2021.01.28,

Տեսակետ

«Հայհոյախառն խոսքը դարձել է այնքան սովորական, որ նույնիսկ չի էլ հուզում ու զայրացնում»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Սոցիալական մեդիայով տարածվող ագրեսիվ ու ատելությամբ լի խոսքը սահուն կերպով տեղ է գտնում պրոֆեսիոնալ համարվող լրատվամիջոցների էջերում ու հեռուստաէկրանին՝ խտացնելով հասարակական բևեռացումը։

Գրականագետ, «Գրանիշ» հանդեսի հիմնադիր Հասմիկ Հակոբյանը վտանգավոր է համարում այդ բևեռացված միջավայրը, քանի որ հայհոյանքի ու վիրավորնքի մեջ կորչում է նոր միտք ստեղծող որակյալ խոսքը։ 

Նա ասում է, որ հաճախ մենք ոչ թե տարբեր մտքեր կամ գաղափարներ ենք քննարկում, այլ վրեժխնդիր լինում միմյանցից՝ խոսքը դարձնելով զենք՝ անձնական հարցեր լուծելու համար: Իսկ դա նաև պարտության նշան է:

Ատելության խոսքը Հայաստանի սոցիալական մեդիայում հասել է անտանելի ծավալի։ Պատճառը պատերազմից հետո առաջացած անորոշությու՞նն է:

Ագրեսիվ խոսքը վերջին տարիներին մշտապես ներկա է եղել սոցցանցերում, բայց այն, ինչ հիմա է կատարվում, աննախադեպ մեծ ծավալների է հասել, անցել մարդու ես-ն ու ինքնությունը ոտնահարող բոլոր թույլատրելի սահմանները: Ինքնազսպման ոչ մի մեխանիզմ այլևս չի գործում: 

Անմիջական շփման ժամանակ սովորաբար ավելի զուսպ ենք ընտրում բառերը, ավելի խնայող ենք միմյանց հանդեպ. մարդն անմիջապես կանգնած է քո դիմաց, և բռունցքով հակահարված ստանալու հավանականությունն ավելի առակայական է։ 

Իսկ սոցցանցային իրականությունը քեզ ապահովագրում է տարածական ընդարձակությամբ, և խոսքը դառնում է ավելի սանձարձակ ու կտրուկ։ 

Հիմա խոսքը շատ բևեռացված է։ Անգամ այն աստիճանի, որ երկու տարբեր գաղափարական խոսույթով մարդիկ այլևս չեն կարող իրար հետ զրուցել։

Օրինակ, պատերազմի ընթացքում և դրանից հետո ինձ շատ մարդիկ հեռացրեցին իրենց ֆեյսբուքյան ընկերների ցանկից, թեև շատերի հետ անմիջական երխոսություն կամ առճակատում չեմ ունեցել: Հավանաբար, զուտ իմ կարծիքները, մտքեր չեն կիսել:

Ու եթե լրագրողներն են այսպիսի վիճակում, էլ ի՞նչ ասենք սովորական օգտատերերի մասին։

Այս բացարձակ անկառավարելի խոսքը հորդաց հատկապես պատերազմից հետո։ Զայրույթն ու բևեռացումը պատերազմից հետո հանգեցրեցին նման ծայրահեղ վիճակի։

Նախկինում, եթե որևէ միտք կամ կարծիք զայրույթ էր առաջացնում, ամեն դեպքում, հանրային տիրույթում արտաբերելուց առաջ այն որոշակի զսպման ֆիլտրեր էր անցնում: 

Պատերազմը դուրս է բերել մեր ներսում կուտակված զայրույթը:

Հիմա մեր ներքին ֆիլտրող համակարգը կարծես վթարի է ենթարկվել, բոլոր ենթագիտակցական «ստվերային» մղումները առանց արգելք բացասական խոսքի տեսքով հայտնվում են արտաքին աշխարհում և պատերազմի քողի տակ «ճշմարիտ» խոսքի կարգավիճակ ստանում: 

Պարտությունը ծանր բեռ է։

Իհարկե, պատերազմի ու պարտության ցավը աննախադեպ է, այն կարող է որոշ ժամանակ ճնշել, ցավ պատճառել մարդուն, պահի տակ ստիպել խոսել ագրեսիվ բառապաշարով՝ սուբլիմացնելով կորստի ցավը, բայց  երկարաժամկետում դա ավերիչ ազդեցություն է թողնում: 

Հայհոյախառը, ագրեսիվ խոսքի անընդհատ շարունակականությունը հետապնդում է քաոսի, ամենթողության մթնոլորտ ստեղծելու միտում: 

Էլ ավելի վատ է, որ հայհոյախառը խոսքը դառնա նորմ, համարվի օրինաչափ երևույթ: 

Տևական ներկայության դեպքում նման խոսքը այլևս դադարում է հուզել, կորցնում է իր ազդեցիկությունը: Տպավորություն է, որ փաթեթով լսում ես բառերի այդ շարքը ու փաթեթով էլ իրենց մի կողմ դնելով՝ շարունակում քո առօրյան:

Երևի արժե դադար վերցնել, լռել որոշ ժամանակ, կամ փոխել խոսքի որակը մասնագիտական, գիտական խոսքով։

Ես օրինակ, հիմա գերադասում եմ սոցիալական մեդիայում ավելի շատ գրել գրականության մասին, կազմակերպել գրքերի քննարկումներ։ Գուցե մարդիկ դա ժամանակավրեպ համարեն, բայց դա անում եմ հանրային խոսույթում բազմազանություն մտցնելու համար նաև: 

Կարծում եմ՝ հիմա նկատելի է սովը՝ այլ որակի խոսք կարդալու։

Լրատվամիջոցները բոլոր դեպքում պահպանում էին խաղի կանոնները, հիմա ոչ միայն ցանցերում, այլև եթերից է հնչում ագրեսիվ ու վիրավորական խոսք, առանց որևէ խմբագրման։ Ի՞նչ է փոխվել։

Ուղղորդված խոսքը նորություն չէ, պարզապես տարբերությունն այն է, որ մինչ պատերազմը կար նաև այլ որակի ու այլ թեմաների շուրջ խոսք։ Իսկ հիմա տոկոսային առումով ատելության խոսքը գերակշռում է։

Նման նպատակաուղղված մեդիա արշավներ արվեցին նաև համավարակի ժամանակ՝ Արսեն Թորոսյանին ուղղված, հետո կրթության չափորոշիչների քննարկման ժամանակ՝ ԿԳՄՍ նախարարի, պատերազմի ժամանակ՝ կառավարության դեմ և այլն։

Իհարկե, շատ դժվար է կողմնորոշվել այսօրվա լրատվական դաշտում։

Վերջին հաշվով մենք գրեթե չունենք ազատ ու անաչառ մեդիա, կան մի քանի լրատվամիջոցներ և փաստերի ստուգման հարթակներ, բայց անաչառ լրատվամիջոցներն ու լրագրողները քիչ են։ 

Այսինքն, այնպիսի լրագրողներ, որոնք բազմակողմ են ներկայացնում իրականությունը, քննադատում են առանձին դեպքերն ու երևույթները և ոչ նպատակադրված գլուխդ են արթուկում: 

Ի՞նչ նպատակ ունի հետևել այս կամ այն լրատվամիջոցին, երբ տեսնում ես հետևում ակնհայտորեն քեզ աչքով անող շահագրգիռ մարդու կիսադեմքը: Եվ հասկանում ես, որ եթե տվյալ լրագրողը մեկ այլ լրատվականում աշխատեր, ճիշտ նույն հաջողությամբ նրա նյութերը հարմարեցված կլինեին հակադիր քաղաքական պահանջին: 

Իհարկե, լրատվամիջոցը չի կարող է բացարձակ անկախ լինել, բայց գոյություն ունի լրագրողական էթիկա, լրագրության նվազագույն կանոների պահպանում, որի պակասը զգալի է: 

Նկատե՞լ եք, թե ինչպես են արհեստածին մեդիա ալիքները տարածվում։

Դրանք շղթայական են. սկզբում ֆեյսբուքում կոնկրետ մարդիկ գրում են ստատուս-կարծիքներ, հետո այդ ստատուսները տեղ են գտնում տարբեր սունկ կայքերում, հետո վերատպվում ավելի խոշոր լրատվամիջոցներում, իսկ, օրինակ, «Արմնյուզն» իր եթերում ընթերցում է դրանք։

Եվ այդպես տարածվում են միշտ որոշակի կողմի կարծիքները, և արդեն դրանց շուրջ է ծավալվում քննարկում։ 

Ընդ որում՝ այդ կարծիքները կարող են լինել շատ գրագետ կառուցված ու հիմնված փաստերի վրա։ Բայց խնդիրը փաստերի ընտրությունն է՝ վերցնում են միայն այն փաստերը, որոնք կարելի է ենթարկել մանիպուլյացիայի ու ազդել լսարանի հուզականության վրա։ Մնացած փաստերը շրջանցում են։ 

Երբեմն մեր լրատվականների այս քաղաքականությունն անցնում է  խելամտության բոլոր սահմաններն ու դառնում անգամ զավեշտալի. երբ օրինակ, «Արմնյուզի» եթերում պաթետիկ ու հուզական տոնով ընթերցում են ինչ-որ ֆեյքի անիմաստ մի գրառում՝ տպավորություն ստեղծելով, որ հենց այսպես են մտածում այսօր մարդիկ:

Ամենավտանգավորը այն է, որ այդ խոսքը եթեր է գնում հեռուստատեսությամբ ու հասանելի դառնում մեծ թվով մարդկանց։

Եվ նրանք, ովքեր, փորձ չունեն վերլուծելու մեդիա դաշտը, հաճախ հակված են հավատալ իրենց տեսած ու լսած ինֆորմացիային։

Բավական է, որ մի զայրացած ու վիրավորական բան գրես սոցցանցերում, «168 ժամը» կամ մի քանի նման մեդիա քո խոսքը կտեղադրեն իրենց կայքերում։ 

Միգուցե որպեսզի նման բան տեղի չունենա, շատերը լռու՞մ են։

Պատերազմից հետո բոլորս հայտնվել ենք վակուումում՝ ոչ ոք ուրիշ բանի մասին չի խոսում։ Իսկ խոսող ինտելեկտուալ հատվածի մի մասը ընդհանրապես ոչ մի բան չի գրում։ 

Բնական է, որ մեդիայում հիմա չի ստացվում գրել, ասենք, գիտության, նոր ֆիլմերի կամ ցուցահանդեսների մասին։ Անգամ նորմալ վերլուծական կարծիք է դժվար գրել։ Գրականության, երաժշտության, արվեստի մասին խոսողները լռել են։

Իսկ մյուս կողմից կա բողոքավոր ու ագրեսիվ մարդկանց խումբ, որը փաստացի լրացնում է այդ լռող ինտելեկտուալների բացը։ Եվ հիմա միայն նրանք են երևում սոցիալական մեդիայում։

Եթե հիմա ուզում ես ընդունվել սոցցանցերի հայկական հատվածում, քո խոսքը պետք է ունենա շատ որոշակի չափանիշներ, այն պիտի լինի բողոքավոր-պահանջատիրական, ներկայացնի իրականության միայն դժվար կողմերը՝ անպայման շեշտելով, որ անելանելի վիճակում ենք:

Եվ ամեն երկու ստատուս մեկ կամ գոնե մեկնաբանություններում պիտի նշես, թե ինչքան ծանր է այս ամենը անձնապես քեզ համար, ինչ հուսահատության մեջ ես և այլն: 

Իսկ եթե քեզ զսպում ես՝ լրահոսը հերթական հուսահատ գրառումով չծանրաբեռնելու ու ավելի չծանրացնելու մարդկանց հոգեբանական վիճակը, դա համարվում է թուլություն: Կարող են մեղադրել, որ անհոգ ես, պատերազմի ու պարտության հարցերին լուրջ չես վերաբերվում: 

Երբ «Գրանիշը» տարեվերջին իր ամենամյա գրական տարվա ամփոփումն արեց, եղան մեկնաբանություններ՝ բա դրա ժամանա՞կն է, ազգը կործանվում է, մարդիկ տներ են կորցնում, իսկ դուք գրքեր եք քննարկում։

Պատերազմը պետք է մեզ միմյանց հանդեպ ավելի սրտացավ ու խնայաող դարձներ, բայց հակառակը տեղի ունեցավ:

Որքան տեսնում ենք, ագրեսիվ խոսքը շուկայական գին ունի նաև։

Բոլորի նման խոսելը, հանրային խոսքի հոսքում մեյնսթիմ լինելը ողջունելի է։ Օրինակ, բոլորով հարձակվում են մեկի վրա, մինչև վերջ պախարակում ու բզկտում: Հետո գալիս է այդ մարդուն պաշպանողների հոսքը, հետո նրանց հեգնողների և այսպես շարունակ, մինչև ալիքը մարում է:

Սոցցանցային հարձակումները նաև ուղղորդված են։ Հատկապես վերջին տարիներին տեսանելի դարձավ, որ հանրային խոսքը շատ արագ ուղղվում է մեկ անձի, մի երևույթի դեմ։

Որպես արժեզրկման գործիք օգտագործվում է նաև հումորը։ Հումորով կոծկում են սուր ու խնդրահարույց հարցերը թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմադիրները։ 

Ընտրում են մի դրվագ ու հեգնական գրառումներով ու մեմերով այնքան են տարածում, որ հիմքում ընկած բուն խնդիրը պարզապես կորում է տեսադաշտից, մնում է միայն հեգնանքը։

Ի՞նչ էր անում «Գրանիշը» վերջին ամիսների ընթացքում։

Փորձել ենք հավաքել պատերազմի օրերին ստեղծվող տեքստերը՝ զինվորների բանաստեղծություններ, նամակներ առաջնագծից, խոհեր։ Միգուցե այդ տեքստերից որոշները բարձր գեղագիտական արժեք չունեն, բայց դրանք վավերագրություն են։ Հետագայում այն կօգնի հետազոտողներին գտնել, թե ինչ են խոսել այդ օրերին, կարդալ մարդկանց մտահոգությունները։ 

Սկզբից խուսափում էի նման հուզական տեքստեր հրապարակել, քանի որ ինքս էլ շատ հուզական վիճակում էի ու կարող էի կորցնել գրականագետի ունակությունը, բայց մտածեցի, որ այդ օրերին կարևոր է, որ ապրելու իրավունք ստանան նաև այդ տեքստերը:

Իսկ ո՞նց խոսենք հետոյի մասին։

Դա ամենաբարդն է։ Հասարարական կարծիքն այն աստիճանի է ճնշում մարդուն, որ ապագայի մասին հիմա կարելի է խոսել կամ հաղթական սպասումով (պիտի գնանք, ազատագրենք, վերադարձնենք) կամ առաջ տանելով հարևանների հետ երկխոսության գաղափարը: 

Միջանկյալ, որևէ այլ խոսույթ ընդունելի չէ:

Երկու կողմերն էլ իրենց ընտրությունն արդարացնելու համար բացարձակացնում են իրենց դիրքորոշումը՝ չթողնելով այլ տարբերակ։

Այսինքն, բավական է խոսել որևէ համագործակցության ու երկխոսության մասին, քեզ կպիտակավորեն որպես թրքասեր ու դավաճան։ Եվ հակառակը։

Մեզ աշխատել է պետք, որ թևաթափ չլինենք, ու մենք էլ մեր ոլորտներում պարտություն չկրենք։ 

Պարտությունը մեզ զրկել է թույլ, հուզական ապրումների տրվելու շռայլությունից:

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *