Մարտի 5-ին dikgazete.com կայքը գրել էր, թե 2025 թվականի վերջին Հայաստանի կառավարությունը պայմանագիր է կնքել թուրքական շինարարական Limak Holding ընկերության հետ՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հայկական հատվածի կառուցման համար։
«Նշված պայմանագրի պայմանների համաձայն՝ Limak Holding-ը կիրականացնի երկու լեռնային թունելների` յուրաքանչյուրը 8-10 կիլոմետր երկարությամբ, տարբեր կամուրջների կառուցում և ճանապարհների վերակառուցման համապարփակ նախագծեր։ Ակնկալվում է, որ թունելները կդառնան նոր ամբողջական տրանսպորտային համակարգի առանցքային տարրը, որը Բաքուն կկապի Կարսին»,- նշված էր հոդվածում։
Հոդվածում չկա որևէ փաստ, որը կապացուցի այս պնդումներից որևէ մեկը։ Հեղինակը հղում է անում անանուն աղբյուրներին։
Երկու օր անց՝ մարտի 7-ին, տեղեկությունը տարածվեց նաև X սոցիալական հարթակում։ Հրապարակվել էր մի տեսանյութ (արխ․), որտեղ պնդում էր արվում, թե Limak ընկերությունը 40 տարով կստանձնի «Զանգեզուրի միջանցքի» նախագծերի լիակատար վերահսկողությունը, իսկ Թուրքիան կպահպանի նախագծից ստացվող եկամտի 100%-ը առաջին 10 տարվա ընթացքում։
Այսօր՝ մարտի 9-ին, Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (ՏԿԵՆ) «Ստուգված է»-ի հետ զրույցում հերքեց այս տեղեկությունը՝ այն անվանելով ապատեղեկատվություն։
«X-ում տարբեր օգտատերերի կողմից տարածվող այն տեղեկությունները, թե իբր Հայաստանը պայմանագիր է ստորագրել թուրքական ինչ-որ կառուցապատող ընկերության հետ՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» կառուցման վերաբերյալ, չեն համապատասխանում իրականությանը։
Հարկ է ևս մեկ անգամ հստակ արձանագրել, որ «Զանգեզուրի միջանցք» Հայաստանի Հանրապետությունում չկա և չի կարող լինել։ Այս դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից բազմիցս հրապարակայնորեն հայտարարվել է։ Հետևաբար Հայաստանի Հանրապետությունը նման որևէ պայմանագիր չէր կարող ստորագրել»,- նշեց ՏԿԵՆ մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը։
Ինչու սկզբնաղբյուրը վստահելի չէ
Dikgazete.com-ը թուրքական լրատվական հարթակ է, որը հաճախ է հայտնվում փաստեր ստուգող լրագրողների ուշադրության կենտրոնում՝ որպես կեղծ տեղեկությունների տարածման աղբյուր։ Կայքը հայտնի է իր ընդգծված ռուսամետ հոդվածներով։
Digital Forensic Research Lab (DFRLab)-ը, որը զբաղվում է ապատեղեկատվության ուսումնասիրությամբ, իր զեկույցում հիշատակել է dikgazete.com-ը՝ որպես «անհայտ/ոչ թափանցիկ թուրքալեզու կայք», որն օգտագործվել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի դեմ ուղղված կեղծ լուրերի տարածման համար։ Այս հարթակում հրապարակվելուց հետո, կեղծ տեղեկությունները, որպես կանոն, տարածվել են առավել հայտնի լրատվամիջոցներում և սոցցանցերում։ Այս կայքը հաճախ հրապարակում է նյութեր, որոնք պաշտպանում են Կրեմլի արտաքին քաղաքականությունը։
Այս հոդվածի հեղինակը Օկայ Դեպրեմն է, որը բազմիցս կեղծ տեղեկություններ է տարածել, այդ թվում՝ Հայաստանի մասին և հայտնվել Russian fakes հարթակում՝ որպես կրեմլամետ հեղինակ։
Դեպրեմը նաև թուրքական ODA TV լրատվամիջոցի լրագրող է, որը երեք տարի առաջ YouTube-ում տեղադրված տեսանյութում պնդել է, որ ունի Լուգանսկի քաղաքացիություն և նախկինում ապրել է տարբեր երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում և Ուկրաինայում։
Իսկ ODA TV-ն հայտնի է որպես ռուսական «Storm-1516» ապատեղեկատվական արշավի մասնակից։
Վերջերս «Ստուգված է»-ն անդրադարձել էր այս հեղինակի կեղծ պնդումներից մեկին։ Նա գրել էր, թե Նիկոլ Փաշինյանի աջակցությամբ 2026-ի ապրիլի 7-ին ԼԳԲՏ+ համայնքը նախատեսում է երթ անցկացնել Երևանում։ Վարչապետի աշխատակազմը հերքել էր այս տեղեկությունը։
Ծագումով թուրք Օկայ Դեպրեմի գործունեությանը առավել մանրամասն կարող եք ծանոթանալ Փաստերի ստուգման հարթակի (FIP.am) այս հոդվածում։
Այն, ինչ ադրբեջանական կամ թուրքական աղբյուրները հաճախ անվանում են Զանգեզուրի միջանց, իրականում TRIPP-ը (Trump Route for International Peace and Prosperity) կամ «Թրամփի ուղին» է, որը հաղորդակցության հայեցակարգի նախագիծ է։
Դրա շուրջ համաձայնությունը ձեռք է բերվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ 2025-ի օգոստոսի 8-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված համատեղ հռչակագրով: Այն նախատեսում է Սյունիքի տարածքով ճանապարհի, երկաթուղու և այլ ենթակառուցվածքների կառուցում, որը Ադրբեջանի հիմնական մասը կկապի նրա էքսկլավ Նախիջևանի հետ։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Թրամփի ուղի» նախագիծը Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծի բաղադրիչներից մեկն է։