2023.10.19,

Տեսակետ

«Եթե բլոգեր ես ուզում դառնալ, պիտի զբաղվես այդ գործով ամեն օր»

author_posts/tigranuhi-martirosyan
Տիգրանուհի Մարտիրոսյան

Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ

Թովմաս Առաքելյանը հոգևորական է, զբաղվում է բլոգինգով։ Ինստագրամում ունի 68 հազար հետևորդ, Տիկտոկում՝ 39 հազար: Արդյունքին հասել է մեկ տարում։ Նրա լսարանը երիտասարդներն են, գերակշռում են իգական սեռի ներկայացուցիչները։

Թովմաս Առաքելյանի հետ զրուցել ենք այն մասին, թե ինչպես է սկսել բլոգ վարել, հասել հաջողության ու ինչ խորհուրդներ ունի սկսնակների համար։  

Ե՞րբ սկսեցիք բլոգ վարել։  

Մեկ տարի առաջ գրանցվեցի ՏիկՏոկում։ Տեսնելով արձագանքը` բացեցի նաև Ինստագրամի էջ։ Քանի որ հայաստանյան ՏիկՏոկում գրանցված հաշիվների մեծ մասը կեղծ է, դա ստեղծում է պարարտ հող, որ մարդիկ դրսևորեն իրենց վատ հատկանիշները, ինչի շնորհիվ էլ ավելի ակտիվ են այս հարթակում։ Դրա համար ես որոշեցի սկսել հենց ՏիկՏոկից, որ գրավեմ այս մարդկանց ուշադրությունը։ Իսկ Ինստագրամում էջ բացեցի, քանի որ այստեղ լսարանի հետ շփման ավելի լայն գործիքակազմ կա։

Ի՞նչը ստիպեց սպառողից դառնալ ստեղծող։ Ո՞ր պահին որոշեցիք, որ ուզում եք ինքներդ սոցհարթակների համար կոնտենտ ստեղծել։  

Ես աչքիս առաջ ունեի Տավուշի թեմի սոցհարթակների օրինակը։ Մեկնաբանություններից ու արձագանքներից տեսնում էի, որ կա հոգևոր բովանդակության կարիք, մարդիկ ընկալում են, ուզում եմ տեսնել նման կոնտենտ։

Իհարկե, սրա կողքին կար նաև բացասական մեկնաբանությունների տարափ, բայց դրանք ինձ մոտիվացնում էին՝ լինել էլ ավելի ակտիվ։

Հեռացնո՞ւմ էիք հեյթը Ձեր էջերից։  

Չունեմ մեկնաբանություններ ջնջելու սովորություն։ Ինձ վերաբերող մեկնաբանություններին, առհասարակ, նորմալ եմ վերաբերում, միայն եթե լինեն այնպիսի մեկնաբանություններ, որոնք վնասեն այլ մեկին, ապա կհեռացնեմ։ Եթե բացահայտ թյուրիմացություններ քարոզվեն մեկնաբանություններում, նույնպես կհեռացնեմ, որպեսզի իմ էջը չդառնա նման մտքեր տարածող հարթակ։ Կարծում եմ, որ հատկապես սկզբում, հեյթն անխուսափելի է։ Դու պետք է գտնես ու ձևավորես քո լսարանը, իսկ այդ ճանապարհին հանդիպում ես բոլորին։ Հիմա բացասական արձագանքը գրեթե զրոյական է։

Երբ բլոգը նոր էի բացել, իմ առաջ խնդիր էի դրել գտնել բոլոր նրանց, ովքեր այս կամ այն կրոնական, գաղափարական հոսքի ազդեցության տակ են, անհավատ են։ Ես գտա այդ մարդկանց ու շատերը հիմա Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ են։ Նրանցից շատերը ինձ վատ մեկնաբանություններ էին գրում, իսկ այսօր՝ եկեղեցու հետևորդներ են։ Ես չեմ ուզում հավաքել քրիստոնիա լսարան, «ջան ասել, ջան լսել»։

Ստացվում է, որ սոցհարթակները կիրառում եք քարոզչություն իրականացնելու համար։  

Չկա մի բլոգեր, որը քարոզչություն չանի։ Մեկը քարոզում է առողջ ապրելակերպ, մեկը պայքարում է խտրականության դեմ, մեկը՝ հանուն կենդանիների պաշտպանության է պայքար տանում։ Նույնիսկ հումորային բլոգերում կարող եք նկատել պայքար կարծրատիպերի ու արատավոր բարքերի դեմ։ Անհնար է պատկերացնել բլոգ՝ առանց գաղափարի։ Իսկ եթե գաղափարը կա, այն ուզես թե չուզես քարոզում ես։

Այո, ինձ համար ևս բլոգը քարոզչության հարթակ է։ Չկա մի հարթակ, որը հնարավոր չէ ծառայեցնել Քրիստոսի խոսքը տարածելու համար։ Քրիստոսը ինքը՝ քարոզում էր, քարոզում էր անբարոյականների, հարգանք չունեցող մարդկանց, փարիսեցիների շրջանում, որոնց հետ մարդիկ անգամ ձեռքով բարև չէին տալիս։ Պողոս Առաքյալն ասում էր, որ հեթանոսի հետ պետք է լինեմ հեթանոս, հրեայի հետ՝ հրեա, որ շահեմ թե մեկին, թե մյուսին։

Բլոգը բացելու ճանապարհին ինձ համար սրանք կարևոր աստվածաշնչյան հիմքեր էին՝ տիկտոկերի հետ լինելու տիկտոկեր, ինստագրամերի հետ լինելու՝ ինստագրամեր։ Միայն նույն լեզվով խոսելու պարագայում կարող ես հաջողություն ունենալ։

Ի՞նչ կանոններ եք սահմանել ընթերցողի ու ձեր էջերի միջև։  

Օրինակ Աստվածաշունչ չեմ ընթերցում իմ էջերում, աղոթքների կոչեր չեմ անում, որ հանկարծ որևէ մեկի մտքով չանցնի, որ իմ Ինստագրամի էջին հետևելով կարող է Աստվածաշունչ չկարդալ կամ էլ համացանցային աղոթքով բավարարվել ու այլևս եկեղեցի չգնալ։ Ես իմ էջերը դիտարկում եմ որպես ցուցիչներ։ Զբոսավարը ո՞նց է աշխատում, մարդուն տանում է թանգարան, պատմում է, ցույց է տալիս, բայց ինքը այդ թանգարանի տերը չէ, այդտեղ ցուցադրված էքսպոնատներից որևէ մեկը իրենը չեն։ Ես էլ զբոսավարի պես ցույց եմ տալիս հոգևոր կյանքը։

Հստակ կանոն ունեմ՝ չպատասխանել ոչ հայատառ մեկնաբանություններին։ Երբ հարցերի համար տող եմ թողնում, անպայնման նշում եմ, որ չեմ պատասխանելու ոչ հայատառ մեկնաբանություններին, կոչ եմ անում ներբեռնել հայատառ ստեղնաշար, եթե չունեն։

Ձեզ համարո՞ւմ եք բլոգեր։  

Սա ամենահաճախ տրվող հարցն է իմ էջում՝ «Հիմա տերտե՞ր եք, թե բլոգեր»։ Այո, ինձ բլոգեր համարում եմ, որովհետև բլոգինգով զբաղվում եմ ամեն օր, նախատեսում եմ զբաղվել ավելի ակտիվ, ունեմ գովազդային համագործակցություններ, շահույթ։ Շեշտեմ, որ եկամուտը նպատակ չէ, այլ՝ հաճելի մանրուք։ Փոքր-ինչ դեմ եմ ինֆլյուենսեր եզրույթին։ Կարծում եմ, որ սրան համարժեք հայերեն բառը պետք է գտնել։ Ինֆլյուենսերի տակ հասկանում եմ մարդ, ով հանրային կարծիք է ձևավորում, բայց մեր բլոգերների մեծ մասը ոչ թե ինքն է ազդում հանրային կարծիքի վրա, այլ ինքն է հանրային ազդեցության տակ։

Սոցիալական մեդիա մարքեթինգի (SMM) հմտություններին սովորե՞լ եք, թե՞ ինտուիտիվ եք վարում։

Մի անգամ մեկը հարցրեց, սովորե՞լ եք, թե ինքնուս եք։ Պատասխանեցի՝ յութուբուս եմ։ Յութուբում SMM-ի հետ կապված բազում նյութեր կան, դիմել եմ մասնագետի, որը ինձ ուղղորդել է ու շարունակում է ուղղորդել։ Չեմ կարծում, որ ինտուիտիվ հնարավոր է հասնել արդյունքի։ Կա գործիքակազմ, որին կամ տիրապետում ես, կամ ոչ։

Պիտի հասկանաս, թե ինչ ալգորիթմով են աշխատում սոցհարթակները, այդ համակարգի ուղեղը ոնց է աշխատում։ Ես նաև սովորում եմ ԵԹԿՊԻ արվեստի կառավարում ֆակուլտետում, որտեղ անցնում ենք, շուկայագիտություն, բիզնես կառավարում, ինչը ևս օգնում է այս գործում։

Ո՞ր գործիքները Ձեզ օգնեցին առաջխաղացնել հարթակները։  

Նախ պետք է հստակեցնել, թե ինչի մասին է բլոգը։ Ըստ դրա՝ կազմել առաջխաղացման ռազմավարություն ու դրան համապատասխան կոնտենտ ստեղծել։ Շատ նրբություններ կան, որոնք սկսնակները հաճախ հաշվի չեն առնում, մտածում են, դե փոքր բան է, կարիք չկա ֆիքսվել։ Օրինակ ժպտալ տեսանյութում, խոսել հեշտ, պարզ բառերով։ Տեսանյութի առաջին տողում իսկ ձևակերպել հիմնական ասելիքը, որ դիտողը կառչի, մնա։

Բլոգերը, որոնք ժամանցային չեն, իրականում դժվար են զարգանում։ Մարդիկ չեն ուզում մտնել Ինստագրամ ու ծանր զրույցներ լսել։ Դրա համար պետք է մշակել մոտեցում, թե ինչպես ես այդ ծանր թեման պարզեցնելու, որ մարդը և չհոգնի, ժպտալ, հանգստանա և օգտակար մի բան քաղի, կրթվի, մոտիվացվի։

Գովազդային հնարավորություններից օգտվե՞լ եք։ 

Մեկ անգամ փորձարկել եմ։ Մի տեսանյութ էի վերբեռնել, հետո ջնջել էի, հետո միանգամից նորից վերբեռնել էի։ Սա սխալ էր։ Ալգորիթմն էլ չէր առաջխաղացնում, դրա համար գովազդ միացրեցի։ Բայց որպես առաջխաղացման գործիք գովազդներ չեմ կիրառել։ Հետևորդներ գրավելու հարցում ինձ օգնում են ռիլզերը։ Յուրաքանչյուր ռիլզից հետո 150-200 հետևորդ է ավելանում իմ էջին։

Ի՞նչ հաճախականությամբ եք հրապարակումներ անում։ 

Մեկ օր ռիլզ եմ տեղադրում, հաջորդ օրը գրառում եմ անում՝ նկարով ու կիսվում եմ նախորդ օրվա ռիլով սթորի բաժնում, երրորդ օրը ավելի ակտիվ սթորիներ եմ տեղադրում։

Ի՞ նչ խորհուրդ կտաք նրանց, ովքեր ուզում են առաջխաղացնել սացհարթակները։ 

Ամեն ինչ կախված է բլոգի բովանդակությունից։ Ես չունեի շատ մրցակիցներ, ունեի տեխնիկա, ժամանակ և ցանկություն։ Այո, ամենակարևորը դա է։

Գլխավոր խորհուրդը, հավանաբար, այն է, որ չզբաղվել բլոգինգով կիսատ-պռատ։ Եթե բլոգեր ես ուզում դառնալ, պիտի զբաղվես այդ գործով ամեն օր։

Երբ ես ճեմարանում էի սովորում, երկու տարի հեռախոսից զրկված եմ եղել։ Շաբաթ օրերին երկու ժամով մեզ տրամադրում էին հեռախոս, զրուցում էինք ընտանիքի անդամների հետ ու նորից վերադարձնում։ Երբ իմ հասակակիցները սոցհարթակներից ակտիվ օգտվում էին, տեղյակ էին թրենդներից, ես չունեի դրա հնարավորությունը։ Նույնիսկ այդ պայմանները ինձ չընկճեցին, ես կարողացա լրացնել բացը ու հասնել հաջողության։ Բլոգինգին պետք է վերաբերվել որպես մասնագիտություն, աշխատանք, հակառակ դեպքում ոչինչ չի ստացվի։

Հարցազրույցը՝ Տիգրանուհի Մարտիրոսյանի

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *