2021.03.11,

Տեսակետ

«Լսարանի ուշադրությանը տիրանալը դժվարանում է, և որոշ իմաստով՝ դա լավ է»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Լինոր Գորալիկը պոետ է, գրող, թարգմանիչ, լրագրող, մարքեթինգի մասնագետ, նորաձևության տեսաբան, նկարիչ, վերջերս նաև ոսկերիչ։ Նա ստեղծել է տարբեր մեդիա նախագծեր, որտեղ փորձում է մասնավոր, անգամ շատ նեղ անձնական հայացքը հյուսել մեծ համատեքստին։ 

Կարելի է ասել, որ Լինոր Գորալիկը համատեքստ ստեղծող է, շատ լավ զգում է, թե ինչպես են աշխատում սթորիթելինգի օրենքները, երբ բոլորս քմահաճ սպառողներ ենք։ Եվ թվային դարում դա մեծ շնորհ է, քանի որ իրադարձությունների, մարդկանց, ապրանքների, ծառայությունների, զգացմունքների ու իմաստների կապը շատ ավելի նուրբ ու հետաքրքիր է աշխատում։ 

Հիմա մեզ առաջարկվող բովանդակությունը հասել է ահռելի ծավալի, և Լինոր Գորալիկը դա համարում է հիանալի։ Մի քիչ վախեցնող, իհարկե, բայց հիանալի, քանի որ ընտրությունն է մեծ։

Նա վստահ է, որ յուրաքանչյուր մարդու մեջ նիրհում են բազմազան հետաքրքիր պատմություններ, բայց ոչ բոլորը կարող են դրանք դարձնել տեքստ կամ պատկերավոր պատում։ Եվ պետք են մարդիկ, որոնք ունակ են այդ պատմությունները որսալ, հանել մարդկանց միջից։ Օրինակ, ազգագրագետները, մարդաբանները կամ լրագրողները։

Լինել նրանց ձայնը, ովքեր չեն կարող խոսել. մոտավորապես սա է առաջարկում Լինոր Գորալիկը։ 

Եվ քանի որ պատմություն պատմելը նաև կոմերցիոն վարպետություն է, Լինոր Գորալիկը մարտի 10-12-ը կվարի սոցիալական մեդիա կառավարման և կոնտենտ մարքեթինգի դասընթաց Հայաստանի մեդիա փորձագետների, SMM մասնագետների և լրատվամիջոցների ղեկավարների համար։ 

Դասընթացը կազմակերպել են շվեդական FOJO մեդիաինստիտուտը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը։ 

Տեղակատվության այս առատ ռմբակոծման ժամանակ ինչպե՞ս է փոխվում տեքստի մատակարարման, վաճառքի տրամաբանությունը։ Երբ ամեն ինչ շատ է, բա՞րդ է գտնել պետքականը, թե՞ ընդհակառակը։

Կարծում եմ, մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ ի հայտ է եկել բովանդակության՝ սկզբունքորեն նոր սպառող։

Առաջին հերթին այդ նոր սպառողը շատ բովանդակություն է տեսել։ Եվ բովանդակության առատությունը նրան դարձրել է քմահաճ, քանի որ նա հանդիպել է կոնտենտի հնարավորինս լավագույն, փայլուն նմուշների։

Հարցն այն չէ, որ բովանդակությունը դարձել է շատ, այլ այն, որ կարելի է հանդիպել բովանդակության շշմեցուցիչ օրինակների։

Առաջին հերթին՝ նոր տեսակի սպառողն արդեն ունի համեմատություն անելու լայն դաշտ։ Ինչ էլ նրան առաջարկենք, դա չի լինի նորություն (հազվադեպ բացառությամբ)։ Եվ եթե շատ ջանք չթափենք, չենք կարողանա նրան զարմացնել։

Երկրորդ կարևոր դիտարկումն այն է, որ մենք գործ ունենք սպառողի հետ, որն ինքն է ստեղծում բովանդակություն։

Մարդը, որը մասնակցում է բովանդակության ստեղծմանը, անմիջապես սկսում է հասկանալ, թե ինչպես ենք դա անում մենք և ինչ է նշանակում լուսանկար, վիդեո, կամ տեքստ արտադրելը։ Նույնիսկ եթե դա արվում է բացարձակապես տարբեր մակարդակների վրա, մարդն իր տեսածն ու կարդացածն արդեն համեմատում է սեփական փորձառության հետ։ Եվ դա ազդում է այն բանի վրա, թե ինչպես է նա ընկալում մեր աշխատանքը։

Երրորդը՝ նոր սպառողը ազատ է բովանդակություն ընտրելու։ Նա ունի ահռելի ընտրություն, թե ինչի վրա կանգ առնել և ինչի վրա ուշադրություն դարձնել։ Այո, մենք այլևս նրա աշխարհի կենտրոնում չենք, որքան էլ ջանք թափենք։

Չորրորդը՝ նոր սպառողը մարդ է, որն ամեն օր ճշտում է իր ուշադրությանը արժանացած բովանդակությունը։ Եթե մենք որևէ կետում թույլ տանք անճշտություն, փոքր կեղծիք կամ մանր սխալ, պիտի պատրաստ լինենք, որ միշտ կգտնվեն այնպիսի օգտատերեր, որոնք մեր ստեղծած բովանդակության աղիքների մեջ մտնելով ու ամեն ինչ փորփրելով՝ դա մեզ ցույց կտան։ Ու երբեք թույլ չեն տա, որ թուլանանք։

Եվ այս գործոնները ստեղծում են մի իրավիճակ, երբ սպառողի ուշադրության մեջ ներթափանցելը դառնում է ավելի ու ավելի բարդ։ Եվ հենց բովանդակությունն է փոխվում՝ ամեն քայլափոխի։

Մեր աչքի առաջ հայտնվում են նոր ալիքներ, նոր ձևաչափեր, դրանց սպառման եղանակներ և ի վերջո, նոր հնչերանգներ, որոնցով ստեղծվում է բովանդակությունը։ Եվ համագումարում այդ ամենը մեզ բերում է նոր իրականություն, որտեղ լսարանի ուշադրությանը տիրանալը (փորձում եմ խուսափել «վաճառել» բառից) շատ է դժվարանում։ Եվ որոշ իմաստով՝ դա լավ է։

Մեկնակետը զարմացնե՞լն է։

Հետաքրքրելը։

Ես ունեցել եմ հաճույք աշխատելու «Կոմերսանտ»-ի հիմնադիր Վլադիմիր Յակովլևի հետ, որը միշտ ասում էր, որ  «Կոմերսանտ»-ը ստեղծելը է շատ-շատ հեշտ էր, քանի որ այն դարձավ դաշտային խոհանոց՝ պատերազմի ժամանակ։

Տեղակատվություն ընդհանրապես չկար, և հարկավոր էր ինչ-որ կերպ կերակրել մարդկանց։ Այսինքն, դժվար չէր ծավալել դաշտային խոհանոց ու սոված զինվորներին կերակրել սովորական շիլայով։ Բավական էր, որ շիլան նորմալ լինի՝ թարմ, համեղ, տաք, ոչ թունավոր, և ամեն ինչ լավ կլինի։

Հիմա իրավիճակը սկզբունքորեն այլ է։ Հիմա հարկավոր է փորձել մարդկանց հրավիրել ռեստորան՝ գտնվելով հսկայական ռեստորանային փողոցում։

Եվ հիմա, այո, մենք այդ վիճակում ենք։

Իսկ ի՞նչ դեր ունի քաղաքական բաղադրիչը։ Համենայնդեպս, Հայաստանում գրեթե բոլոր տեսակի բովանդակության հետևից երևում են քաղաքականության ականջները, հնչերանգները։ Քաղաքականությունը պարտադի՞ր համեմունք է, թե՞ ավելորդ բաղադրիչ։

Շատ բան կախված է, թե ինչ բովանդակություն նկատի ունենք։ Բայց ունեմ զգացողություն, որ աշխատանքը բարդանում է, երբ բովանդակությունը չափազանց քաղաքականացված է։

Բայց մյուս կողմից՝ բովանդակության հսկայական ծավալ արդեն իսկ քաղաքականացված է ծնվում, անգամ երբ հենց բովանդակություն ստեղծողները չեն հասկանում, որ իրենց ստեղծածը քաղաքականացված է։

Սպառողի համար լավ է, երբ մեդիան ինքն իրեն հաշիվ է տալիս, որ ունի պատվիրատու։ Հաճախ լսարանը դա չի էլ հասկանում։

Եվ ինձ թվում է, որ դա, այո, նոր իրականություն է։ Եվ շատ նորմալ իրականություն։

Իհարկե, լավ հասկանում եմ, որ այն սոցիալական, մշակութային ու քաղաքական ցնցումները, որոնցով անցավ Հայաստանը վերջին տարիներին, թույլ չեն տալիս պատկերացնել, որ կարելի է առանց դրա։ Ի՞նչ արած, այդպիսի ժամանակահատված է, երբ մեդիայի աշխատանքը բարդ է ու ծանր։

Ձեր կարծիքով ինչպիսի՞ն է հիմա մարդը սոցցանցային տարածքում, որտեղ կա անանունության զգալի չափաբաժին։

Կարծում եմ, այսպես թե այնպես մենք շարժվում ենք դեպի մի տարօրինակ աշխարհ, որտեղ ցանկանում ենք գտնել ավելի շատ անանունություն, քան ունենք։ Հիմա հայտնվել ենք մի իրավիճակում, երբ շատ սոցցանցեր աշխատում են ոչ անանունության հիմքով։ Օրինակ, Ֆեյսբուքը կամ նոր ստեղծված ՔլաբՀաուսը անանուն չեն։

Այսինքն, հենց սոցցանցերը չեն քաջալերում անանունությունը։

Եվ մարդիկ մեծամասամբ սկսում են ընտելանալ, որ ինտերնետում այլևս չեն կարող լինել լայն իմաստով անանուն։

Ես հետևել եմ մի քանի սոցցանցային փորձակումների, երբ մարդիկ արտահայտվել են լիակատար անանունության պայմաններում։ Եվ, իհարկե, դա թողնում է շատ ծանր տպավորություն՝ մարդիկ շատ արագ գահավիժում են չափազանց ցածր մակարդակի։

Ագրեսիան ու վիրավորանքն է շատանում։ Ինչու՞։

Որովհետև մարդկանց մեջ կուտակվել է ագրեսիան։ Մենք քաղաքակրթություն ենք, որը դնում է կոշտ արգելք՝ տարածելու ագրեսիա։

Եվ, իհարկե, եթե որևէ բան երկար ժամանակ արգելում ես ու փակի տակ պահում, այն անպայման, հենց առաջին իսկ հնարավորության դեպքում դուրս է պրծնում արտաքին աշխարհ։

Դուք ունեք նախագծեր, որտեղ փոքր պատմություններն իրենց հետևից քաշում ու բացահայտում են մեծ պատմությունը։ Ո՞րն է այն սկզբունքը, որով աշխատում եք անձնական պատմությունների հետ՝ Ձեր պատմվածքներում, PostPostMedia կամ Մասնավոր դեմքեր նախագծերում։

Յուրաքանչյուր փոքր սյուժեի հետևում տեսնում եմ հսկայական նառատիվներ։ Իմ բախտը բերել է, միգուցե իմ ներքին օպտիկական կարգավորումներն այդպես են գործում, որ երբեմն ինձ բավարար է մեկ կամ երկու նախադասություն՝ որսալու համար որևէ մեծ պատմություն, խոշոր իրադարձությունների ինչ-որ շերտեր։

Երևի մոտավորապես այդպես է դա աշխատում իմ դեպքում։

Երբ մարդը ազատ արտահայտվում է, սովորաբար ընկնում է բավականին հուզական ու պաթետիկ դաշտ, թաքնվում ընդհանուր բառերի մեջ։ Ինչպե՞ս խուսափել պաթոսից, հատկապես լրատվական աշխատանքում։

Լինոր Գորալիկ

Լրագրողներին սովորեցնում են դա անել՝ հիմնվելով միայն փաստերի վրա։ Այսինքն, երբեք չգրել սեփական ապրումների, զգացմունքների, վերաբերմունքի մասին և խոսել միայն իրականում տեղի ունեցածի մասին։

Բայց մյուս կողմից՝ երբեմն պաթոսը այդքան էլ վատ բան չէ։ Ես այդպես եմ կարծում։ Ի վերջո, մարդիկ կարող են խոսել իրենց զգացմունքների մասին ինչպես կամենան։

Իհարկե, փաստերի լրագրությունն այլ սկզբունքով է աշխատում։ Ես չափազանց բարձր եմ գնահատում այդ սկզբունքները, և ինձ վախեցնում է այն մասշտաբային գրոհը, որը հիմա ծավալվում է փաստերի լրագրության դեմ։ Այն, ինչ կատարվում է հիմա Ռուսաստանում, ուղղակի սարսափեցնում է։

Փաստերի լրագրությունը մի բան է, որին բոլոր դեպքերում պետք է աջակցել և որքան հնարավոր է էներգիա ներդնել՝ այն պաշտպանելու համար։

Ես հավատում եմ փաստերին։ Բայց դա բացարձակապես չի խանգարում ինձ բարձր գնահատել ոճաբանությունն ու գեղարվեստականությունը, որոնք օգնում են ցույց տալ, թե ինչ են մարդիկ զգում և ինչպես են վերապրում իրադարձությունները։

Ինձ թվում է, այդ երկուսն էլ կարևոր ժանրեր են և երկուսն էլ ունեն մեծ պահանջարկ, եթե նորից վերադառնանք պահանջված տեքստերի թեմային։

Որոշ իրավիճակներում պաթետիկ ոճը կարող է լինել արդարացված։ Օրինակ, պոեզիայում կարելի է թույլ տալ ամեն ինչ։ Պոետիկ տեքստը կարող է լինել որքան ուզես պաթետիկ, և դա կլինի տեղին։

Իսկ երբ միանում են փաստերի լրագրությունն ու ասենք, հայրենասիրական պաթոսը, մենք միշտ հասկանում ենք, որ գործ ունենք պրոպագանդայի հետ։

Այնպես որ, շատ բան կախված է ժանրից, հարթակից, արտահայտման ոճից ու հեղինակից։

Իսկ հնարավո՞ր են որոշ պրակտիկ դասեր, որոնք կօգնեն հեղինակին կամ լրագրողին հասկանալ, որ նա (միգուցե ակամայից) մտնում է պրոպագանդայի տարածք։

Վստահ եմ, որ այդ հարցն ունի նաև ձևակերպված գիտական պատասխան։ Դրանով զբաղվել են շատ խելացի մարդիկ՝ փորձելով բնորոշել, թե ինչով է քարոզչական նյութը տարբերվում պարզապես նյութից և դա որոշելու համար մշակել են հատուկ տեխնիկաներ։ Ես չեմ կարողանա հեշտությամբ պատասխանել այդ հարցին։

Բայց անձամբ ինձ համար որոշել եմ, որ երբ փորձում ես լսարանին ոչ թե պատմել ինչ-որ բանի մասին, այլ համոզել ինչ-որ բանում, արդեն պետք է զգուշանաս։

Եթե լրագրող ես ու պատմելու փոխարեն ուզում ես համոզել, արժի կանգ առնել ու մտածել, թե ինչ ես անում։

Մարքեթինգի գործը համոզելն է։ Այդ թվում լրատվական արտադրանք սպառելը։

Այո, և դա նորմալ է։

Բայց եթե փաստերի լրագրող ես, այդ ժանրի մաքուր, մերկ իմաստով, պիտի փորձես ոչ թե ինչ-որ բան համոզել, այլ մարդկանց գիտելիք փոխանցել։ Եթե համոզում ես, արդեն պետք է ընդունես, որ լրագրող չես, այլ զբաղվում ես բոլորովին այլ գործով՝ քարոզչությամբ։ Եվ դա էլ է նորմալ գործ, պարզապես տարբեր գործ է, լրագրություն չէ։

Բայց թերևս դրանում ինքդ քեզ պիտի հաշիվ տաս։

Օրինակ, ռուսաստանյան պաշտոնական լրագրությունն այլևս լրագրություն չէ։ Ես որպես մարքեթինգի մասնագետ կարող եմ ասել, որ դա ինֆորմացիայի հետ աշխատելու այլ մասնագիտություն է։ Դա էլ է նորմալ մասնագիտություն, բայց ոչ լրագրություն։

Իսկ փաստերի լրագրություն, իհարկե, կա։ Այն քիչ է, բայց կա։

Դուք շատ տարբեր մասնագիտություններ ունենք, ինչպես ընդունված էր Վերածննդի դարում։ Լայն մասնագիտությունների տիրապետումը ավելի հեռանկարայի՞ն է, քան նեղ մասնագիտացումը։

Յուրաքանչյուրը կարող է զարգանալ և տիրապետել նոր մասնագիտական հմտությունների, միգուցե ամբողջական մասնագիտությունների։

Մենք հայտնվեցինք մի աշխարհում, որտեղ առանց դրա այլևս հնարավոր չէ։

Ես ինքս էլ իմ գործընկերների ու ուսանողների հետ շփումների արդյունքում տեսնում եմ, որ մարդիկ, որոնք կարողանում են ցանկացած իրավիճակում ու ցանկացած տարիքում նոր բան սովորել, ադապտացնել իրենց գիտելիքները իրականությանը և նոր հորիզոններ բացել, շատ ավելի վստահ են իրենց զգում և ավելի արդյունավետ են իրենց տեղը գտնում հասարակության մեջ։

Այդպիսի դինամիկա է, այո։

Հայաստանի մեդիա դաշտում հետաքրքիր շարժ տեսնու՞մ եք։

Ես պատիվ եմ ունեցել աշխատելու Հայաստանի մեդիայի հետ տեղի ունեցած քաղաքական խորը կատակլիզմներից անմիջապես առաջ և հաճույքով հետևել եմ, թե ինչպես են այն մեդիա հարթակները, որոնք մեծ դժվարությամբ գոյատևում էին հին քաղաքական իրավիճակում, սկսել ծաղկել, ոտքի կանգնել։ Եվ արդարացիորեն հասնել այն բարձունքներին, որոնց միշտ պրոֆեսիոնալ տեսանկյունից պատրաստ էին։

Ես հաճույքով եմ հետևում նրանց աշխատանքին և ուրախ կլինեմ, որ Հայաստանի անկախ մեդիան հետագայում կարողանան աճել ու ծաղկել։

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *