2021.04.23,

Տեսակետ

«Չկարողացանք իրականում լինել անկախ»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Արվեստն ու քաղաքականությունը այն համադրում-բախումն է, որը միշտ հետաքրքիր է։ 

ժամանակակից արվեստի և արտ ակտիվիզմի լաբորատորիա՝ ԱրտԼաբ Երևան ստեղծագործական խումբի հահահիմնադիր, արվեստագետ Հովհաննես Մարգարյանը կարևոր է համարում բաց հարթակների ստեղծումը Հայաստանի տարբեր քաղաքներում: Որ լինի վայր, հետո՝ միջավայր, հետո՝ ստեղծագործելու ցանկություն։

Քաղաքական արվեստը միշտ ստեղծագործություն է քաղաքական հաստատություններից դուրս (եթե ներսում է, ակամայից դառնում է քարոզչության մաս)։ Հովհաննես Մարգարյանը նույն կերպ առաջարկում է նայել մեդիա դաշտին։ 

Հիմա բարդ իրավիճակում ենք, քաղաքական լարում է, լրատվական դաշտը եռում է։ Ինֆորմացիայի մեծ աղմուկի մեջ ի՞նչ է առաջարկում ժամանակակից արվեստը։

Ընդհանուր առմամբ ժամանակակից արվեստը հնարավորություն է տալիս վերանայելու հին պատկերացումները, կապերը, կարծրատիպերը, որոնք խանգարում են հասարակության զարգացմանը։ 

Այն ստեղծում է ոչ թե նոր իրականություն, այլ ցույց է տալիս նոր հնարավորություններ, գծում է նոր ուղենիշեր մշակութային հեղափոխության համար։

Սոցիալական արդեն սովորական դարձած ակտիվությունից ժամանակակից արվեստագետները փորձում են կատարել անցում դեպի նրա գիտակցական վերափոխում և համերաշխություն։

Խնդիրն այն է, որ շատերը ժամանակակից արվեստ ասելով պատկերացնում են մի բան, որը դժվար է հասկանալ։ Մինչդեռ ժամանակակից արվեստը շատ պարզ երևույթ է, այն ընդամենը արծարծում է իր ժամանակը, իրադարձությունները և այլն։

Այժմ մենք իրականացնում ենք մի ծրագիր, որը արտ ակտիվիզմի ու ժամանակակից արվեստի մասին է։ Փորձում ենք մի քանի քաղաքներում՝ Երևան, Կապան, Գյումրի և այլն ստեղծել բաց հարթակներ, որտեղ մարդիկ կարող են հավաքվել, զրուցել, ստեղծագործել, քննարկել, հանդես գալ նոր համարձակ առաջարկներով։ 

Փորձում ենք խթանել ինքնուրյուն և ազատ մտածողությունը, հանրության ուշադրությունը սևեռել բազմակարծության և նոր օրակարգերի ձևավորման վրա։

Ի վերջո, ժամանակակից արվեստի նախագծերը միայն արվեստի մասին չեն։ 

Պատերազմից հետո ազատության ու անվտանգության բախումը ակնհայտ է։ Եվ հիմա արտահերթ ընտրություններին շեմին՝ կարելի՞ է սպասել, որ արվեստը կարձագանքի։

Ցանկալի է, որ արվեստը ոչ միայն արձագանքի, այլ նաև հանդես գա առաջարկներով, արտահայտելով իր ժամանակի առաջադեմ, ակտուալ  միտքը։ 

Ինչի միջով էլ անցնենք, միևնույն է, հասարակությունը վաղ թե ուշ հանգելու է խաղաղության, փոփոխություններին և ավելի կոնցեպտուալ պատկերացումներին։

Թվում է, թե օրենքի հանդեպ հարգանքը, ընտրակաշառք չտալ-չվերցնելը, հանդուրժողականությունը, խաղաղությունը, պատրանքներին տուրք չտալը ամենասովորական, բազմիցս ասված, ծեծված, չարչրկված գաղափարներ են, սակայն մեզանից երկար տարիներ և անվերադարձ զոհեր պահանջվեցին, որ մեր հավաքական միտքը կարողանա փոփոխություն կրել, եթե, իհարկե, չվախենա այն կրելուց։ 

Կարծում եմ՝ այստեղ է մեր ժամանակակից արվեստագետների գործունեության տեղը։ 

Օրինակ, մեր նախագիծը ավարտելու ենք Կապանում   «Ապագայի սցենարներ. Մոռացեք ինչ գիտեք, սկսեք երազել» եզրափակիչ ցուցահանդեսով, հույսով, որ այնտեղ կտեսնենք, կզգանք այդ մշակութային հեղափոխական փոփոխությունների ալիքը։

Չափազանց քաղաքականացված է մեդիա դաշտը։ Եվ որքան տեսնում ենք, հիմնականում կարծրատիպեր տարածողը լրատվական դաշտն է։

Ցավոք, այո լրատվական դաշտը նույնպես անկախ չէ, այն հիմնականում կատարում է փողատեր կուսակցությունների և օլիգարխների պատվերը։

Իսկ եթե լրատվամիջոցը իրականում անկախ չէ, այն անում է ամեն ինչ, բացի լրատվությունից։

Քաղաքական արվեստը ընդվզում է կուսակցական ճշմարտությունների դեմ, փորձում է ավելի շատ գործ ունենալ իրականության հետ և մասնակցել իրադարձություններին։

Ցավոք, այսօր կուսակցությունները հիմնականում հանդես են գալիս ոչ թե նոր գաղափարներով, այլ հնացած, վաղուց օգտագործումից դուրս եկած ժամանակավրեպ և հայհոյախառն մտքերով։ 

Որոշ կուսակցությունների միավորումներ, կամ «հայրենիք փրկողներ», բացի զրոյական վստահությունից, օգտվելով պետության թուլությունից,  օգտագործում են մարդկանց դժբախտությունը և հասարակության ապատիան իշխանություն զավթելու անհեռատես նպատակով։  

Հիշում եմ, առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ ԱՄՆ-ում բնակվող մի ադրբեջանցի արվեստագետ ասում էր, որ իրենք պարտվեցին Հայասատնին մշակույթով։ 

Ցավոք, հիմա էլ մենք կարող ենք ասել, որ երկրորդ Ղարաբաղյան պատերազմում մենք պարտվեցինք մշակույթով։ 

Դա ոչ միայն զենքի պարտություն էր, այլև մշակույթի, մենք Արամ Խաչատրյանին կամ Արտավազդ Փելեշյանին փոխարինեցինք ռեստորանային երգիչներով, գիտությունն ու գիտելիքը դպրոցում փոխարինեցինք կրոնի դասընթացներով, մեր պետության «համար առաջին փեսան» դղյակներ էր կառուցում, արվեստի թանգարանային նմուշներ և ԶԼՄ-ներ գնում, իսկ Թուրքիայինը՝ Բայրաքթար ստեղծում։ 

Էլ չեմ խոսում մեր մեծահարուստ գեներալների դղյակների մասին։

Սա այն մշակութային հիմքն էր, որի վրա էլ հետագայում կառուցվեց մեր պարտությունը։

Պատերազմները ցույց են տալիս ճշմարտությունը. պատկերակացումները, ինտելեկտը, մշակույթը։ Ռեստորաններում ուտել-խմելով, պարելով ու հայրենիքի կենցաը խմելով, կամ հայուգենական տխմարություններով չես կարող հաղթել։

Իրականում, միգուցե մենք չկարողացանք լինել անկախ։ 

Հիմա շատերը Կապանում ասում են, որ հոգեբանական ու անգամ  ֆիզիկական ցավ են ապրում, տեսնելով ադրբեջանական դրոշները։ Սիմվոլը սարսափեցնու՞մ է։

Պոստմոռեդնիզմի հիմնական պոստուլատներից մեկը, որը հետագայում առանցքային դարձավ, նույնականացման որոնումն էր։ 

2001-ի սեպտեմբերի 11-ին ոչնչացվեց այդ նույնականացման չափանիշը, երբ ահաբեկիչների զավթած ինքնաթիռները խոցեցին Նյու Յորքի երկու երկնաքերերը։ Այդ ժամանակ, ինչպես հայտարարեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերը, պոստմոդեռնիզմն ավարտվեց։ 

Այսինքն, չափանիշները, պատկերացումները փոխվեցին։ Նույնականությանը փոխարինեց հանդուրժողականությունը։

Հայերն ու ադրբեջանցիները նույնը չեն, շատ տարբեր են, բայց պետք է փորձենք հանդուրժել իրար։ Շատ բան կախված է ավելի երիտասարդ սերունդից։ 

Բայց ցանկացած իրավիճակներում խնդիրը կամ սիմվոլը  հաղթահարվում է գիտելիքով։ 

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *