2023.10.12,

Տեսակետ

«Ռուսական պրոպագանդան բավականին էֆեկտիվ է աշխատում, այդ պատճառով էլ այն վտանգավոր է»  

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

Հայ -ռուսական մեդիադաշտում փոխադարձ մեղադրանքների պակաս վերջին շրջանում չկա։ Քաղաքական զարգացումներին զուգահեռ, ռուսական մամուլում ավելի է սրվում հակահայկական քարոզչությունը։ Ավելի կոշտ շեշտադրումներ են արվում, բառամթերքն ու խոսույթը հատում է ատելության խոսքի եզրագիծը։ Քաղաքագետ Էդգար Վարդանյանի կարծիքով Հայաստանի ու Ռուսաստանի միջև ընթացող տեղեկատվական պատերազմը հիբրիդային պատերազմի մի մասն է միայն։ 

Պրն Վարդանյան, ի՞նչ է կատարվում հայ-ռուսական մեդիատիրույթում։ Ինչու՞ է իրավիճակը գնալով սրվում։  

Պետք է ասել, որ հայաստանյան և ռուսաստանյան մեդիադաշտերը բավականին տարբեր են։ Ռուսաստանյան մեդիադաշտը միատարր է, իսկ մեզ մոտ դաշտը բավականին բազմազան է։ Եթե առանձնացնենք վտարանդու կարգավիճակում գտնվող ռուսաստանյան ընդդիմադիր մամուլին, ապա մնացյալ դեպքերում կարող ենք ասել, որ մեծամասամբ ռուսաստանյան մեդիադաշտը վերահսկվում է Կրեմլի կողմից։ Եվ ռուսական մամուլում շրջանառվող նարատիվները գեներացվում են հենց Կրեմլում։ Այդ նարատիվները գեներացվում են տարբեր նպատակներով՝ հետախուզական, պրովոկատիվ, մեսիջինգի, քարոզչության նպատակով։ 

Հայաստանում, թեպետ նշեցի, որ ավելի բազմազան է, բայց  լրատվական դաշտի մի հատվածն ամբողջությամբ կամ մեծամասամբ արտացոլում է ռուսաստանյան մեդիադաշտում տիրող տրամադրությունները, այնտեղ գեներացվող նարատիվները, և դրանով ցույց է տալիս, որ անմիջականորեն  կապված է կամ կախված է ռուսաստանյան, մերձկրեմլյան շրջանակաների հետ։  

Քաղաքական վերջին իրադարձությունների ֆոնին, երբ հայ-ռուսական հարաբերություններում լարվածության աճ է նկատվում, ինչպե՞ս է արձագանքում ռուսական մեդիան։ 

Մենք տեսնում ենք, որ հայաստանյան իրադարձությունների հետ կապված, ռուսական մեդիադաշտում այսօր շատ ակտիվ  ձևավորվում և տարածվում են հակակառավարական, հակաիշխանական, քաղաքացիական հասարակության դեմ աշխատող նարատիվներ։ Եվ կարող եմ ասել, որ դրանք անցնում են էթիկայի բոլոր սահմանները։  Ցավալի է, բայց  նույն պատկերը մենք երբեմն տեսնում ենք նաև հայկական մամուլում։ Այդ ամենը արտացոլվում է հայաստանյան այն մեդիասեգմենտում, որը կապված է կամ կախված է մերձկրեմլյան շրջանակների հետ։  

Ստացվում է, որ ռուսական լրատվամիջոցները դառնում են մեր դեմ իրականացվող հիբրիդային պատերազմի գործիք։ 

Կոշտ շեշտադրումներով, ավելի ինտենսիվ դարձած ռուսական քարոզչությունը, որքանո՞վ է վտանգավոր մեր հասարակության համար։  

Ռուսական պրոպագանդան բավականին էֆեկտիվ է աշխատում։ Հենց այդ պատճառով էլ բավականին վտանգավոր է։ Վերջերս ես և իմ գործընկերը մի հետազոտություն ենք իրականացրել, որը շուտով կհրաապարակենք։ Ռուսական պրոպագանդայի գաղափարախոսական կոմպոնենտներն ենք ուսումնասիրել և փորձել ենք հասկանալ, թե դրանք որքանով են արտացոլվում, տարածվում Հայաստանում և Վրաստանում։   

Տարբեր փորձագետների, ռուսական պրոպագանդայի հետևանքով տուժած շատ մարդկանց հետ ենք խոսել։ Հետազոտության մասնակիցներն էլ էին ասում, որ ռուսական պրոպագանդան բավականին արդյունավետ է աշխատում։ Այն ազդում է պահպանողական, ազգայնական մտածողություն ունեցող մարդկանց վրա, հասարակության այն հատվածի վրա, որոնց մեդիագրագիտության մակարդակն այնքան էլ բարձր չէ։ Այդ մարդիկ շատ դեպքերում ուշադրություն չեն դարձնում, թե տեղեկատվությունը, որտե՞ղից է գալիս, ինչպե՞ս է գալիս։ Հասարակության հենց այդ հատվածն էլ դառնում է ռուսական պրոպագանդայի թիրախ։ Հենց սա է պատճառը, որ այս խնդիրը պետք է ուշադրության կենտրոնում պահել։ 

Դուք նշում եք, որ ռուսական պետական մեդիան հիբրիդային պատերազմի գործիք է։ Մեր հանրային մուլտիպլեքսում գործում են ռուսական ալիքներ, որքանո՞վ է սա  վտանգավոր կամ անվտանգ։  

Հանրային մուլտիպլեքսում ազատորեն հեռարձակվող ռուսական հեռուստաալիքները կարծում եմ լուրջ վտանգ են ներկայացնում Հայաստանի ազգային անվտանգության ամրապնդման տեսակետից։ Այդ հեռուստաալիքներով անընդհատ հնչում են ռուսական պրոպագանդիստական թեզերը, ատելության խոսքի բազմաթիվ օրինակներ կարելի է տեսնել, տարածվում են բռնության կոչեր և այդ ամենը իրականում լրագրության հետ ոչ մի կապ չունի։ 

Կարծում եմ անհրաժեշտություն կա որոշակիորեն սահմնափակելու այս հեռուստաընկերությունների գործունեությունը։ 

Բայց կարող եմ ասել նաև, որ հասարակության մի զգալի հատվածի մոտ էլ իմունիտետ է ձևավորվել այդ պրոպագանդայի նկատմամբ։ Մարդիկ, տեսնելով ռուսական անգործությունը վերջին իրադարձությունների ընթացքում, հասկանալով, որ Կրեմլը չի դրսևորում իրեն, որպես վստահելի դաշնակից, սկսեցին վերանայել իրենց մոտեցումները և սկսեցին չհավատալ կամ կասկածել ռուսական նարատիվների հավաստիությանը։ 

Այն որ մեր հասարակության մի հատվածը դարձել է ռուսական պրոպագանդայի սպառողը, այս փաստը, արդյո՞ք  խոսում է տեղական մեդիայի ոչ այնքան կայացած կամ ոչ ազդեցիկ լինելու մասին։   

Մենք իհարկե դեմոկրատական արժեքների վրա խարսխված, պրոֆեսիոնալ, որակական  բարձր չափորոշիչներ որդեգրած լրատվամիջոցներ շատ քիչ ունենք, սա խնդիր է։  

Օրինակ, եթե եվրոպական երկրներում մարդկանց հարցնես տեղական հեղինակավոր լրատվամիջոցների մասին, իրենք հստակ անուններ կնշեն։ Մենք այս առումով խնդիր ունենք, մեզ մոտ կդժվարանան պատասխանել։ Լուրջ, ծանրակշիռ և  հասարակության մեջ վստահության բարձր ցուցանիշ ունեցող լրատվամիջոցները մեզ մոտ շատ քիչ են։ Եվ նաև սա է, պատճառը, որ մեր հասարակությունը սպառում է պրոպագանդիստական թեզեր պարունակող մամուլը։  

Հայկական լրատվական դաշտում արդեն գործող խողովակներով ռուսական պրոպագանդան իրականացնելուց բացի, նոր հարթակների ստեղծում, նոր, հավելյալ ռեսուրսների կենտրոնացում նկատո՞ւմ եք, թե ոչ։  

Այո՛, ներդրվող ռեսուրսների աճ նկատել եմ։ Հայկական լրատվադաշտում ռուսական պրոպագանդան իրականացնելու համար բացվում են տելեգրամյան նոր ալիքներ, բլոգներ, յություբյան ալիքներ կամ որոշ դեպքերում նաև հնի վերաբրենդավորում է իրականացվում։ Սակայն, որպեսզի կարողանաք հստակ անուններ նշել առանձին հետազոտություն պետք է կատարենք։ Բայց շարժը այո՛, նկատելի է։  

Ինչպե՞ս կարող ենք նվազեցնել ռուսական քարոզչությունը կամ գոնե փոքրացնել  դրա ազդեցության շրջանակը։  

Ես տեսնում եմ, որ մի շարք լրատվամիջոցներ փորձում են տարբեր հակափաստարկներով հերքել կրեմլյան թեզերը։ Հասարակությանը ներկայացել նաև այն իրականությունը, որը ռուսական պրոպագանդան փորձում է հերքել կամ լռեցնել, բայց որքանո՞վ է այս ամենը էֆեկտիվ չգիտեմ։  

Կարծում եմ միակ հնարավոր ու արդյունավետ տարբերակը մեդիագրագիտության մակարդակը բարձրացնել է։ Մարդկանց հետ պետք է հստակ աշխատանք տանել։ Նրանք պետք է կարողանան ինքնուրույն վերլուծել, տարբերակել հավաստի ու ոչ հավաստի աղբյուրները։ Պետք է կարողանան լուրը զանազանել քարոզչությունից։ Միայն այս կերպ մենք կկարողանանք չեզոքացնել ռուսական քարոզչության ազդեցությունը։

Հարցազրույցը՝ Մարիաննա Դանիելյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *