«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները նախընտրական քարոզարշավի շրջանակում Հայաստանի աղքատության մակարդակի մասին տարբեր պնդումներ են արել։

Թեկնածուների ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը, օրինակ, մայիսի 12-ին կայացած քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, թե Եղեգնաձորի գյուղերը Հայաստանում ամենաաղքատն են։

Մայիսի 15-ին արդեն «Ուժեղ Հայաստան»-ի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը հայտարարել էր, թե գործող իշխանության կառավարման ութ տարիներին աղքատությունը կրկնապատկվել է։

Իսկ հաջորդ օրը՝ մայիսի 16-ին, Նարեկ Կարապետյանը, կրկին խոսելով աղքատության մասին, նշել էր, որ վերջին ութ տարիների ընթացքում Գեղարքունիքի մարզում աղքատությունն աճել է։

«Ստուգված է»-ն ուսումնասիրել է Սամվել և Նարեկ Կարապետյանների այս պնդումները։

Ամենաաղքատ գուղերը Եղեգնաձորո՞ւմ են

«Եղեգնաձորի գյուղերը Հայաստանի ամենաաղքատ գյուղերն են։ Աղքատությունը Վայոց ձորում աճում է»․ Նարեկ Կարապետյան

Պնդման առաջին հատվածը հնարավոր չէ ստուգել, քանի որ Վիճակագրական կոմիտեն աղքատության ցուցանիշները հրապարակում է ըստ մարզերի, ոչ թե՝ ըստ համայնքների կամ բնակավայրերի։

Սակայն 2024-ի տվյալներով Վայոց ձորի մարզում (որի մարզկենտրոնը Եղեգնաձորն է) ծայրահեղ աղքատություն չկա։ Ծայրահեղ աղքատությունն ամենաբարձրը Շիրակի (2.4%) և Տավուշի (2%) մարզերում է։ Հետևաբար սխալ է ասել, թե ամենաաղքատ գյուղերը Եղեգնաձորինն են։

Ինչ վերաբերում է մարզում աղքատության աճին, ապա վիճակագրության մեջ աղքատության տոկոսները տարեցտարի իսկապես աճել են։ Եթե 2018 թվականին աղքատությունը կազմում էր 18.6%, ապա 2024-ին՝ 30.3%։ Թեև առանձին տարիներին արձանագրվել են տատանումներ, ընդհանուր դինամիկան վկայում է աղքատության մակարդակի աճի մասին։

Սակայն սխալ է հիմնվելով այս տվյալների վրա պնդել, թե աղքատությունը Վայոց ձորում աճել է, քանի որ 2019-ից գնահատման մեթոդաբանության մեջ կատարվել են առանցքային փոփոխություններ։ 

Ներդրվել է Համաշխարհային բանկի մշակած չորրորդ մեթոդաբանությունը, որի արդյունքում փոխվել է սպառման զամբյուղն, իսկ աղքատության գծերը վերահաշվարկվել են։ Տվյալների հավաքագրման գործընթացը թվայնացվել է։ Կատարվել են այլ փոփոխություններ ևս, ինչի հետևանքով 2019 թվականի և դրանից հետոյի ցուցանիշներն այլևս համադրելի չեն նախորդ տարիների տվյալների հետ։

2023 և 2024 թվականների տվյալները ևս համադրելի չեն, քանի որ 2024-ին հաշվարկման մեթոդաբանության մեջ նույնպես կատարվել են փոփոխություններ։

Մեթոդաբանությունը փոխվել է՝ հիմք ընդունելով 2022-ի մարդահամարի տվյալները։

Աղքատությունը կրկնապատկվե՞լ է

«Իրենց 8 տարվա ընթացքում մեր շատ մարզերում աղքատությունը կրկնապատկվել է։ Հասել է մինչև 43%-ի՝ Շիրակի մարզը։ Տավուշի մարզը երկու անգամ ավելացել է՝ հասնելով մոտ 40%-ի»․ Սամվել Կարապետյան

Շիրակը Հայաստանի ամենաաղքատ մարզն է։ 2017 թվականին (նախկին կառավարության օրոք) այստեղ աղքատությունը 44.3% էր։ 2024-ին, երբ «Քաղաքացիական պայմանագիրը» իշխանության էր արդեն յոթը տարի, աղքատության մակարդակը 43% է։ Սա աղքատության մակարդակի մասին հրապարակված վերջին տվյալն է։ Ըստ դրա ստացվում է, որ աղքատությունը նվազել է 2.93%-ով, սակայն կրկին պետք է հիշել, որ այդ համեմատությունը սխալ է, քանի որ տարբեր են հաշվարկների մեթոդնաբանությունները։

Ինչ վերաբերում է Տավուշի մարզին, ապա 2017-ին աղքատությունը մարզում կազմել է 27.8%, իսկ 2024-ին եղել է 39.9%։ 

Կարապետյանի պնդումը, թե աղքատության մակարդակը հասել է 40%-ի, ճիշտ է։ Վերջին ութը տարիների համար սա ամենաբարձր ցուցանիշն է, սակայն կրկին պետք է հիշել, որ այդ տարեթվերի տվյալները համեմատելի չեն և մոլորեցնող է պնդումը, թե աղքատությունը աճել է երկու անգամ։

Այսպիսով, Սամվել Կարապետյանի պնդումը, թե Շիրակի մարզում աղքատությունը կրկնապատկվել է, սխալ է, իսկ Տավուշի մասին պնդումը՝ մասամբ ճիշտ։

Գեղարքունիքում աղքատությունն աճե՞լ է

«Մենք գտնվում ենք մի մարզում, որտեղ աղքատությունը 8 տարվա ընթացքում (իրենց և ոչ թե մեր) Վիճակագրական կոմիտեի տվյալներով աճել է»,- ասել էր Նարեկ Կարապետյանն ու պնդել, որ աղքատության աճը կազմել է 4%։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Գեղարքունիքի մարզում աղքատության մակարդակը 2017-ին կազմել է 20.5%, իսկ 2024-ին՝ 27.6%։ 

Պարզ չէ, թե որ տարիներն է իրար հետ համեմատել Նարեկ Կարապետյանը, որ ստացել է 4% աղքատության աճ։

Այսպիսով, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների պնդումները՝ Հայաստանում աղքատության ցուցանիշների վերաբերյալ, հիմնականում սխալ են, մասամբ ճիշտ կամ մոլորեցնող։

Իրենց հայտարարություններում Կարապետյանները ուղիղ համեմատության մեջ են դնում վերջին ութ տարիների ցուցանիշները՝ անտեսելով այն առանցքային փաստը, որ Վիճակագրական կոմիտեն 2019 և 2024 թվականներին փոխել է աղքատության հաշվարկման մեթոդաբանությունը։ Տարբեր մեթոդաբանություններով հաշվարկված տվյալները վիճակագրորեն համադրելի չեն։

Ուղարկեք մեզ նյութեր, որոնք ստուգման կարիք ունեն

ուղարկել