ մինչև անգամ եղբայրասպանություն տեղի ունենալ։ Արդյոք սա՞ է մեր նպատակը։  

Լրատվամիջոցներում ինչպե՞ս է արտահայտվում ատելության խոսքը։  

Գրեթե ամեն օր իշխանամետ լրատվամիջոցները ատելություն են տարածում։ Կանչում են հարցազրույցի իշխանական թևի որևէ ներկայացուցչի, ով ասում է, թե որևէ ատելության խոսք չկա, հետո վերջում մի նախադասությամբ հերքում է ողջ հարցազրույցի բովանդակությունը։ Պետրոս Ղազարյանը Հանրայինի տաղավարում Գեղամ Ստեփանյանի հետ էր հարցազրույց անում, ընթացքում հնչեցնելով բոլոր մեզ հայտնի աբսուրդ և պրիմիտիվ հակաարցախյան խոսույթները: Հարցազրույցի վերջին հատվածում էլ ասում է՝ եթե արցախցիների իրավունքներից խոսենք, Ադրբեջանը կհարձակվի մեզ վրա, արդյո՞ք դա են ուզում արցախցիները և հավելեց. «Մենք պետք է հիմա Հայաստանի հարցը լուծենք, հետո նոր՝ ձերը»: Այս հարցազրույցի ընթացքում այդպես էլ չտեսանք առողջ հարցեր, տեսանք միայն խտրականություն ու թիրախավորում արցախցիներին: Սա հիանալի օրինակ է լրագրության ֆակուլտետի ուսանողներին սովորեցնելու համար, թե ինչպիսին չի կարելի և չպիտի լինի լրագրությունը, մասնավորապես՝ թե ինչպես չի կարելի երբեք ու երբեք հարցազրույցներ անել:

Խաչմերուկ

Տեղահանության սկզբնական շրջանում մտածում էինք, թե ֆեյքերն են ատելության խոսք տարածում, բայց երբ սկսեցինք հավաքագրել, տեսանք, որ իրական օգտահաշվիներն ավելի շատ են։ Իրական մարդիկ են՝ իրենց թոռնիկների հետ նկարներով, ընտանիքի անդամների հետ նկարներով, «Աստված պահապան» գրություններով, բայց ովքեր սեռական հայհոյանքներ, անեծքներ են գրում իրենց բռնի տեղահանված հայրենակիցների հասցեին։  

Մենք հավաքագրում ենք ատելության խոսքը, մենք լինելու ենք հետևողական, չնայած՝ հույս չունենք, որ որևէ մեկին կենթարկեն պատասխանատվության, բայց համենայնդեպս ձեռքներս ծալած չենք նստելու, մեր ուժերի սահմաններում պայքարելու ենք ատելության խոսքի ու խտրականության դեմ։

Չի կարելի այս երևույթի վրա աչք փակել, որովհետև չմոռանանք, որ ատելության խոսքը ծնում է ատելության խոսք։ Որպես ինքնապաշտպանություն արցախցիներն էլ սկսում են փոխադարձ վիրավորել, ասում են՝ «դուք էլ մեր օրը ընկնեք, թող Հայաստանում էլ մի բոմբ ընկնի, տեսնենք՝ ինչ եք անելու»։ Եթե դու ամեն ինչ կորցրած մարդուն անընդհատ մեղադրում ես նրա համար, որ փախել է, որ չի կռվել, որ իր հայրենիքը չի պաշտպանել, թեև նա իր որդուն, եղբորը կամ որդուն է կորցրել պատերզմում, նա էլ վաղ թե ուշ հնարավոր է փոխադարձի ատելությունը ու քեզ կմաղթի, որ իր վիճակում հայտնվես ու գոնե այդպիսով իրեն հասկանաս։ Ջերմուկի դեպքերի ժամանակ էլ մարդկանց տեղահանեցին, որ մարդիկ չմնան կրակոցների տակ, բայց ոչ մեկ նրանց մասին չասաց չէ՞՝ «Ջերմուկից թռնողներ, հայրենիք հանձնողներ» և այլ ցնդաբանություններ: 2023-ի տեղահանության օրերին զինված ադրբեջանցիները քայլում էին Ստեփանակերտով, Մարտակերտով, Մարտունիով ու մյուս հայկական բնակավայրերով, իսկ մենք անզեն մարդուն մեղադրում ենք, որ չի՞ պայքարել ու փախե՞լ է։  

Ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվում հավաքագրման ժամանակ։ Ինչպե՞ս եք տարանջատում՝ ո՞րն է ատելության խոսք, որը վիրավորանք, որը թշնամանք հրահրող։ 

Սովորաբար մի գրառումը, մի մեկնաբանությունը բոլոր տարրերն էլ պարունակում է։ Մենք պետք է պայքարենք երևույթի դեմ, որ իբր իրենք ուրիշ են, արցախցին՝ ուրիշ։ Մարդիկ կան, որ իսկապես անկեղծորեն հավատում են, թե Արցախում մենք ադրբեջանցիների հետ լավ ապրում էինք, որ ադրբեջաներենով էինք շփվում Արցախում։ Սա տարիների քարոզչության արդյունք է, որը պետք է մի օր արմատախիլ արվի։  

«Սրբազան շարժման» ժամանակ լուրեր էին տարածում, թե արցախցիները փողի դիմաց հանրահավաքների են մասնակցում ու մեր հարկերի հաշվին գործող հանրային հեռուստատեսությունը այս թեմայով հակաարցախյան քարոզչական ռեպորտաժներ էր պատրաստում՝ կից ռուբլու նկարներ էկրանին ցուցադրում՝ ի աջակցություն այն թեզի, թե արցախցին ռուսի ստրուկ է, որ ռուսին հավատաց և հիմա էլ ռուսի կողմից ֆինանսավորվում է Հայաստանը կործանելու համար: 

Օրինակները շատ են, չեմ ուզում մանրանալ բոլորի մեջ։ Հույս ունեմ, որ մարդիկ կհասկանան, որ մեր տարրական գոյության իրավունքն է հարցականի տակ դրված այսօր, իշխանություններն իրենց ձախողված քաղզքականությամբ արցախցուն մուրացկան են դարձնում՝ կրճատելով բնակվարձերը, հասանելի չդարձնելով բնակապահովման ծրագիրն ու կոռուպցիոն ռիսկեր պարունակող զբաղվածության փսևդածրագիր անելով։ Այս ամենը մեզ տեղ է տալիս մտածելու, որ իրենք ուզում են արցախցիներիս դրդել արտագաղթի։ 

Ատելության սերմեր նետելու փոխարեն ես ուզում եմ, որ մենք միավորվենք, իրար աջակցենք, չդառնանք ատելություն սերմանողների ծրագրի զոհը։ Պաշտոնյաները, ովքեր առերևույթ ատելություն են տարածում իրենց հանրային խոսքում, պետք է հեռացվեն պաշտոններից, հանրությունը պետք է անհանդուրժող լինի այս տեսակի նկատմամբ, ոչ թե այն աստիճանի ամենաթողություն լինի, որ իշխող ուժը առանց աչք թարթելու Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածություն ներկայացնի ամենաարցախատյաց գործիչներից Ալեքսանդր Սիրունյանին, ում ֆեյսբուքյան գրառումների մեծ մասը 2023-ից հետո նվիրված էր արցախատյացությանը, որի քարոզն անելիս նա անգամ չէր խորշում սեռական բնույթի և ոչ մի հայհոյանք կիրառելուց: