Օֆելյա Սիմոնյան
Լրագրող, փաստեր ստուգող

Ապրիլի 23-ին «Հայկական ժամանակ»-ը հրապարակել էր (արխ.) մի տեսանյութ՝ գրելով, թե «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի պատանի աջակիցները շրջում են բնակարաններով և քարոզչություն իրականացնում։ 

«Քաղաքացիները նրանց [պատանիներին] նախատում են և դժգոհություն հայտնում, որ դեռ պաշտոնապես չի մեկնարկել քարոզարշավը: Դեռահասները, նկատելով իրենց տեսանկարահանող և հարց տվող քաղաքացուն, ճողոպրում են և խուսափում պատասխանելուց հարցերին»,- նշված է նյութում։

Տեսանյութը՝ կից գրառումով, տարածել էին վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ փոխկապակցված  MediaNews.site-ը, ինչպես նաև Ա Ր Մ Ե Ն Ի Ա, Հայկական Ժամանց ֆեյսբուքյան էջերը։

Այս տեղեկությունները, սակայն, մոլորեցնող են։ Հայաստանի Ընտրական օրենսգիրքը չի արգելում քարոզչություն իրականացնել նախքան պաշտոնական նախընտրական քարոզչության մեկնարկը։ 

Համաձայն Օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի՝ «նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում սույն օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը»։

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի են ունենալու 2026 թվականի հունիսի 7-ին։ Քարոզարշավի պաշտոնական մեկնարկը տրվելու է մայիսի 8-ին։

Օրենսգրքի համաձայն՝ նախընտրական քարոզչության շրջանն օրենքով սահմանված այն ժամանակն է, երբ կուսակցությունների ու թեկնածուների համար գործում են հավասար պայմաններ և հնարավորություններ՝ հանրային ռեսուրսներից օգտվելու, քարոզչություն իրականացնելու և ֆինանսական թափանցիկությունը պահպանելու հարցերում։ Սա չի խոչընդոտում որևէ ուժի քարոզարշավ իրականացնել նախքան դրա պաշտոնական մեկնարկը։

Երբ է արգելվում քարոզչությունը

Թեև պաշտոնական ժամանակահատվածից դուրս քարոզչությունն արգելված չէ, դրա նկատմամբ սահմանված են հստակ կանոններ և սահմանափակումներ՝ ընտրությունների նշանակման պահից սկսած։ 

Ահա հիմնական սահմանափակումներն ու կանոնները.

Քարոզչությունն արգելվում է քվեարկության և դրան նախորդող օրը՝ այդ թվում՝ հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների միջոցով, զանգվածային լրատվամիջոցներով։

Բարեգործության արգելք

Կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են ասոցացվել ընտրություններին մասնակցող կուսակցությունների հետ կամ ղեկավարվում են նրանց (կամ առաջադրված թեկնածուների) կողմից, իրավունք չունեն բարեգործություն իրականացնել այն համայնքներում, որտեղ անցկացվում են ընտրություններ։ Այս արգելքը գործում է ընտրությունների նշանակման մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև արդյունքների ամփոփումը։

Ընտրական շտաբների կազմավորում 

Ընտրական շտաբները կարող են կազմավորվել միայն ընտրության նշանակումից հետո։ Դրանց տեղակայումը խստիվ արգելվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերում, հանրակրթական դպրոցներում և այն շենքերում, որտեղ գործում են ընտրական հանձնաժողովները։

Ուղարկեք մեզ նյութեր, որոնք ստուգման կարիք ունեն

ուղարկել