Ֆեյսբուքում բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանի (Haydalek) անունից կեղծ տեսանյութ է տարածվում։ Բլոգերը, իբր, «արագ գումար վաստակելու» բիզնես առաջարկ է անում․
«Ես մուտք գործեցի նոր հարթակներից մեկը մեծ կասկածանքով․ բացարձակ դրան չէի հավատում, մտածում էի՝ կխաղամ շատ կարճ։ Բայց արդյունքում այդ գործիքն աշխատեց այնքան արագ, որ ես չհասցրի նկատել, թե ինչպես այն առաջնահերթ նախագիծ դարձավ ինձ համար։ Ես բացում եմ հասանելիությունը կարճ ժամանակով, խորհուրդ եմ տալիս չհետաձգել և ամեն ինչ անել հիմա։ Հղումը՝ ներքևում»,- ասվում է տեսանյությում։
Տեսանյութը տարածվում է «Thomas Emma Matt» ֆեյսբուքյան էջով։
«Ստուգված է»-ն պարզել է, որ տեսանյութը իրական չէ, այլ դիփֆեյք (deepfake) տեխնոլոգիայի կիրառման հերթական դեպքը, երբ արհեստական բանականության (ԱԲ) օգնությամբ կեղծվել է անձի պատկերը և ձայնը՝ իրականին առավելագույնս նմանեցնելու նպատակով։
Տեսանյութում երևացող կադրերը վերցված են «Չէին սպասում» հաղորդումից, որը հրապարակվել է 2025 թվականի փետրվարին։ Տեսանյութի 4․30 րոպեից սկսվում է այն հատվածը, որն օգտագործել են զեղծարարները։
Նկատելի է, որ Ռաֆիկ Համբարձումյանը կրում է նույն հագուստը, ունի նույն սանրվածքը, հետնապատկերում նույն վարագույրն է և նկարը։ Դիփֆեյքի միջոցով փոփոխվել է միայն շուրթերի շարժումը, որպեսզի այն համապատասխանեցվի ԱԲ-ով ստեղծված ձայնին։

Ձախի Էկրանապատկերը՝ «Չէին սպասում» հաղորդումից, աջի պատկերը՝ ֆեսյբուքյան տեսանյութից
Տեսանյութը տարածած ֆեյսբուքյան էջը նշել է, որ գրանցված է Վիետնամում։ Այն ունի 6 կառավարող, որոնցից երկուսի գտնվելու վայրը նշված է Վիետնամ, մյուս երկուսինը՝ Ուկրաինա, մեկը՝ Լեհաստան, մեկն էլ՝ ԱՄՆ։
Այնուամենայնիվ, այս տվյալները միշտ չէ, որ բացարձակ ճշգրիտ են, քանի որ VPN ծառայությունների կամ հեռավար աշխատողների միջոցով օգտատիրոջ գտնվելու իրական վայրը կարող է քողարկվել։ Ուստի ադմինիստրատորների տեղադիրքը չպետք է դիտարկել որպես փաստ։
Էջն ունի 1 հետևորդ, երկու հրապարակում։
Ռաֆիկ Համբարձումյանն իր ինստագրամյան էջում արդեն իսկ անդրադարձել է տեսանյութին՝ որակելով այն դրամաշորթություն․
«Իմ վիդեոյով դրամաշորթություն է կատարվում ֆեյսբուքում, խնդրում եմ լինել զգոն և կասկածելի լինկերով չմտնել»,- գրել է նա։