Ապրիլի 22-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածու Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան տեսաուղերձում հայտարարել էր, թե e-auctions.am-ում (պետգույքի աճուրդների կայքում) վերջերս հայտնվել է «մի տարօրինակ բան»՝ Ադրբեջան անունը։ Կարապետյանն ակնարկում էր, որ դա հնարավորություն է տալիս Ադրբեջանի քաղաքացիներին Հայաստանում գույք և հողատարածք գնել։
«… Սիրելի հայրենակիցներ, հիմա հարց․ արդյոք ճի՞շտ են այն խոսույթները, այն տվյալները, որ այս կայքում գնելու իրավունք տալը ադրբեջանցիներին, գնելու իրավունք տալը Ադրբեջանի քաղաքացիներին, Ադրբեջանի նախապայմաններից մեկն է Խաղաղության պայմանագրին»,- նշել է Կարապետյանը։
«Ստուգված է»-ն պարզել է, որ տեղեկությունը, թե Ադրբեջանը երկրների ցանկում հայտնվել է վերջերս, սխալ է։
Web.archive հարթակում պետգույքի աճուրդների կայքի պատմությունը ուսումնասիրելիս՝ տեսնում ենք, որ գրանցման հատվածում, որտեղ ներառված են աճուրդին մասնակցել ցանկացողների երկրները, 2025 թվականի հունվարին ևս Ադրբեջանը եղել է։ Այս մասին գրել է նաև hetq.am-ը։

Նույն օրը Պետական գույքի կառավարման կոմիտեից Civic.am-ին ասել էին, որ էլեկտրոնային աճուրդի հարթակը ներառում է աշխարհի բոլոր երկրների անվանումները՝ հարթակի ստեղծման պահից սկսած։ Ցանկում որևէ երկրի առկայությունն ինքնին չի նշանակում, որ տվյալ երկրի քաղաքացիները կարող են ձեռք բերել պետական և համայնքային գույք։
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը արձագանքել էր Նարեկ Կարապետյանին՝ նշելով, որ Հայաստանում հողամասի սեփականության իրավունք կարող են ունենալ միայն ՀՀ քաղաքացիները։
«Եթե Նարեկ Կարապետյանն ու նրա կալուգեցի, օլիգարխ հորեղբայրը փոքր-ինչ գրագիտություն ունենային, կուսումնասիրեին ու կպարզեին, որ ՀՀ-ում հողամասի սեփականության իրավունք կարող են ունենալ միայն ՀՀ քաղաքացիները։ Օտարերկրյա քաղաքացիները իրավունք չունեն լինել ՀՀ-ում հողամասի սեփականատեր՝ բացառությամբ օրենքով սահմանված մի քանի դեպքերի»,- ասել էր Չախոյանը։
Այս տեղեկությունը տարածել էին Civic.am, Հայկական ժամանակ, lragrogh.com և այլ հարթակներ։
Չախոյանի հայտարարությունը մոլորեցնող է.
ՀՀ հողային օրենսգրքի 4-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է, որ հողային հարաբերությունների սուբյեկտներ են՝ այդ թվում օտարերկրյա իրավաբանական անձինք և քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք, օտարերկրյա պետությունները, միջազգային կազմակերպությունները, հատուկ կացության կարգավիճակ ունեցող անձինք:

Սա նշանակում է, որ քաղաքացիություն չունեցող անձինք ևս կարող են դառնալ հողային իրավունքի կողմ։
Նույն հոդվածի 3 և 3.1 կետերը սահմանում են այն «խաղի կանոնները», թե որ դեպքում օտարերկրացին չի կարող հող ձեռք բերել ՀՀ-ում և որ դեպքում է դա թույլատրվում:

Ըստ այդմ՝ օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք չեն կարող Հայաստանում հողի սեփականատեր լինել, բացառությամբ հետևյալ դեպքերի.
Բնակվելու համար. տնամերձ հողամասեր, այգեգործական հողեր կամ անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման հողեր:
Բիզնեսի համար. հասարակական կամ արտադրական օբյեկտների կառուցման և սպասարկման հողամասեր:
Շենքերի համար. բազմաբնակարան շենքերի կառուցման և սպասարկման հողեր:
Այսպիսով, եթե օտարերկրացին ուզում է Հայաստանում գյուղատնտեսական նշանակության հողատարածք գնել, օրենքը դա արգելում է (եթե հատուկ կարգավիճակ չունի): Բայց եթե նա ուզում է տուն գնել, գործարան հիմնել կամ խանութ կառուցել, նա կարող է գնել հողը։ Հետևաբար Տարոն Չախոյանի պնդումը մոլորեցնող է։
Ապրիլի 22-ին այս փաստը հաստատել էր նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը՝ ֆեյսբուքում գրելով (արխ.), որ ՀՀ օրենսդրությամբ երբեք որևէ սահմանափակում չի եղել օտարերկրյա ոչ մի երկրի քաղաքացու գույքի սեփականության իրավունք ձեռք բերելու նկատմամբ։
«Օտարերկրացիներին արգելվել է ունենալ հողի նկատմամբ սեփականության իրավունք, ինչը, սակայն, վերացվել է 2018թ․ հունվարին ԱԺ կողմից ընդունված հողային օրենսգրքի փոփոխություններով»,- գրել էր պաշտոնյան։
* «Ստուգված է»-ի հարցմանն ի պատասխան՝ Կադաստրի կոմիտեից մայիսի 6-ին արձագանքել են, որ Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող անձանց անվամբ գրանցված անշարժ գույք առկա չէ։
* Այս նախադասությունը հոդվածում ավելացել է 2026 թվականի մայիսի 7-ին։