Տիգրանուհի Մարտիրոսյան
Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ
Էդգար Վարդանյան

Հունվարի 15-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի հայտագիր հանձնեց Հայաստանում Ռուսաստանի դեսպանին։ Առիթը, ըստ ԱԳՆ-ի, այն է, որ ռուսական «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքի եթերում թողարկված «Շաբաթվա լուրեր» հաղորդման ժամանակ հնչեցվել են «արհեստականորեն գեներացված խոսույթներ Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ»։ 

Սա առաջին նախազգուշացումը չէ Հայաստանում սփռվող ռուսական ալիքների եթերում հնչող մտքերի մասով։ Նախորդ տարվա ապրիլին, ՀՌՀ-ը որոշմամբ, «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումները չհեռարձակել Հայաստանի տարածքում։  

Հետաքրքրական է, որ ԱԳՆ հաղորդագրությանը նախորդել էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հայտարարությանը։ Հունվարի 9-ի մամուլի ասուլիսում նախարարը ասել էր, որ հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող որևէ ռուսական ալիքով ՀՀ ժողովրդի հույզերի վրա բացասական ազդեցություն ունեցող բովանդակություն այս պահին չկա։  

Միաժամանակ, Մխիթար Հայրապետյանը հայտնել էր, որ Հայաստանը հանրային մուլտիպլեքսում ռուսական հեռուստաալիքների վերահեռարձակման վերաբերյալ իր առաջարկները ևս մեկ անգամ Ռուսաստանին կուղարկի այս տարվա հունվարին, որպեսզի միջպետական համաձայնագրում փոփոխություններ կատարվեն։  

Թեմայի շուրջ զրուցել ենք քաղաքագետ Էդգար Վարդանյանի հետ։  

Շուրջ մեկ տարի է, ինչ հայկական կողմը բանակցություններ է վարում ՀՀ տարածքում հեռարձակվող ռուսական ալիքների այն բովանդակության շուրջ, որը պարունակում է սուտ տեղեկություններ, վիրավորանք ու զրպարտություն։ Կիրառվում են նաև միջանկյալ լուծումներ՝ որոշ հաղորդումներ զրկվել են հեռարձակումից։ Կարո՞ղ ենք սպասել, որ մի օր էլ Հայաստանի իշխանությունները պարզապես հանրային մուլտիպլեքսից դուրս կթողնեն ռուսականսեռուսաընկերություններին։ 

Նախ ասեմ, որ շատ կարևոր է, որ Հայաստանը հետևողական է այս հարցում և պարբերաբար արձագանքում է, երբ խախտվում են միջպետական համաձայնագրի դրույթները։ Պե՞տք է արդյոք Հայաստանը բավարարվի միայն արձագանքելով, կարծում եմ՝ ոչ։ Արգելափակել Հայաստանում «Շաբաթվա լուրեր» հաղորդման սփռումը, տրամաբանական քայլ կարող է լինել։  

Միաժամանակ, պետք է ասեմ, որ Հայաստանն ունի բոլոր հիմքերը ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը հանրային մուլտիպլեքսից հանելու համար։ Հանրային մուլտիպլեքսում օտար պետությունների հեռուստաընկերությունները ներառված չպետք է լինեն, հատկապես, եթե դրանք քաղաքական են, հակադեմոկրատական քարոզչությամբ են զբաղվում, ատելության խոսք են գեներացնում ու տարածում, ինֆորմացիոն պատերազմներ են վարում։  

Ռուսաստանն այսօր հենց այդպիսի երկիր է ու անկախ նրանից, թե Ռուսաստանում ՀՀ նկատմամբ ինչ դիրքորոշում կունենան, ինչ հարաբերություններ կունենան ՀՀ հետ, կխոսեն ՀՀ մասին, թե ոչ, լավը կխոսեն, թե վատը, ռուսական ալիքները ՀՀ տարածքում չպետք է սփռվեն։ 

Խնդիրը նաև արտաքին քաղաքական դաշտում է․ Հայաստանն ունի որոշակի կախվածություն Ռուսաստանից և ՀՀ իշխանությունները զգուշավորություն են ցուցաբերում, ունեն մտավախություն առ այն, որ եթե կատարեն կտրուկ քայլեր, դրանք Ռուսաստանում կընկալվեն որպես հակառուսական ու ՌԴ-ը մեծ վնաս կհասցնի Հայաստանին։ Սա է հիմնական պատճառը։  

Արդարացվա՞ծ է այդ մտավախությունը։  

Կարծում եմ՝ ոչ։ Աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակում ՌԴ ազդեցության մասին Հայաստանում շրջանառվող կարծիքը չափազանցված է ու հեռու է իրականությունից։ Կրեմլում լուրջ նշանակություն են տալիս մշակութային կապերին, ռուսաց լեզուն տարածելու հարցին, Երկրորդ Համաշխարհային պատերազմում ՌԴ դերին ու խորհրդային անցյալին և ՀՀ իշխանությունները գուցե մտածում են, որ Կրեմլում կզայրանան, եթե ռուսական ալիքները մուլտիպլեքսից հեռացվեն։  

Իլհամ Ալիևը, եթե նկատել եք, Վլադիմիր Պուտինի հետ ցանկացած զրույցում նշում է, որ Ադրբեջանում ռուսաց լեզուն մեծ տարածում ունի, պետականորեն մեծ ուշադրություն է դարձվում ռուս գրականության տարածմանը և այլն։ Նա լավ գիտի, որ դա ականջահաճո հայտարարություն է Կրեմլի համար։  

Բացի այդ, գուցե ՀՀ իշխանությունները հաշվի են առնում այն հանգամանքը, որ Հայաստանում ռուսական ալիքներ սպառողները շատ չեն, այդ ալիքները քիչ են նայում և դրա համար չեն գնում կտրուկ քայլերի։ Փոխարենը՝ ցույց են տալիս, որ ունեն դժգոհություններ, հետևողական են, կառուցողական են ու պատրաստ լուծել հարցը բանակցությունների սեղանին։  

Նկատի ունեք, որ ՀՀ իշխանությունները չեն ուզում հարցը դարձնել հայ-ռուսական հարաբերությունների լայն օրակարգի մա՞ս։  

Այո։ Բոլորս էլ հասկանում ենք, որ բարձր մակարդակի պրոպագանդիստները, որոնք աշխատում են պետական քարոզչամեքենայում, չեն կարող Կրեմլի տեսակետին հակասող մտքեր արտահայտել։ Բայց քանի որ այդ տեսակետները հնչում են իրեն լրագրող անվանող մարդու շուրթերից, ապացուցել, որ դա Կրեմլի թելադրանքով արվող հայտարարություն է, հնարավոր չէ։  

Հարցը մտնելու է փակուղի, բանավեճը ոչ մի տեղ չի տանելու։ Ամեն դեպքում, Հայաստանը, իմ կարծիքով, կարող է հարցն ավելի կտրուկ լուծել, որովհետև կան բոլոր հիմքերը այդ ալիքները Հանրային մուլտիպլեքսից հանելու համար։  

«Զվարթնոց» օդակայանից Հայաստանը դուրս հանեց ռուսաստանցի սահմանապահներին։ Դա ավելի կտրուկ քայլ էր հայ-ռուսական հարաբերություններում, քան՝ երեք հեռուստաալիքի սփռման արգելանքը։  

Այո, չեմ կարծում, որ Ռուսաստանն այդ քայլից հետո ՀՀ նկատմամբ դիրքորոշում կփոխի։ Չեմ կարծում, որ այդ ալիքները մուլտիպլեքսից հեռացնելը կհանգեցնի ՌԴ կողմից ՀՀ նկատմամբ այնպիսի գործողությունների նախաձեռնման, որոնք մեզ կվնասեն։ Դա առնվազն չի ավելացնի բացասական երանգ մեր նկատմամբ  

Ռուսաստանի դեստրուկտիվ քաղաքականության մեջ, ինչ քաղաքականություն վարում են, այնպես էլ վարելու են։ Այլ հարց է, որ Հայաստանը խնդիր դնի կարճ ժամկետներում դուրս հանել Հայաստանից ռուսական ռազմական բազան։ Դա իհարկե կունենա հետևանքներ։ Բայց սա այն հարցը չէ, որ խորացնի երկկողմ լարվածությունը։  

Ասացիք, որ գուցե ՀՀ իշխանությունները չեն դիմում կտրուկ քայլերի, որովհետև այդ ալիքները քիչ են նայում։ Ըստ ՀՌՀ տվյալների, Հայաստանում հեռարձակվող ռուսական ալիքների թվում առաջատարը «ՌՏՌ-Պլանետա»-ն է, 8-րդ տեղում է։ Գուցե մենք թերագնահատո”ւմ ենք ռուսական քարոզչության ազդեցությունը մեզ վրա։  

Ինֆորմացիոն նման գործիքները, ինչպիսին ռուսական այս ալիքներն են, վտանգավոր են, նրանք ազդում են հանրության որոշակի շերտի վրա, որոնք հետագայում կարող են օգտագործվել հակադեմոկրատական, հակապետական գործողություններում։ Մտածել, որ եթե մեծամասնության վրա այդ քարոզչությունը չի աշխատում, ուրեմն խնդիր չկա, անվնաս է, սխալ մոտեցում է։ Եթե անգամ այն ազդում է բնակչության մեկ-երկու տոկոսի վրա, այդ մեկ-երկու տոկոսը կարող է ինչ-որ պահի օգտագործվել պետության դեմ։  

Եվրոպական երկրներում ռուսական քարոզչամեքենայի նկատմամբ կա լուրջ հակազդեցություն։ Նման ալիքները կաբելային եղանակով անգամ չեն հեռարձակվում նույնիսկ այն պայմաններում, երբ եվրոպական երկրների բնակիչների ճնշող մեծամասնությունը ռուսերեն չի հասկանում։   

Ես իմ գործընկեր Միքայել Զոլյանի հետ հետազոտություն էի անցկացրել, որտեղ երևում էր, որ Ռուսաստանը Հայաստանի վերաբերյալ առաջ է քաշում նեոկոլոնյան և կոլոնյան դիրսկուս և տարածում համապատասխան նարատիվներ։ Գործիքներից մեկը, բնականաբար, որով տարածվում է այս ամենը, Հայաստանի տարածքում սփռվող ռուսական ալիքներն են։ Ուստի հարցին պետք է լուրջ մոտեցում ցուցաբերել։