Տիգրանուհի Մարտիրոսյան
Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ
Վահրամ Թոքմաջյան

Լրագրողը պարտավոր չէ լինել պրոֆեսիոնապոլիլ պատմաբան, բայց ունի պատասխանատվություն լսարանի հանդեպ՝ խորքային ուսումնասիրել հրապարակվող նյութը, հատկապես, եթե այն զգայուն թեմաներին է վերաբերում։ Media.am-ի հետ զրույցում այս մասին ասաց պատմաբան Վահրամ Թոքմաջյանը։ Նա նշեց, որ պատմական աղբյուրներին կամ փաստերին հղում անելն, իհարկե, կարևոր է, բայց ավելի կարևոր է այն, թե ինչպես է լրատվամիջոցը մատուցում պատմական փաստը, որ կոնտեքստում է այն օգտագործում՝ մանիպուլիացիայի համա՞ր, թե համոզիչ խոսքի։

Մանրամասները՝ Վահրամ Թոքմաջյանի հետ հարցազրույցում։ 

 Վերջին շաբաթվա ընթացքում «Ազատություն» ռադիոկայանը հայտնվել է քննարկման կենտրոնում։ Լրատվամիջոցի հասցեին մեղադրանքներ են ուղղում, որոնցից մեկը՝ պատմական փաստերի խեղաթյուրումն է։ Որպես պատմաբան, հետաքրքիր է իմանալ, նման մեղադրանքը լրատվամիջոցների նկատմամբ տեղի՞ն եք համարում, ի՞նչ ասել է՝ պատմական փաստի խեղաթյուրում։  

Ցանկացածը, որը հրապարակային արտահայտվում է, պետք է հաշվի առնի պատմական փաստերը, որոնց շուրջ կառուցում է իր հանրային խոսքը, մտքեր է արտահայտում, կարծիք է հայտնում։ Բայց արդյոք նրանք, որոնք մեղադրում են մեկին պատմական փաստերը խեղաթյուրելու մեջ, չե՞ն խեղաթյուրում պատմական ու առօրյա փաստերը, փաստերը, որոնք տեղի են ունենում մեր աչքի առաջ։   

«Ազատությանը» մեղադրում են պատմական փաստի խեղաթյուրման մեջ մի լրատվամիջոցի միջոցով, որը խեղաթյուրում է ցանկացած փաստ։ Սա քաղաքականություն է, պատմությունն այստեղ կապ չունի, պատմությունը քաղաքական հաշվեհարդարի հիմնային գործիք է։   

Ցավոք, պարկեշտության սահմաններն անցել են․ քննադատում և թիրախավորում են նրանք, որոնք հայտնի են դարձել այդ թվում «Ազատության» շնորհիվ, բայց սա մեկ այլ զրույցի թեմա է։   

Ավանդական մեդիան, ցավոք, ազատ չէ, շատ լրատվամիջոցներ եղել ու մնում են այս կամ այն անձանց կամ քաղաքական ուժերի ազդեցության գոտում և պատմական փաստերն էլ ներկայացնում են այդ անձանց կամ ուժերի ճաշակի թելադրանքով։ Սա նորություն չէ։ Դեռ Հին Հռոմում, երբ տարածվում էին առաջին թերթոնները, որոնք պատմում էին Հռոմի ժողովուրդի առօրյայի մասին, ունեին հովանավոր։ Հետևաբար, պատմական փաստը խեղաթյուրվում է քաղաքական շահից դրդված, այդ թվում՝ լրատվամիջոցների օգնությամբ։   

Ինչ վերաբերում է Ձեր հարցին՝ թե ո՞րն է պատմական փաստը։ ԱՄՆ պետդեպի արխիվը պատմական փա՞ստ է, իհարկե պատմական փաստ է, բայց ոչ ամբողջական։ Հովհաննես Դրասխանակերտցու, Մովսես Խորենացու հաղորդածնե՞րն են պատմական փաստ։ Իսկ ո՞վ ասաց, որ նրանց պատմությունն արդեն իսկ խեղաթյուրված չի հասել մեզ և հետազոտողներից երկար ժամանակ է պահանջվել իրերը տեսքի բերելու համար։ Բայց չէ՞ որ այդ մարդիկ մեղավոր չէին ու պատմությունը գրելիս չունեին ժամանակակից գործիքներ։ 

Այդ դեպքում ո՞ւմ պետք է որպես աղբյուր օգտագործի լրատվամիջոցը, որ չդառնա թիրախի կենտրոն։   

Կան փաստեր, որոնք համեմատական մեթոդներով, այլ աղբյուրների ստուգաբանությամբ հաստատված են, փաստարկված են։ Կան պաշտոնական փաստաթղթեր, կան տեսագրություններ, ձայնագրություններ։ Խոսքը ոչ թե պատմական փաստի մասին է, այլ այն մասին, թե ինչպես կմատուցես պատմական փաստը, ինչպես այն կներկայացնես, որ կոնտեքստում, կօգտագործես այն՝ մանիպուլիացիայի համա՞ր, թե խոսքդ համոզիչ դարձնելու։ Սա է հարցը։ Լրագրողի ու լրատվամիջոցի պատասխանատվությունը այս դաշտում է, խնամքով մոտենալ այդ փաստերին և թույլ չտալ, որ դրանց միջոցով մարդկանց մանիպուլացնեն։   

Լրագրողը պարտավոր չէ լինել պրոֆեսիոնալ պատմաբան, բայց ունի պատասխանատվություն լսարանի հանդեպ՝ խորքային ուսումնասիրել հրապարակվող նյութը, հատկապես, եթե այն զգայուն թեմաներին է վերաբերում։ Քանի որ խոսեցինք «Ազատության» մասին, ասեմ, որ որևէ արտառոց բան չեմ տեսնում, լրագրողն այս տեսանկյունից մանրակրկիտ աշխատել է և այլ հարց է, որ գուցե նյութը որոշ շրջանակների ճաշակով չէ։   

Պետք է հաշվի առնել նաև մի բան, որ մենք նախընտրական քարոզարշավի փուլում ենք, չհայտարարված, ոչ պաշտոնական, բայց նախընտրական պայքարի մեջ ենք, և լրատվամիջոցներն այս ժամանակահատվածում հատկապես թիրախի կենտրոնում են։ Մեդիայի նկատմամբ հարվածները բոլոր նախընտրական շրջաններում ակտիվանում են, արշավները մեկնարկել են և սրան պետք է պատրաստ լինել։ Հեղինակություն ունեցող, կայուն լսարան ձևավորած լրատվամիջոցների խոսքը փորձ է արվել ու արվելու հեղինակազրկել, հանրության աչքի առաջ նրանց դարձնել անլուրջ, նվազեցնել վստահությունը։   

Ցանկացած իշխանություն, որը իր հեղինակության ամենացածր շեմին է, իսկ Հայաստանի իշխանությունն այդպիսին է, անգամ Նոյեմբերի 9-ից հետո ՀՀ իշխանության ռեյտինգն այսքան ցածր չի եղել, ի՞նչ պետք է անի, պետք է ծաղրուծանակի վերածի ընտրական գործընթացը, կլոունադայի պետք է վերածի քաղաքական պրոցեսները։ Իսկ դա հնարավոր է անել լրատվամիջոցներին ներքաշելով։   

Ինչո՞ւ։ Ավելի հե՞շտ է թիրախավորել լրատվամիջոցներին, քան քաղաքական բանավեճ վարե՞լ։  

Այո, քաղաքական բանավեճի համար քաղաքական բովանդակություն է պետք։ Լրատվամիջոցներն այն հարթակն են, որոնք քիչ թե շատ քաղաքական երկխոսություն ու օրակարգ են թելադրում, իսկ ցանկացած իշխանություն, որի ռեյտինգը կորի ստորին կետում է, քաղաքական կլոունադա է ուզում։ Ուզում են, որ մարդիկ բոլորից զզվեն, որ ասեն՝ դե մեկ է, բան չի փոխվի, գնան էլի իրենց ընտրեն, իրենք էլ վերարտադրվեն։ Սա բազմաթիվ երկրներում կիրառված տեխնոլոգիա է։   

Պարոն Թոքմաջյան, մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ լսում ես քաղաքական բոլոր ճամբարներն ունեն իրենց փաստերը՝ հիմնավորելու իրենց ճշմարտացիությունը։ Երեք նախագահ ենք ունեցել, երկրի ղեկավար վարչապետ ունենք, նույն հարցի վերաբերյալ երեքն էլ տարբեր փաստեր ունեն։ Ինչպե՞ս կողմնորոշվեն լրատվամիջոցներն այս պայմաններում։   

Պատճառը տեղեկատվության պակասն է, բանակցային ողջ գործընթացի չհրապարակված լինելը։ Ամենավատն այն է, որ այն ինչ տեսնում ենք՝ վերջը չի։ Յուրաքանչյուրն ունի իր «ոսկյա կոմպրոմատների փունջը», որը դեռ չի հրապարակել, ամեն մեկն ունի իր անձնական արխիվը, սպասում է հարմար պահի, որ այն հրապարակի։

Երբ Ռոբերտ Քոչարյանը իր վերջին ասուլիսի ժամանակ հայտարարում էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանին երբեք շեֆ չի ասել, հաջորդ օրն իսկ սոցցանցերում հրապարակվեց մի տեսանյութ, որտեղ Ռոբերտ Քոչարյանը խորին շնորհակալություններ էր հայտնում Տեր–Պետրոսյանին։ Այդ տեսանյութը նախկինում հրապարակված չէր կամ գոնե ես, հետաքրքրված լինելով, այն չէի տեսել։ Հրապարակվեց կամ թարմացվեց, երբ դրա առիթը եղավ։ Պատկերացնո՞ւմ եք, թե երեք տասնամյակների ընթացքում որքան նման տեսանյութեր ու նյութեր կան, որոնք հրապարակված չեն եղել ու սպասում են իրենց հերթին։    

Ամեն մեկն ունի իր քաղաքական գիծը արդարացնող, սպասարկող, հիմնավորող, ինչպես կուզեք անվանեք, «կոմպրոմատների փունջ» և այո, լրատվամիջոցների համար, հանրության համար դժվար է կողմնորոշվել այս իրավիճակում։ Իրավիճակը նման է հայտնի ֆիլմի դրվագին, երբ դատարանը վճիռ է կայացնում մի տեսանյութի հիման վրա, որտեղ կնոջ գլխին պոլիէթիլենային տոպրակ կար եւ նա մահանում է։ Այդ ամենը տեսագրված էր։ Գործընկեր տղամարդուն, որը կա տեսանյութի մեջ, մեղադրում են սպանություն կատարելու համար։ Իսկ երբ տղամարդուն դատապարտում են մահապատժի եւ այն իրագործում, արդեն հայտնվում է տեսանյութի ամբողջական տարբերակը, որտեղ երևում է, որ տոպրակն իր գլխին կինն էր հագել ու տեղի էր ունեցել ինքնասպանություն։ Լրագրողներն ու հետազոտողները նույն իրավիճակում են, չունեն ամբողջական բազան, վերլուծություններ են անում եղածի հիման վրա ու ցանկացած հրապարակված նոր դրվագ, այո, փոխում է վերլուծության նյութը։ Այս տեսանկյունից ցանկացածը խոցելի է, ցանկացածին կարող ես մեղադրել կանխակալության մեջ։  

Դեմք, հասցե ունեցող լրատվամիջոցներն այս պայմաններում կարող են անել միայն մեկ բան՝ խոսք տալ, հարթակ տալ նրանց, ովքեր իսկապես այդ հարցի գիտակն են։ Այն լրատվամիջոցները, ովքեր դիրքավորվել են որպես անկախ, չեն ուզում սպասարկել ընդդիմությանը կամ իշխանությանը, շատ զգույշ պետք է ընտրեն իրենց բանախոսներին, որպեսզի չմոլորվեն ու մարդկանց էլ չմոլորեցնեն։   

Ծավալվող քննարկումներից տպավորություն է, որ 60-70 տարի անց գրվող պատմության հիմքում միայն լրատվամիջոցների հրապարակումներն են որպես աղբյուր ծառայելու։ Արդյոք այդ բեռը լրատվամիջոցների ուսերի՞ն է։  

Ոչ, լրատվամիջոցները աղբյուրներից մեկն են։ Աղբյուր են հրապարակային հայտարարությունները, պաշտոնական կայքերը, որոշումները, հրամանները, Յություբը, տեսագրությունները, սոցիալական հարթակներում գրված գրառումները, մեկնաբանությունները և այլն։ Լրատվամիջոցները համեմատական աղբյուր են։ Երբ ես նախագահների խոսույթն էի հետազոտում Հայոց Ցեղասպանության վերաբերյալ, լրատվամիջոցներին դիտարկում էի որպես աղբյուրներից մեկը, հիմնական աղբյուրը՝ նախագահների բաց հայտարարություններն են, ելույթները, ուղերձները։  

Լրատվամիջոցները օգնում են հասկանալ տվյալ ժամանակաշրջանի տրամադրությունները։ Ես կարդում էի «Հայաստանի Հանրապետություն», «Երկիր», «Առավոտ», «Հայք», որ հասկանամ, թե պաշտոնական դիսկուրսի կողքին ինչ քննարկումներ էին ծավալվում։ Սա է համեմատական մեթոդը։  

ԳԱԱ-ում շարադրվում է նորագույն պատմությունը և եթե նա, ով գրում է այդ պատմությունը, ցուցաբերի պրոֆեսիոնալ մոտեցում, բնականաբար, լրատվամիջոցներին կօգտագործի որպես համեմատական աղբյուր։ Հակառակ դեպքում, մենք տարիներ անց պատմության գրքերում Մարտի 1-ի իրադարձությունների մասին, օրինակ, կունենանք մի պատկեր, որն ըստ պաշտոնական նարատիվի «նարկոմանների, հանցագործների հավաքածուի» պատճառով եղավ: Բայց եթե պատմությունը գրվի բազմակողմանի, մարդը կդիտարկի բոլոր աղբյուրները, կգտնի օրինակ Ա1+-ի ռեպորտաժը, Տիգրան Պասկևիչյանի ֆիլմը, կփորձի հասկանալ, թե ինչու հաջորդ օրը լույս չտեսան թերթերը, կարո՞ղ է արդյոք ԿԳԲ-ը մտավ ու թերթերը տպարանից տարավ։ Բազմակողմանի ուսումնասիրության շնորհիվ է հնարավոր գոնե ճշմարտությանը մոտ ինֆորմացիա մատուցել։