Ապրիլի 5-ից Տելեգրամի և ֆեյսբուքի հայկական տիրույթում տարածվում է լուսանկար՝ իբրև ԱՄՆ նախագահի կնոջ՝ Մելանյա Թրամփի և սկանդալային ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի մասնակցությամբ։ Կից գրված է, թե այդ լուսանկարը հրապարակել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Ֆրանսիայի նախագահը հրապարակել է Թրամփի կնոջ լուսանկարը, որտեղ նա նստած է Ջեֆրի Էփշտեյնի ծնկներին և մեկնաբանել այն այսպես` «Եթե իմ կինն ինձ ծեծում է, ապա քո կինը քեզ դավաճանել է քո բոլոր ընկերների հետ» »,- նշում են լուսանկարը տարածողները։

Էկրանապատկերը՝ Վարդան Ղուկասյանի ֆեյսբուքյան էջից
Instagram, Facebook և X հարթակներում Մակրոնի էջերի (1 2 3) ուսումնասիրությունը ցույց տվեց, որ դրանցից որևէ մեկում չկա նման հրապարակում։ Մակրոնի նման գրառում հնարավոր չեղավ գտնել նաև բովանդակության արխիվացման հարթակներում։ Այդ տեղեկությունը հրապարակված չէ նաև որևէ հավաստի լրատվամիջոցում։
Ապրիլի 2-ին հեղինակավոր մի շարք լրատվամիջոցներ գրեցին Դոնալդ Թրամփի և Էմանուել Մակրոնի միջև առկա լարվածության մասին՝ կապված Ֆրանսիայի նախագահի կնոջ՝ Բրիջիթ Մակրոնի վերաբերյալ ԱՄՆ նախագահի հայտարարությունների հետ, որոնցում նա պնդել էր, թե Մակրոնը «վատ վերաբերմունքի է արժանանում իր կնոջ կողմից» և դեռ շարունակում է ապաքինվել «ծնոտին հասցված հարվածից»՝ ակնարկելով 2025 թվականի մայիսին տեղի ունեցած միջադեպը: Մակրոնն արձագանքել է, որ այդ հայտարարությունները պատասխանի արժանի չեն:
Լուսանկարը, որտեղ պատկերված է, թե ինչպես է Ջեֆրի Էփշտեյնը փորձում համբուրել իր ծնկներին նստած Մելանյա Թրամփին, կեղծված է։ Այն առաջին անգամ հրապարակվել է փետրվարի 5-ին՝ Tom Adelsbach անունով օգտատիրոջ կողմից X հարթակում։ Վերջինս նկարը ֆեյսբուքում հրապարակելիս գրել էր, որ այն թվային եղանակով փոփոխված պատկեր է և պարոդիա։ Այժմ X-ում ևս մակնշում կա այն մասին, որ նկարը ստեղծված է արհեստական բանականության (ԱԲ) կողմից։

Էկրանապատկերը՝ Tom Adelsbach-ի ֆեյսբուքյան էջից
Այս օգտատերը հանդես է գալիս որպես գրաֆիկական դիզայներ և սովորաբար տարածում է երգիծական բովանդակություն, որոնց հիմնական թիրախը Դոնալդ Թրամփն է։