«Հրապարակ»-ը փետրվարի 20-ին գրել էր, որ Հայաստանի իշխանությունը արհեստականորեն խոչընդոտում է արցախցիների քաղաքացիության ստացման գործընթացը՝ նրանց «հակաիշխանական դիրքորոշման» համար։ Որպես ձգձգման մեթոդներ նշվում են նոտարական ձևական քաշքշուկները, էլեկտրոնային հերթագրումների խափանումն ու դիմումների ամիսներ տևող քննությունը։

Ըստ օրաթերթի՝ կան արցախցիներ, որոնք դեռ անցած տարվա նոյեմբերին են դիմել Հայաստանի քաղաքացիության համար, սակայն մինչ այժմ սպասում են իրենց դիմումների հաստատմանը։

«Ստուգված է»-ն փորձել է պարզել, թե ինչ խնդիրներ կան ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացում և որոնք են դրանց պատճառները։

Ներքին գործերի նախարարությունից (ՆԳՆ) այս տարվա փետրվարի 24-ին գրավոր հարցրել էինք, թե կա՞ն արդյոք արցախցիներ, որոնց քաղաքացիության դիմումները 2025 թվականի նոյեմբերից մինչ օրս քննվում են։ Փորձել էինք նաև հասկանալ՝ որքա՞ն էր քաղաքացիության տրամադրման միջին տևողությունը 2025-ից առաջ և որքան է հիմա, կա՞ն արդյոք ձգձգումներ և որո՞նք են պատճառները։

Նախարարությունը 30-օրյա ժամկետ էր խնդրել հարցմանը պատասխանելու համար, սակայն, միևնույն է, արձագանքել էր ժամկետի խախտումով՝ ապրիլի 13-ին։

ՆԳՆ-ն հաստատել էր, որ կան նախորդ տարվա նոյեմբերից դիմած արցախցիներ, որոնք մինչ օրս չեն ստացել քաղաքացիություն՝ ընդգծելով, որ դա տեղի է ունեցել 90-օրյա աշխատանքային ժամկետի պահպանմամբ։

«ՀՀ քաղաքացիության մասին» օրենքով՝ քաղաքացիություն ստանալու դիմումները քննվում են 90 աշխատանքային օրում։

Սակայն մեր հաշվարկը հակառակն է փաստում. 2025 թվականի նոյեմբեր ամսվա ցանկացած օրվանից մինչև 2026-ի ապրիլի 13-ը, հանած բոլոր ոչ աշխատանքային և տոն օրերը, 90 օրից ավել է։ Ստացվում է, որ այդ անձնաց դեպքում օրենքով սահմանված առավելագույն ժամկետն արդեն սպառվել է։ Թե քանի նման դեպք կա, ՆԳՆ-ից չեն հստակեցրել։

ԹԱՐՄԱՑՈՒՄ (28.04.2026)  Մեր լրացուցիչ հարցմանն ի պատասխան՝ ապրիլի 27-ին ՆԳՆ-ն հայտնեց, որ 2025 թ. նոյեմբերին դիմած անձանցից 62-ի գործերը դեռևս քննարկման փուլում են։ Ուշացումը նախարարությունը հիմնավորել է թղթային գործերի մեծ ծավալով.

«Կրկին հայտնում ենք, որ մինչ 2025թ. դեկտեմբերի 31-ը ընդունած գործերի թղթային ծավալը մեծ է, ինչով պայմանավորված շարունակում ենք բոլոր ջանքերով հնարավորինս արագ կազմակերպել վերջնական որոշումների կայացման գործընթացը»:

Նախկինում քաղաքացիությունն ավելի հեշտ էր տրվում

Քաղաքացիության շնորհման ուշացումների հետ կապված զրուցել ենք ԼՂ-ից 2023-ին տեղահանված Աննա Մկրտչյանի հետ (անունը փոխված է)։ Նա պատմում էր, որ ինքն ու ամուսինը 2025-ի դեկտեմբերի սկզբին դիմել են ՀՀ քաղաքացիություն ստանալու համար՝ ներկայացնելով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։

Դեկտեմբերի 17-ին նրանք ստացել են ծանուցում, որ դիմումները մուտքագրվել են և գտնվում են ուսումնասիրության փուլում։

Աննան նշում է, որ մարտ ամսվա ընթացքում կապվել է ծառայության հետ և տեղեկացել, որ դեռ դիտարկվում են սեպտեմբերին ստացված դիմումները, իսկ իրենց պատասխանը սպասվում է ապրիլի վերջին։

Արդեն ապրիլի 9-ին, մուտքագրման պահից 75 աշխատանքային օր անց, ինչը տեղավորվում է օրենքով սահմանված 90-օրյա ժամկետի մեջ, նա և ամուսինը ստացել են ՀՀ քաղաքացիության շնորհման մասին ծանուցումը։

Մեր զրույցները մի շարք արցախցիների հետ ցույց են տվել, որ նախքան 2025 թվականի երկրորդ կիսամյակը դիմումները շատ ավելի արագ էին քննվում։ Արսեն Խաչատրյանը (անունը փոխված է) պատմում է, որ ՀՀ քաղաքացիություն ստացել է դեռևս 2023-ին։ Նրա փոխանցմամբ՝ փաստաթղթերի քննությունն այդ ժամանակ տևել է ընդամենը երկու շաբաթ, որից հետո նրան շնորհվել է քաղաքացիություն։

Հասկանալու համար, թե որքան ժամանակ էր պահանջվում քաղաքացիությունը տրամադրելու համար մինչև 2025-ի երկրորդ կիսամյակ և դրանից հետո, ՆԳՆ-ից հարցրել էինք, թե տեղահանված քանի՞ անձ է ստացել ՀՀ քաղաքացիություն 2023-2026 թվականներին՝ ըստ ամիսների։

Նախարարությունը պատասխանել է, որ տվյալները չի կարող տրամադրել ամսական կտրվածքով, քանի որ դիմումները դիտարկվում են 90 աշխատանքային օրում․

«ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների ընթացքի քնարկման համար սահմանված է 90-օրյա աշխատանքային ժամկետ, նման պայմաններում հնարավոր չէ տրամադրել պահանջվող տեղեկությունն ամսական կտրվածքով, քանի որ այն անմիջապես ձևավորվում է  90-օրյա կտրվածքով»,- նշված է պատասխանում:

ԹԱՐՄԱՑՈՒՄ (28.04.2026)  Այդուհանդերձ, մեր կրկնակի հարցումից հետո, նախարարությունը տրամադրեց քաղաքացիություն ստացած փախստականների ամսական վիճակագրությունը 2025 և 2026 թվականների առաջին երեք ամիսների համար. 

2025-ի հունվարին՝ 513, փետրվարին՝ 777, մարտին՝ 327 անձ։
2026-ի հունվարին՝ 1250, փետրվարին՝ 1600, մարտին՝ 1850 անձ։

Այսպիսով, թվերը փաստում են երկու հիմնական միտում. մի կողմից 2026-ի սկզբին նկատվում է քաղաքացիության տրամադրման տեմպերի էական աճ, մյուս կողմից պետական մարմինները չեն կարողանում ապահովել դիմումների սպասարկումը օրենքով պահանջվող 90-օրյա ժամկետում՝ իրենց հիմնավորմամբ թղթաբանության մեծ ծավալի և ծանրաբեռնվածության պատճառով։

Իշխանությունը խոստանում էր պարզեցված ընթացակարգ

Բռնի տեղահանությունից հետո իշխանությունը խոստացել էր պարզեցված ընթացակարգով՝ 1-ից 2 ամսվա ընթացքում արցախցիներին տրամադրել քաղաքացիություն։

2025-ի հուլիսին Կառավարության նիստի ժամանակ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հայտարարել էր, որ, ի տարբերություն այլ անձանց, արցախցիների դեպքում 4,5 ամսվա փոխարեն շուրջ մեկ ամսում է իրականացվում գործընթացը։

Ուշացումների պատճառները՝ ըստ ՆԳՆ-ի

2026 թվականի հունվարի 1-ից քաղաքացիության դիմումները ընդունվում են բացառապես առցանց։ Նախարարության տվյալներով՝ մինչ 2025-ի հոկտեմբեր դիմումների քննությունը տևել է միջինը 1.5-2 ամիս, սակայն նոր համակարգի ներդրումից հետո դիմումների թիվը կտրուկ աճել է, որը ձգձգման պատճառներից մեկն է։

Շատացել է նաև դիմումների քանակը․ եթե 2025-ի առաջին վեց ամիսներին քաղաքացիության համար դիմել էր 4047 անձ, ապա 2026-ի առաջին 2.5 ամիսներին դիմում է ներկայացրել է 5430 անձ։

Ըստ նախարարության՝ համակարգի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար ներգրավվելու են լրացուցիչ ռեսուրսներ։

Դիմումների հոսքը մեծացել էր դեռևս 2025-ի երկորորդ կիասամյակից

Թեև նախարարությունը դիմումների աճը մեծամասամբ կապում է էլեկտրոնային հարթակի ներդրման հետ, սակայն հոսքի էական աճ արձանագրվել է դեռևս 2025-ի երկրորդ կիսամյակում՝ նոր համակարգի գործարկումից ամիսներ առաջ։

Նախարարության տրամադրած տվյալների համաձայն՝ դեռևս 2025 թ. երկրորդ կիսամյակում՝ շուրջ 15 325 դիմում է եղել։ Սրա պատճառը, թերևս, տեղահանված անձանց աջակցության ծրագրի կրճատումն է։

Աջակցության չափի կրճատումն ու շահառուների շրջանակի նեղացումը պատճառ են դարձել, որ շատ արցախցիներ ստանան ՀՀ քաղաքացիություն՝բնակապահովման ծրագրիրց օգտվելու համար։

Ներդրված նոր համակարգից օգտվելը դժվար է

Արցախցիները մեզ հետ զրույցներում պատմում էին համակարգից օգտվելու դժվարությունների մասին։ Անի Համբարձումյանը (անունը փոխված է), օրինակ, պատմեց, որ հեռախոսով համակարգից օգտվելը մեծ դժվարություններ է ստեղծում: Դիմումը լրացնելիս պահանջվում է PDF ձևաչափ, ինչպես նաև ֆայլի չափը չպետք է գերազանցի 1 ՄԲ-ը, ֆայլերը ճիշտ ձևաչափով ուղարկելու համար անհրաժեշտ է համակարգիչ։

Նրա խոսքով՝ հատկապես տարեցների համար սա լուրջ խնդիր է։ Քաղաքացիների համար մեկ այլ խնդիր է էլեկտրոնային հասցեի պարտադիր առկայությունը, մասնավորապես՝ յուրաքանչյուր դիմումատու պետք է առանձին էլեկտրոնային հասցե ունենա։

Արսեն Աբրահամյանն էլ պատմում էր, որ դիմումի լրացումից հետո հաճախ լրացուցիչ փաստաթղթեր են պահանջվում՝ փուլ առ փուլ, ինչը, ըստ նրա, երկարացնում է գործընթացը։

Նախարարության տվյալներով՝ ապրիլի 1-ի դրությամբ ստացվել է 33 077 դիմում, որն ամփոփում է թե՛ ընթացիկ (քննվող), թե՛ արդեն հաստատված հայտերը: 7700 անձանց դիմում քննարկման փուլում է։

Գոհար Սարգսյան

Նյութը պատրաստված է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ։ Այս հրապարակման բովանդակությունը բացառապես հեղինակի պատասխանատվությունն է, և այն չի կարող ընկալվել որպես Եվրոպական միության տեսակետների արտացոլում:

Ուղարկեք մեզ նյութեր, որոնք ստուգման կարիք ունեն

ուղարկել