2022.02.18,

Տեսակետ

«Եթե ինֆորմացիան համարենք օդ, ապա այն կա, բայց նվազել է օդի որակը»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Քաղաքական ու լրատվական դաշտերը երկվորյակների պես արտացոլում են այն խնդիրները, որոնք կան Հայաստանում։ Եվ երկուսից էլ դժգոհ են բոլորը։ 

Պատճառներից հիմնականը քաղաքական մշակույթի ոչ հասուն վիճակն է։ Այդպես է բացատրում հասարակական գործիչ, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախկին անդամ Գարեգին Միսկարյանը։

Նա համեմատում է սոցցանցերը թամադայով արարողությունների հետ։ Եվ ասում, որ պարզ հարաբերությունները մտել են սոցցանցեր, իսկ կարևորն ու առանցքայինը դուրս է մնացել։ 

Գարեգին Միսկարյանը վստահ է, որ առանցքային հարցերի շուրջ քննարկումների ու առաջարկների համար հարկավոր են հարթակներ, հատկապես երբ անցնում ենք ունեցվածքի (այդ թվում մեդիա ռեսուրսների) վերաբաշխման փուլով։ 

Արագ, շատ ու հակասական ինֆորմացիայի դեպքում առավել կարևոր են դառնում նավիգատորները՝ կողմնորոշողները, որոնք օգնում են հասկանալ, թե ինչ է նշանակում այս կամ այն դեպքը, այս կամ այն լուրը: Դժվար է նման կողմնորոշիչ համարել լրատվամիջոցներին։

Ինտերնետի հայտնությամբ մեր հաղորդակցությունը, հանրային հարաբերությունների որակը կտրուկ փոխվեց։ Ինֆորմացիայի փոխանակման ստանդարտ ձևերը, որոնք մարդիկ տեսել են դարերով, ափերից դուրս եկան ու հանրային լայն հնչեղություն կարողացան ստանալ բոլորը: 

Թե՛ լրատվամիջոցները, թե՛ պետական կառավարման համակարգի ղեկավարները կորցրեցին մենաշնորհը ինֆորմացիայի նկատմամբ: Եվ դա ունեցավ և՛ դրական, և՛ բացասական արդյունք:

Ինֆորմացիոն հոսքերի ծավալները ավելացան, բայց տուժեց որակը: Իրադարձություններն ավելի արագ են զարգանում, քան մենք ենք աճում:

Քաղաքակրթությունը թերևս այսպիսի վիճակում չի եղել, և հանրությունն էլ դժվար է ադապտացվում դրան:

Այո, անհրաժեշտ են հանրային կարծիք ձևավորողներ, կարծիքների առաջնորդներ, կամ ավելի ճիշտ ուղենիշներ ցույց տվողներ: Հենց այդ մարդկանցից է կախված հանրության լայն շերտերի կարծիքը։ 

Եվ միշտ չէ, որ այդ կարծիք ձևավորողները լայնախոհ են, կրթված։ Շատ բան որոշում է մատուցման ձևը: Կարծիք ձևավորողները պետք է գտնեն այն նյարդը, որի շնորհիվ իրենց խոսքը կարող է հասնել հանրությանը:

Եվ այստեղ նաև մեծ տեղ է բացվում մանիպուլյացիաների համար, քանի որ հանրային կարծիքի ձևավորման պրոցեսն էլ է անվերահսկելի: Բայց բոլոր դեպքերում կարծիքների բախումը լավ բան է:

Թրոլինգը, հումորը, ծաղրը լավ գործիք են թե՛ քաղաքական, թե՛ մեդիա բախումներում։ Լուրջ դեմքով ապուշ բան ասողին չեն լսում, լսում են ծաղրողին։ Ինչո՞վ է գրավիչ ծաղրը։

Ծաղրը հանրության ինքնապաշտպանական դրսևորումն է։ Դա շնորհք է, ձիրք, ինչ-որ տեղ նաև բնազդ։ Երբ ապուշությանը պատասխանում ես ապուշությամբ, դառնում է երկու ապուշություն։ Երբ ծաղրում ես լուրջ դեմքով ասած ինչ-որ հիմար բանը, դրանով արտահայտում ես վերաբերմունք երևույթի նկատմամբ։

Ժողովրդավարության ուժեղ կողմը նաև այն է, որ երբ պայքարում ես ժողովրդավարության դեմ, դրանով նրան ուժեղացնում ես։ Այնպես, ինչպես ուժեղացնում ես՝ աշխատելով ի նպաստ ժողովրդավարության։

Իսկ ծաղրը պայքարի միջոց է։ Բայց մի բան է ծաղրելը, և բոլորովին այլ բան ամեն կերպ արժեզրկելը։

Այն, ինչը հիմա կատարվում է ընդդիմադիրների ու կառավարիչների մակարդակում, ոչ թե ծաղր է, այլ ինստիտուտների արժեզրկում։

Ծաղրը ժողովրդին հատուկ երևույթ է, իսկ երբ պետական պաշտոնյան է ծաղրով ինչ-որ հարց լուծում, դա արդեն ցինիզմ է։ Իսկ ցինիկ ղեկավարները երբեք լավ տեղ չեն տանում։ 

2018-ին իշխանության եկավ ուժ, որը զարմանալի բաց էր հաղորդակցվում հանրության հետ: Հիմա այդպես չէ, շատ պատուհաններ փակվեցին: Եթե հաշվի առնենք նաև տարբեր սահմանափակող օրենքներ, կարելի՞ է ասել, որ օդը պակասում է:

Ես կասեի՝ օդի որակն է ընկել: Եթե ինֆորմացիան համարենք օդ, ապա այն կա առավել, քան երբևէ եղել է: Բայց նվազել է որակը, և դրա հետ մեկտեղ բարձրացել է որակյալ բովանդակության պահանջը:

Սա մի կողմից բարենպաստ միջավայր է քաղաքական մշակույթի փոփոխության համար, բայց մյուս կողմից՝ մենք որպես ժողովուրդ, որը դրական քաղաքական մշակույթ չի ունեցել, դժվարանում ենք արագ ու հեշտ տարբերել որակյալ բովանդակությունը անորակից:

Հիմա այս քաղաքական հասունացման փուլում տեղեկատվական հոսքերը որքան օգնում են, այնքան էլ խանգարում ու վնասում են մարդկանց քաղաքականացմանը:

Բայց բոլոր դեպքերում՝ քաղաքականացման համար անհրաժեշտ է  ինֆորմացիայի ազատ շրջանառություն:

Այդ պահը կար 2018-ին, երբ քաղաքականությունը համարվեց յուրաքանչյուրի գործ: Իսկ հետո ի՞նչ փոխվեց, որ առաջացավ անվստահության միջավայր: Եվ նույնիսկ մինչ պատերազմը:

Տարբեր փուլերում իշխանությունները հիմնվել են տարբեր աղբյուրների վրա: Քոչարյանի իշխանության աղբյուրը ուժն էր, Սարգսյանի՝ փողը, Փաշինյանի՝ խոսքը, դեմագոգիան: Եվ խոսքի արժեզրկումը տեղի ունեցավ հենց Նիկոլ Փաշինյանի պատճառով: 

Երբ նա ասում է այն, ինչ մարդիկ իրենից ուզում են լսել, բայց դա չի վերածվում գործի, ստեղծվում է իրավիճակ, երբ խոսքի նկատմամբ մարդկանց վստահությունը պակասում է:

Դա է նաև հիմք տալիս մտածելու, որ հաջորդ փուլում մենք գուցե կգնահատենք իրական արժեքները (ազատությունը, անկախությունը), այլ ոչ թե մեր տեսած իշխանության աղբյուրները՝ ուժը, փողը կամ խոսքը:

Իմ կարծիքով՝ սա ինքնորոշման տանող պրոցես է:

Հանրային խոսքը մեծամասամբ պաթետիկ է՝ փողոցային-գողական գունավորմամբ (բավական է լսել ԱԺ-ի ելույթները): Ինչու՞ չստեղծվեց նոր լեզու։ Որ խոսողը լինի հասկանալի ու համակրելի, այլ ոչ թե կեղծ։ Կեղծ նաև՝ իր ջանքերով լինելու ժողովրդի նման:

Այդ նոր լեզուն պետք է ձևավորվեր քաղաքական մշակույթին զուգընթաց: 

Հանրային միջին ընդունելի խոսքը ուղիղ կերպով է առնչվում քաղաքականության հետ, քանի որ մինչև զանգվածային մեդիայի ծայրահեղ ազատականացումը, հանրային խոսքը վերահսկելի էր:

Եվ մեդիան աշխատում էր՝ կախված լինելով քաղաքական ուժի նպատակներից: 

Օրինակ, եթե հարաբերությունների հիմքում փողն է, հարկավոր է ապահովել ցածր ինտելեկտուալ մակարդակի բովանդակություն: Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ ավելացավ այն մեդիա արտադրանքը, որը փողոցային մշակույթը բերում էր եթեր ու դարձնում պոպուլյար:

Այսինքն, պետք էր ցածր գիտակցական մակարդակ ունեցող հանրություն, որին կառավարելը հեշտ է ու էժան։

Սովետական տարիներին միակ հասարակագիտական առարկան մարքսիզմ-լենինիզմն էր, որից բացի ուրիշ հումանիտար միտք թույլ չէր տրվում զարգացնել։ Եվ այդ մտքի կրողներն էին նաև այն ղեկավարները, որոնք կառավարում էին Հայաստանը մինչև 2018 թվականը, իսկ հետո եկան քաղաքական գործիչներ (ի դեմս Փաշինյանի), որոնք ձևավորվել էին այդ միջավայրում: 

Այսինքն, նրանցից նոր բան սպասել երևի հնարավոր չէ։

Իսկ լրատվամիջոցներից կարելի՞ է սպասել նոր բան:

Մեր շուկան շատ փոքր է անկախ լրատվամիջոց ունենալու համար: 

Վերջերս փակվեց «Քառյակ մեդիան», որը ժամանակին շատ արդյունավետ աշխատում էր (օրինակ, Էլեկտրիկ Երևանի ժամանակ մեդիա մանիպուլյացիաների միջոցով մարդկանց հանում էր փողոց, հետո ուղարկում տուն), բայց հիմա այն այլևս չէր կարող աշխատել:

Եվ նաև նրա փակվելն է ցուցիչ, որ Հայաստանում լրատվականները ստեղծվում էին ոչ հանրային պահանջից ելնելով։

Հանրությունը պետք է զգա անաչառ ու անկախ լրատվականի պահանջ: Այսինքն, լինի այնքան իրավագիտակից ու պատասխանատու, որ պատրաստ լինի ինքը վճարել որակյալ մեդիա բովանդակության համար։

Որոշ դեպքերում բավական է, որ հանրության 1%-ը ներդնի միջոցներ, որ ստեղծվի անկախ լրատվամիջոց և այն լինի կենսունակ:

Հիմա ով վճարում է, նա էլ պատվիրում է: 

Իսկ ի՞նչ դեր ունեն մեզ համար սոցցանցերը։ Հատկապես Ֆեյսբուքը։

Սոցիալական ցանցերը հնարավորություն տվեցին ավելի շատ թվով մարդկանց արտահայտվելու։ Նախկինում կար թամադայի ինստիտուտ և շփումները հանրային միջավայրում լինում էին արարողությունների ժամանակ՝ սգո կամ հարսանիքների։ 

Եվ թամադան այն մարդն էր, որը թրենդն էր թելադրում, նոր խոսք էր ասում ու նաև կառավարում ու կազմակերպում էր։ Ի վերջո, հեշտ չէ անել այնպես, որ մարդիկ միասին մի բան անեն ու չձանձրանան։

Հիմա այդ ամենը տեղափոխվել է սոցիալական ցանցեր, ընդ որում՝ սնունդն էլ հետը։

Սոցցանցերը բացի այն, որ ընդգծում են մարդու սոցիալական դիրքը, կարևոր են նաև որպես հարաբերությունները կառավարելու, դրանց որակը փոխելու գործիքներ։ 

Եթե օրինակ, հարսանիքը տեղափոխվել է սոցիալական մեդիա և այնտեղ են հիմա նշում այն ու նաև ուտում (ուտելու նկարներ հրապարակում), ապա այն ժողովները, որոնք կօգնեին մարդկանց իրենց կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնել, դուրս են մնացել հարաբերություններից։

Այսինքն, պարզ հարաբերությունները մտել են սոցցանցեր, իսկ կարևորն ու առանցքայինը դուրս է մնացել։ 

Ու հիմա կարծում եմ՝ կա պահանջ ստեղծելու մի միջավայր, հարթակ (պետական կամ հասարակական հիմունքներով), որտեղ մարդիկ կքննարկեն ոչ թե այն, թե այսօր ինչ կերան ու վաղը ինչ են հագնելու, այլ կառաջարկեն պետության առաջ ծառացած խնդիրների ու հանրային կյանքը ավելի լավ կազմակերպելու լուծումներ։

Վստահ եմ, որ առանց նման հարթակների շատ բարդ է լինելու։

Նման փո՞րձ էր կուսակցությունը՝ «Քաղաքացու որոշում»-ը։

Կուսակցությունը քաղաքական դաշտը վերափոխելու փորձ էր, բայց մեզ մոտ հանրային ընկալման մեջ կուսակությունը մի երևույթ է, որը ժողովրդից օտարված է։ Մարդիկ չեն ուզում այդ մոդելի մեջ մասնակցել որոշումների կայացմանը։ 

Հանրային հարթակի ստեղծումը որոշ իմաստով միտված է նաև այդ բացը լրացնելուն։ Որ մարդիկ քննարկեն գաղափարներն ու ծրագրերը առանց կուսակցության հետ առնչվելու ու չվախենալով կուսակցական պիտակավորումից։

Տարիներ շարունակ իշխանությունները համոզում էին, որ քաղականությունը կեղտոտ գործ է։ Կարծես ասում էին՝ մենք այդ գործը վերցնում ենք մեզ վրա, դուք հանգիստ ապրեք։ Այդ միտքը կոտրվեց 2018-ին, երբ փողոց դուրս եկածն արդեն անում էր քաղաքական ակտ։ Ո՞նց եղավ, որ հիմա նորից քաղաքականությունը դարձավ կեղտոտ, մրոտ գործ։ 

Նրանք, ովքեր պատասխանատվություն վերցրեցին բերելու փոփոխություններ ու կարծրատիպեր ջարդելու (որի պահանջով էլ հանրությունը ոտքի կանգնեց), դա չարեցին։ 

Ու դա հանգեցրեց այն բանին, որ մարդիկ հերթական անգամ սկսեցին նույնականացնել քաղաքականությունն ու խաբեությունը, առանց խոր ընկալման, որ քաղաքականությունը իրականում կյանքը կազմակերպելու արվեստ է։

Ի վերջո, եթե ուզում ենք ունենալ ժողովրդավար պետություն, առաջին հերթին պետք է ստեղծել ժողովրդավար կուսակցություններ և թափանցիկ աշխատող լրատվականներ։

Դրանք այն ինստիտուտներն են, առանց որոնց չկա ժողովրդավարություն։ Իհարկե, առանձին թեմա է դատական համակարգը, բայց մինչ դրան հասնելը պետք է կայացնել կուսակցական ու լրատվական համակարգերը։

Իշխանության եկած քաղաքական ուժերը սարքում էին իրենց մեդիա ինդուստրիան։ Եվ որքան կարելի է նկատել, հիմա էլ կան նման մեդիա կայսրություն ստեղծելու իղձեր։ Ընդ որում՝ կրկնօրինակելով նախորդ մոդելները։

Դա ունի իր տրամաբանական բացատրությունը։ Խոսքի, դեմագոգիայի միջոցով իշխանություն պահելը շատ կարճ ժամանակի հարց է։ Իհարկե, դեմագոգն ինքն էլ է գիտակցում, որ իր իշխանությունը պետք է ինչ-որ բանի վրա հենվի։ 

Հենման կետերը երեքն են՝ ժողովրդավարական արժեքները (ազատություն, արդարություն), պայքարող ժողովուրդը (բայց այդ ճանապարհից մենք հրաժարվել ենք) և փողը/ուժը։

Իհարկե, ամենահեշտը իշխանությունը հենելն է փողի վրա, բայց քանի որ Հայաստանում ռեսուրսները քիչ են (նավթ, գազ չունենք), իսկ եղած փողը պայմանական ասած՝ նախկինների մոտ է, հիմա գնում է այդ ունեցվածքի վերաբաշխման պրոցեսը։

Բայց այս իշխանությունը չի կարող հիմնված լինել փողի վրա, քանի որ փողի համար կռիվը (նաև ԱԺ-ում) նպատակ ունի դելիգիտիմացնելու գործող քաղաքական ուժին։

Նպատակն այն է, որ կարողանան կանխել ունեցվածքի հետբերումն ու իրենց ունեզրկումը։ ԱԺ-ում ընդդիմադիր կոչվող քաղաքական շերտը կռիվ է տալիս իր ունեցվածի համար։ Եվ քանի որ պարտվել է ընտրություններում, մնում է մեկ տարբերակ՝ անել հեղաշրջում։ 

Հեղաշրջում անելու համար հարկավոր է, որ երբ հեղաշրջման պահը գա, ժողովուրդը փողոց դուրս չգա ու չպաշտպանի իր ընտրությունը։ Այդ պատճառով էլ գնում է կառավորող ուժին ամեն գնով արժեզրկելու պրոցես։

Այսինքն, բացի օրենքներ ընդունելուց, ամեն ինչ անում են՝ իրար հայհոյում են, վարկաբեկում, որ եթե վաղը հեղաշրջում անեն, մարդիկ ասեն՝ է, ի՞նչ տարբերություն էս ուժն է, թե մյուսը, երկուսն էլ նույնն  են։

Բայց խնդիրն սա է՝ եթե հեղաշրջումը հաջողի, լինելու է բռնապետություն, եթե հեղաշրջումը ձախողի, լինելու է բռնապետություն։

Եվ հիմա այդ բռնապետությունը պահելու համար նաև մեդիայի կռիվ է գնում։ Դա օլիգարխիկ արժեհամակարգի կրողների կռիվ է։ Նրանք այլ ճանապարհ չեն պատկերացնում, ոչ էլ ուզում են պատկերացնել։

Գնու՞մ ենք դեպի բռնապետություն։ 

Ամեն օր։

Այլ ուղի չկա՞։

Կա հանրության մի շերտ, որը գիտակցում է ժողովրդավարության կարևորությունը, պարզապես համակարգված չէ ու չունի բավարար ռեսուրսներ, որ կարողանա գոնե այս փուլում բեկում մտցնել։ Բայց ես հույս ունեմ, որ ունենք շանս քայլ անելու դեպի ժողովրդավարություն։

Այն պրոցեսները, որոնք լինելու են ունեցվածքի ու սեփականության վերաբաշխման ընթացքում, հանգեցնելու են անկայուն իրավիճակի, որտեղ կլինի երրորդ ուժի անհրաժեշտություն։

Եվ եթե որպես հանրություն կարողանանք գտնել ներուժ, որ ձևավորվի այդ երրորդ ուժը, թույլ կտանք, որ ժողովրդավարությունը չփոխարինվի բռնապետությամբ։

Ի վերջո, 2018-ից հետո ստեղծված միջավայրը ավելի մեծ շանս է ժողովրդավարության համար, քան եղել է մինչ այդ։ Մնում է օգտագործել այդ լուսամուտը։ 

Չէ՞ որ եթե գնանք դեպի բռնապետություն, հաջորդ քայլը պետականության կորուստն է։

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *