«Դոյչե Վելլեի»-ի ռուսական ծառայությունը մարտի 22-ին Ֆեյսբուքում անդրադարձել է մետրոյում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տեղահանված արցախցի կնոջ միջև տեղի ունեցած միջադեպին։
«Փաշինյանը մետրոյում վիճել է մի կնոջ հետ Ղարաբաղի պատճառով։ Հայաստանի վարչապետը մարտի 22-ին իր թիմակիցների հետ շրջում էր Երևանի մետրոյում, երբ ուղևորներից մեկը ճանաչել է նրան և մեղադրել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելու մեջ, գրում է NEWS.am հարթակը»,- նշել է գերմանական գործակալությունը։
Հրապարակման մեջ նաև ասվում է, որ հետագայում, երբ Փաշինյանը ներողություն է խնդրել, նշել է, որ «չի կարողացել զսպել զգացմունքները, երբ խոսքը գնացել է Լեռնային Ղարաբաղի մասին»։

«Ստուգված է»-ն ուսումնասիրել է միջադեպի տեսանյութը և նկատել, որ գերմանական գործակալությունը խեղաթյուրել է վիճաբանության մանրամասները։ Արցախցի կինը չի մեղադրել Փաշինյանին Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու համար։
Մեզ չհաջողվեց գտնել նման ձևակերպումներ NEWS.am-ում: Հայկական կայքի անդրադարձերի հայերեն և ռուսերեն տարբերակներում նման ձևակերպումներ չգտանք։ Հայերեն տարբերակում նշված է. «Երևանում այսօր թիմակիցների հետ շրջող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ կորցրեց ինքնատիրապետումը, երբ նրան հարցրին Արցախի հայաթափման մասին»։
Ինչ է տեղի ունեցել միջադեպի ընթացքում և հետո
Միջադեպի ընթացքում վարչապետը փորձել է քարտեզ նվիրել արցախցի կնոջն ու նրա երեխային, որից քաղաքացին հրաժարվել է, ասել որ իրենք ուրիշ քարտեզ ունեն և խնդրել չխանգարել իրենց: Այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանը շարունակել է խոսակցությունը կնոջ հետ՝ նշելով՝ «Ձեր տղան այս քարտեզում է ապրելու»։
Ի պատասխան Փաշինյանի՝ արցախցի կինը՝ Արմինե Մոսիյանը, ասել է, «Դուք չեք թողնելո՞ւ, որ մենք մեր Արցախում ապրենք։ Դուք չեք կարող մեզ զրկել մեր Արցախում ապրելու հույսից»։
Քաղաքացին նորից խնդրել է չշարունակել՝ ընդգծելով, որ մետրոյից չիջնելու միակ պատճառն այն է, որ իրենք ուշանում են:
Այնուամենայնիվ Փաշինյանը շարունակել է՝ ասելով, որ խոսակցությունը գնացքի ընթացքին չի խանգարում․ «Մենք ամեն ինչ արել ենք, որ դու Արցախում, Ղարաբաղում ապրես։ 2023 թվականին այդ դուք էիք, որ մեղադրում էիք ինձ, որ ես սահմանները փակել եմ, որ ժողովուրդը չգա Ղարաբաղից Հայաստան։ Եվ ինձնից պահանջում էիք, որ սահմանները բացեմ և ասում էիք, որ հատուկ փակել է, որ Ղարաբաղից ժողովուրդը չգնա, հիմա եկել եք այստեղ, ասում եք, վայ, բա մենք ուզում ենք վերադառնանք։ Բա մենք Հայաստանի քաղաքացիների աշխատած միլիարդներն ենք ծախսել, որ դուք այնտեղ մնաք, բա ինչի՞ չեք մնացել։ Մյուս անգամ փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»,- ասել է Փաշինյանը։
Վիճաբանության ընթացքում Արմինե Մոսիյանը խնդրել է, որ Փաշինյանն իր հետ «մատ թափ տալով» և բարձր տոնով չխոսի։ Ի պատասխան՝ վարչապետն ասել է՝ «ես տենց կխոսամ Ձեզ հետ»։
Ինչ է տեղի ունեցել միջադեպից հետո
Վիճաբանությունից հետո Փաշինյանը հերքել է, որ քաղաքացուն անվանել է «փախած»․
«Բացառված է, որ ես այդպիսի բան ասեմ, ես այդպիսի բան չէի կարա ասեի, եթե այդպես է ընկալվել, սխալ է ընկալվել, եթե ինչ-որ մի բան ընենց չեմ ասել, ներողություն եմ խնդրում»,– ասել է Փաշինյանը։
Դեպքից հետո Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հայտարարություն է տարածել, որում նշել է․ «Բռնի տեղահանված անձանց և փախստականների հետ հաղորդակցությունն, ինչպես նաև նրանց իրավունքներին առնչվող հարցերի քննարկումը պետք է իրականացվեն պատշաճ զգայունության երաշխավորմամբ` հաշվի առնելով նշված խմբի խոցելիությունը: Այդ են պահանջում ոլորտում գործող միջազգային-իրավական չափանիշները»:
Օրվա վերջում Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրել Արմինե Մոսիյանից և նրա երեխայից ու հրավիրել հանդիպման։ «2023թ․-ի իրադարձություններին, այո, ես մինչև այսօր չեմ կարողանում առանց էմոցիաների անդրադառնալ, և դա, այո, մեծ թերություն է։ Ես ընդունում եմ այդ թերությունը։ Չեմ կարողանում այդ պահը հաղթահարել»,- նշել է Փաշինյանը՝ խոստանալով ապագայում 2023թ․ իրադարձություններին համապարփակ անդրադառնալ։
«Դոյչե Վելլե»-ի սխալ վերապատմումը
Այսպիսով, հակառակ գերմանական գործակալության պնդման, քաղաքացին չի նախաձեռնել խոսակցությունը ՀՀ վարչապետի հետ և չի մեղադրել Փաշինյանին Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու համար։
Բացի այդ, «Դոյչե Վելլե»-ի պնդումը, թե Փաշինյանը նշել է, որ չի կարողացել զսպել էմոցիաները, երբ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, նույնպես ապակողմնորոշիչ է։ Փաշինյանն այդ պնդումն արել է ոչ թե Լեռնային Ղարաբաղի, այլ կոնկրետ 2023թ․ իրադարձությունների մասին, երբ Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողության արդյունքում ԼՂ հայերը ստիպված էին լքել իրենց տները։