Օֆելյա Սիմոնյան
Լրագրող, փաստեր ստուգող

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում համացանցում լուսանկարներ են տարածվել, որոնցում ներկայացվում է, թե Երևանի փողոցների հետիոտնային մի քանի անցումներ ներկվել են հայկական գորգերի տեսքով:

Այս լուսանկարները տարածել էին news.am, iravunk.com, medianews.site, 1in.am, petutyun.com կայքերը և մի շարք ֆեյսբուքյան և ինստագրամյան էջեր՝ Armeniart, Հայաստանի Հանրապետություն, Մարիամ Բաբայան, Zona Positive, Ա Ր Մ Ե Ն Ի Ա, Arm media, yerevanpost.am, arm_media21 և այլն։

Էկրանապատկերը՝ 1in.am-ի տելեգրամից

Իրականում տարածված լուսանկարներից միայն մեկն է իրական, մյուսները ստեղծվել են արհեստական բանականության (ԱԲ) միջոցով։ Գորգ նկարված է միայն Աբովյան փողոցում։ Նկարի հեղինակը «Գանձ ստուդիոն» է։

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը մայիսի 5-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ասաց, որ գորգը պատկերվել է միայն Աբովյան-Պուշկին խաչմերուկում։

«Ինքը 1828 թվականի հայկական խալու էսքիզով է արված, ֆինանսավորումն արել է Ալեքսանդր հյուրանոցը, ներկերն ամբողջությամբ բերված են դրսից, իրականացրել է նորից Հարութը՝ Գանձ մականունով»,- ասաց Պետոյանը։ 

Վարչական ղեկավարի խոսքով՝ մասնավոր գործընկերներից այլ վայրերում ևս փողոցները գորգերով զարդարելու առաջարկներ են ստացվել։

Կարևոր է, որ նկարված գորգը անցում չէ, այդ մասին հայտնում է Պետրոս Պետոյանը և հետիոտներին կոչ անում ուշադիր լինել։ 

Ինչպես էին տարածվել նկարները

Մայիսի 4-ին բլոգեր Կամո Թովմասյանը հայտնել էր, որ մյուս գորգերի պատկերները ստեղծվել են արհեստական բանականության միջոցով։ Նա նշել էր, որ ինքն է պատրաստել և տարածել դրանք․

«Այդ նկարները AI են, ցավոք դեռ իրական չեն։ Դրանք ստեղծել եմ ես՝ ուղղակի հավեսի համար։ Իրական է միայն Աբովյան փողոցի խալին»,- ասել էր նա։

 

Այսպիսով, գորգերի տարածված նկարների մեծամասնությունը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով, դրանցից իրական է միայն Աբովյան-Պուշկին խաչմերուկին պատկերվածը։ Փողոցի՝ գորգով զարդարված հատվածը անցում չէ։

 

 

Ուղարկեք մեզ նյութեր, որոնք ստուգման կարիք ունեն

ուղարկել