Հայաստանի բոլոր ոլորտներում արհեստական բանականության հնարավորությունների կիրառելության կարիք կա՝ մասնավոր ընկերություններից սկսած պետական կառավարումով ավարտած։ Այս մասին Media.am-ի հետ զրույցում ասել է հայ բիզնես հրեշտակներիցանցի համանախագահ, Ներդրողների ոչ ֆորմալ ցանցի համանախագահ, Oracle ընկերության փոխնախագահ, մի շարք ստարտափների հիմնադիր Իգոր Խալաթյանը։ Նա առաջին ՀՀ քաղաքացին է, ով 2002թ. նվաճել էր Էվերեստը:
Հայաստանում առայժմ շատ զգույշ են վերաբերում արհեստական բանականությանը։ Շատերն անգամ վախենում են ԱԲ-ից՝ կարծելով, որ դրա բացասական հետևանքներն ավելի շատ են, քան՝ դրականները։ Ի՞նչ է ԱԲ-ը և ո՞ւմ համար է այն։
Հարց ունեմ մարդկանց, որոնք կասկածում են ԱԲ հնարավորությունների մեջ․ լա՞վ է, թե՞ վատ, երբ մի քանի անգամ արագացել է քաղցկեղի դեմ դեղորայքի ստեղծման պրոցեսը։ Դեղագետների համար մի քանի անգամ արագացել է այս գործընթացը և ակնհայտ է, որ նման դեղի ստեղծումն ավելի մոտ է, քան՝ տասը տարի առաջ։
Աշխատանքի պրոդուկտիվությունը ԱԲ շնորհիվ մեծանում է բոլոր ոլորտներում։ Եթե հետազոտությունների, մոնիթորինգի համար ամիսներ էին հարկավոր, հիմա հարկավոր են րոպեներ։ Ծրագրավորման մեջ ևս այդպես է։ Ես հրահանգ եմ տալիս՝ գրել կոդ, ապա խմբագրում եմ այն, շտկում կամ հրահանգ եմ տալիս նորից գրել։ Աշխատանքը, որը ես անում էի մեկ շաբաթում, հիմա անում եմ տասը րոպեում։
Հույս ունեմ, որ Հայաստանում ԱԲ նկատմամբ վերաբերմունքը կփոխվի, կմեծանա մարդկանց թիվը, ովքեր դրական են վերաբերում, հակառակ դեպքում՝ մենք հետ կմնանք աշխարհի տենդենցներից։
Առաջին պատճառը, որ մարդիկ վատ են վերաբերում ԱԲ-ին հենց պրոդուկտիվությունն է։ Կան ընկերություններ, որտեղ արդեն իսկ կրճատումներ կան, կան ընկերություններ, որտեղ մարդկային ուժը շուտով կփոխարինվի ԱԲ-ով։
19-րդ դարի սկզբին, երբ Անգլիայում հաստոցներ ստեղծեցին, գործարանները ավտոմատացվեցին, տեղի ունեցան կրճատումներ։ Սա գործընթաց է, որը կանգնեցնել հնարավոր չէ։ Կառքերը ավտոմեքենաներով փոխարինելը կանգնեցնել հնարավոր չէր։ Այս պրոցեսը կոչվում է զարգացում։
Հայաստանյան լրատվամիջոցները կարո՞ղ են օգտագործել ԱԲ հնարավորությունները։
Իհարկե։ Եթե գրեք, թե օրվա ընթացքում դուք ինչ եք անում, աշխատանքային ինչ պարտականություններ ունեք, ապա հրահանգեք ԱԲ-ին, որ դրանք ձեր փոխարեն անի, դա արդեն կլինի աշխատանքի բաշխում։
Պատրաստվում եք հարցազրույցի, հրահանգեք որպեսզի ԱԲ-ը ձեր փոխարեն հավաքի բանախոսի մասին տեղեկատվություն, կազմի հարցեր, առաջարկի ձեզ հետաքրքիր գաղափարներ, տա եղանակներ, թե ինչպես տվյալ հարցազրույցը տարածեք ոչ միայն հայաստանյան լսարանում, այլև՝ աշխարհում։
Պատմեք խնդրում եմ ձեր ստեղծած ծրագրերի մասին, որտեղ ներառել եք արհեստական բանականության ալգորիթմները։ Ինչո՞վ են նրանք տարբերվում շուկայում առկա նմանատիպ մյուս ծրագրերից, որոնք ԱԲ-ով չեն ստեղծված։
Իմ կողմից իրականացվող բոլոր նախագծերը կապ ունեն արհեստական բանականության հետ, բայց ես կցանկանայի առանձնացնել նրանցից երկուսը։
Առաջինը՝ BestLOOK.ai պրոդուկտն է։ Այն վիրտուալ խորհրդատու է գեղեցկության ոլորտում։ Քանի որ նորաձև են դարձել արտաքինում մինիմալ միջամտությունները, այս պրոդուկտն առաջարկում է հենց մինիմալ փոփոխություններով դառնալ, ինչպես ասում են, քո ավելի լավ տարբերակը։ Ներբեռնում ես լուսանկարդ, արհեստական բանականությունը արտաքինի փոփոխությունների հազարավոր տարբերակներ է գեներացնում և դրանից ընտրում լավագույնը, որը հնարավորինս բնական է։ Գեներացված նկարը կարելի է տանել բժիշկին և կատարել հենց նման փոփոխություններ։
Երկրորդ պրոդուկտը լուծում է մեր օրերի ամենադժվար հարցերից մեկը՝ հանդիպումները․ այն ծանոթությունների ծրագիր է։ Կյանքն այնպիսին է, որ իրական շփումների քանակը գնալով նվազում է, նոր հանդիպումների ու ծանոթությունների հնարավորությունները պակասում են, և այդ պատճառով ես ստեղծեցի մի ծրագիր, որը կօգնի մարդկանց գտնել զուգընկերոջ։ Ի տարբերություն ծանոթությունների այլ հարթակների, Irisdating-ը աշխատում է արհեստական բանականությամբ, ինչը մի քանի անգամ մեծացնում է հենց քեզ համապատասխան թեկնածու գտնելու գործընթացը։
Օրերով որոնելու, հազարավոր օգտահաշիվներ նայելու, նամակագրություններ վարելու փոխարեն ԱԲ-ը քո հոգեբանական պատկերին համապատասխան ընտրում է քեզ մարդկանց, ովքեր մաքսիմալ մոտ են քո պատկերացումներին։ Որպեսզի համակարգը քո փոխարեն ընտրի մարդկանց, ովքեր մաքսիմալ համապատասխան են քեզ, նա պետք է քեզ շատ լավ ճանաչի։ Մինչև ԱԲ գործարկումը սա հնարավոր չէր։ Ներդրված է այնպիսի ալգորիթմ, որ հենց դուք սովորեցնեք արհեստական բանականությանը, թե ինչ մարդ եք որոնում, ինչ պահանջներ ունեք, արտաքինի վերաբերյալ ինչ ճաշակ ունեք և հենց դրա հիման վրա խորհուրդ է տալիս ձեզ կոնկրետ հաշիվներ։
Ստացվում է, որ երկու դեպքերում էլ արհեստական բանականությունը սկսում է մարդուն ճանաչել ավելի լավ, քան՝ մարդն ինքն իրեն։
Այդպես է ստացվում։ Ալգորիթմը այնքան լավ է սկսում ձեզ ճանաչել, որ ձեզ փոխարեն կարողանում է ընտրություն կատարել, այն էլ՝ շատ արագ, ավտոմատացված։
Մարդու ճաշակը, ընտրությունները ձևավորվում են մանկուց։ Եթե այս սենյակ մտնի տասը տղամարդ,դուք ուշադրություն կդարձնեք նրանցից մեկին, ձեր հայացքը նրանցից մեկի կողմ կհառի։ Սա ունի մեկ բացատրություն՝ գենետիկա և արհեստական բանականությունը սա հասկանում է և սովորում է ընտրություն կատարել ձեր գենետիկ կոդին համապատասխան։
Եթե ավելի խորանանք, բացատրենք տեղի ունեցողը մասնագիտական լեզվով, արհեստական բանականությունը կարողանում է ընտրել ձեզ համար այնպիսի մարդու, ում տեսնելիս արտադրվում է սերոտոնին, դոմոֆոմին և այլ հորմոններ, որոնք պատասխանատու են երջանկության համար։
Դուք խոսել եք այն մասին, որ ծրագիրը ապագայում կարող է առաջարկել այնպիսի դեմք, այնպիսի փոփոխություն, որը վստահություն կառաջացնի, կլինի ամենից շատ հավանածը։ Մի փոքր մասնրամասնեք, թե ինչ է սա նշանակում։
Մենք ունենք տեխնոլոգիա, որը հնարավորություն է տալիս գեներացնել այնպիսի դեմքեր, որոնք ամենից շատ դիտվող կլինեն։ Այսինքն՝ դեմքեր, որոնց առավելագույն թվով մարդիկ կհավանեն, նրանց գովազդած ապրանքն օրինակ ավելի շատ կվաճառվի, քան՝ այլ տիպաժի մարդկանց կողմից գովազդած արտադրանքը։ Դեմքը կարող է լինել իրական, մենք կարող ենք ընտրել իրական դեմքերից մեկին, ով առավել մեծ վստահություն կառաջացնի մարդկանց մեջ, և կարող են գեներացնել այդ դեմքը ԱԲ-ով։
Փաստորեն ապագայում հնարավոր է հասկանալ՝ մեծամասնությանը դուր են գալիս շիկահերնե՞րը, թե՞ սևահերները կամ ի՞նչ արտաքինով մարդիկ կարող են առավել թվով ձայներ ստանալ։
Ոչ ապագայում, ներկայում։ Մենք հիմա էլ կարող ենք դրա պատասխանը տալ, բայց նման խնդիր չունենք մեր առաջ։ Այս պահին մենք խնդիր ենք դրել օգնել մարդկանց գտնել իրենց լավագույն տեսքն ու գտնել զուգընկերոջ։