Նունե Հախվերդյան
Լրագրող, արվեստի քննադատ
Տաթևիկ Ռևազյան, լուսանկարը՝ Վաղինակ Ղազարյանի

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն այն պաշտոնյաներից է, որի մասին լրատվական դաշտը գրում էր մեղմ ներողամտությամբ կամ կոշտ քննադատությամբ: Թիրախ էին դարձել նրա երիտասարդ տարիքը, գեղեցկությունը, ոչ Հայաստանում ծնված լինելը, ոլորտի խնդիրները չպատկերացնելը: 

Տաթևիկը տարբերվում է այլ պաշտոնյաներից իր կերպարով ու բնական վստահությամբ (իսկապես բնական, այլ ոչ թե հարձակողական): Դա նրա թե՛ առավելությունն է, թե՛ գլխացավանքը:

«Տաթևիկ» ֆոտոպատմությունը, որը «Թվապատում 2019» լրագրողական մրցույթում արժանացավ «Homo Agendi (Գործող անձ)» գլխավոր մրցանակի, իր մուլտիմեդիա նախագծի հերոս էր դարձրել քաղավիացիայի կոմիտեի նախագահին: 

Եվ մրցույթի տրամաբանության համաձայն՝ հերոսն ու հեղինակը հավասարապես են կիսում նյութի հաղթանակն ու պատասխանատվությունը: 

«Գործող անձ» Տաթևիկ Ռևազյանը վերջին օրերին դարձավ ամենահիշատակվող պաշտոնյան (իռլանդական բյուջետային ավիաընկերության Հայաստան մուտք գործելու շնորհիվ), և զրույցը նրա հետ ավելի շուտ ստացվեց գործելու ու ներկայանալու սահմանների մասին:

Երբեմն դրանք համընկնում են, բայց երբեմն նաև՝ հակասում:

Բայց լավ է, երբ Տաթևիկ Ռևազյանը ինքն է խոսում մեդիայում, այլ ոչ թե մեդիան է խոսում նրա մասին:

Մեդիան սեփական գործդ գովազդելու ու միաժամանակ պաշտպանվելու գործիք է: Վահան ու սուր է: Ինչպե՞ս եք պահպանում այդ երկուսի հավասարակշռությունը:

Դա ինձ համար եղել է ամենամեծ բարդություններից մեկը: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում ամեն օր լուծում եմ լուրջ խնդիրներ, բայց մամուլի հետ աշխատանքը շարունակում է ինձ համար մնալ բարդ:

Միգուցե պատճառն այն է, որ չունեմ մամուլի խոսնակի հաստիք (այն վերացրել ենք), և ստիպված մեդիա ներկայությամբ զբաղվում եմ անձամբ ես կամ իմ օգնականը, որն ի դեպ՝ ընդհանրապես չունի նման փորձ:

Հնարավոր է, որ այս ժամանակահատվածում մեդիայի հետ աշխատանքում մենք նաև սխալվել ենք:

Բայց հասցրել եմ նկատել, որ կան կոնկրետ մի քանի լրատվամիջոցներ, որոնք կենտրոնանում են միայն մեկ բանի վրա. ուզում են կեղտ գտնել: Այլ նպատակ չունեն: Զգացվում է, որ տարածում են կեղծ, հաճախ ոչ մի հիմնավորում չունեցող տեղեկատվություն:

Տաթևիկ Ռևազյանը «Թվապատում 2019» լրագրողական մրցույթի «Homo Agendi (Գործող անձ)» մրցանակով

Եվ ցավալի է, որ Հայաստանում չհիմնավորված ինֆորմացիան շատ արագ է տարածվում: Անկեղծ ասած՝ սկզբից դա շոկային ազդեցություն էր թողնում ինձ վրա, քանի որ ես սովոր եմ, որ եթե որևէ բան գրվում է մեդիայում, ապա առնվազն նշվում է, թե ով է դա ասել, երբ և որտեղ:

Համենայնդեպս, Դանիայում ապրելու տարիներին երբեք չեմ տեսել, որ չստուգված տեղեկությունը տարածվի այնքան, որքան Հայաստանում:

Մինչ «Ռայնէյր»-ի մուտքը մեդիան Ձեզ հիշատակում էր որպես «գեղեցիկ աղջիկ»՝ բարի, բայց հեգնական երանգով: Վիրավորակա՞ն չէր:

«Գեղեցիկ աղջիկը» այդքան էլ չեմ ընդունել որպես վիրավորանք, հասկանալով, որ երևի անսովոր երևույթ եմ Հայաստանում ու կա ռիսկ հայտնվելու նման բնորոշումների թիրախում:

Իհարկե, ռիսկը տեսնելը չի նշանակում, որ դա ընդունելի է: Եվ եթե հնարավոր է դրա դեմ պայքարել, պետք է պայքարել: Թեկուզ միայն այն բանի համար, որ մյուս երիտասարդ կինը, որը կգա կառավարություն, չարժանանա նույն վերաբերմունքի ու չկանգնի նույն խնդրի առջև:

Համենայնդեպս, ես փորձում եմ իրականությունը գնահատել դրական տեսանկյունից: Եվ դրա ամենալավ միջոցը աշխատելն է:

Եթե սկսեմ մամուլի միջոցով պայքարել մամուլի դեմ, պարզապես ժամանակ կվատնեմ: Անկեղծ եմ ասում՝ պարզապես ժամանակ չունեմ զբաղվելու փիառով, ամբողջ օրը վազվզոցի մեջ եմ: Եվ իմ պայքարը լինելու է զուտ արդյունքը:

Ես փխրուն մարդ չեմ: Եթե նպատակ եմ դնում իմ առջև, բոլոր հնարավոր ուղիները փնտրում եմ՝ նպատակին հասնելու համար:

Պաշտոնյաները մեզ մոտ կամ շատ փակ են կամ շատախոս: Որքանո՞վ եք կարևորում էմոցիալ տեքստերը, բառերը, հայրենասիրության շեշտադրումը:

Բավարար չէ, որ մարդը առաջխաղացում ունենա միայն ասելով, որ սիրում է Հայաստանը: Նման հայտարարությունները ունենում են կարճաժամկետ էֆեկտ, բայց լուրջ արդյունքների հասնելու համար պետք է, որ ճառերը չլինեն միակ բանը, որը կապում է մարդուն Հայաստանի հետ:

Ես դա հաճախ նկատել եմ սփյուռքում: Օրինակ, երբ երիտասարդներով հանդիպում էինք, հասկանում էինք, որ բոլորիս միավորում էր միայն Եղեռնը ու հայկական հարցը: Այսինքն, միավորողը անցյալն էր, իսկ ապագայում մեզ կապող առանձնապես շատ բան չկար:

Հիշում եմ, որ միշտ նման հանդիպումների ժամանակ ասում էի՝ բավարար չէ մտածել, որ մեզ կապում է միայն հայ լինելը, ավելի լավ է կոնկրետ հիմքեր լինեն:

Իմ գործի հետ ինձ կապում է սերը Հայաստանի ու ավիացիայի հանդեպ: Չեմ ուզի խաբել ու ասել, որ բնավ չեմ մտածում հեռանկարների ու կարիերային աճի մասին:

Հետևու՞մ եք, թե ինչ են գրում ձեր մասին լրատվամիջոցները:

Կարծում եմ, աշխատանքի առաջին իսկ օրվանից ճիշտ չեմ ընկալվել մեդիայում: Բայց գիտեմ նաև, թե ինչու է այդպես: Իհարկե, ես դեմ չեմ քննադատությանը, քանի որ քննադատությունը միայն օգնում է ճիշտ որոշումներ կայացնել, նկատել մանրամասներ, որոնք վրիպել են ուշադրությունից:

Մի օրինակ բերեմ: Երբ լրատվամիջոցները բարձրաձայնեցին կոմիտեի ծառայողական մեքենայի հարցը, այն տհաճ էր ինձ համար, բայց հանգեցրեց կոնկրետ քայլի: Ես հասկացա, որ իրոք սխալ է կազմակերպվել մեքենայի գնման մրցույթը, և երբ ավելի խորը ուսումնասիրեցի հարցը, պարզվեց, որ մրցույթի պայմաններն այնպիսին են եղել, որ մրցույթին կարող էր մասնակցել միայն «Toyota Camry» մակնիշի մեքենան:

Այսինքն պայմաններում նշված էր այնպիսի շարժիչի տեսակ ու հղում էր արել կոնկրետ Տոյոտա-յին, որ բացառել էին գնման այլ հնարավորությունները:

Եվ եթե մեդիան այդ մասին չգրեր ու աղմուկ չբարձրացներ, իմ մտքով անգամ չէր անցնի, որ հարկավոր է կասկածել ու ուսումնասիրել մրցութային փաստաթղթերը:

Այդ առումով, մեդիան օգնեց, որ ավելի էֆեկտիվ քայլեր արվեն:

Բայց բոլորովին այլ իրավիճակ էր, երբ մամուլը գրեց, թե միջազգային համաժողովի առաջին օրը, ծանոթանալով մասնակիցների հետ, ես բարևեցի նաև Ադբրբեջանի քաղավիացիայի պետի հետ: Լուրն այնպես տարածվեց մեդիայում, կարծես ես ինքնագլուխ շփվել եմ Ադրբեջանի ներկայացուցչի հետ:

Իրականում դա անհեթեթ իրավիճակ էր, քանի որ ես այդ մարդու հետ չեմ քննարկել որևէ թեմա (այդ դեպքում հաստատ կապ կհաստատեի ԱԳՆ-ի հետ): Լրագրողների պատկերացմամբ երևի պետք է շրջանցեի ինձ բարևող մարդուն ու արհամարհեի: Այդ դեպքում ի՞նչ կմտածեին Հայաստանի մասին այլ պետությունների ներկայացուցիչները:

Հաճախ տարբեր պաշտոնյաներ հայտնվում են լրահոսում, երբ կա կարիք արդարանալու: Երևի պատճառն այն է, որ որևէ հարցի շուրջ պարզաբանումը ուշացած է լինում:

Փորձում եմ տարանջատել, թե ինչը արժե մեկնաբանել, իսկ ինչը՝ ոչ, քանի որ եթե սկսեմ ամեն գրվածը մեկնաբանել, կսխալվեմ: Մինչդեռ որոշ լրատվամիջոցների նպատակը հենց այն է, որ ես շեղվեմ ու ավելի շատ կենտրոնանամ մեդիային արձագանքելու, այլ ոչ թե գործ անելու վրա:

Հասկանում եմ, որ մեդիան թերագնահատել հաստատ խելամիտ չէ, այն նաև աջակից է, բայց կան նաև նախապատվություններ:

Քաղավիացիան թռիչքային անվտանգության հարցերով է զբաղվում և չեմ կարող դրանցից ավելի բարձր գնահատել մամուլի հետ աշխատանքը: Թեև փորձում եմ հավասարակշռել:

Ինչպե՞ս կարող եք ձևակերպել, թե ինչ է վստահելի լրատվամիջոցը:

Կոնկրետ հղումներ ու անուններ չեմ ասի: Շատ բան կախված է դեպքից, իրավիճակից, թեմայից: Նայած թե որ լրատվամիջոցն այս պահին ինչ հետաքրքրվածություն ունի:

Հիմա, օրինակ, այստեղ է նկարահանող խումբը Դանիայի հանրային հեռուստատեսությունից, որը թեև բավականին խոշոր ու կարևոր մեդիա է, բայց չեմ կարող վստահաբար պնդել, որ բոլոր թեմաները լուսաբանելիս միշտ ճիշտ է:

Երևի վստահելին այն լրատվամիջոցն է, որը փորձում է առավելագույնս օբյեկտիվ լինել՝ հասկանալով, որ բացարձակ օբյեկտիվություն չկա:

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի