Պատկերը ստեղծվել է արհեստական բանականության կիրառմամբ

Մարտի 4-ին մի քանի լրատվամիջոցներ, հղում անելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին, վերնագրերում գրել էին, թե Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի կողմից նախաձեռնվել է 890 վարույթ, որից կարճվել է 617-ը՝ շուրջ 70 տոկոս։

Այս պնդումը տարածել էին news.am, verelq.am կայքերը։ 

Տեղեկությունը, սակայն, մոլորեցնող է։

Ինչ է տեղի ունեցել

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը Ազգային ժողովում ներկայացնում էր կոմիտեի` 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը։ 

Արծվիկ Մինասյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին հարցրեց, թե ինչով է պայմանավորված կարճված քրեական վարույթների մեծ թիվը․ «Դուք ասում եք, որ 890 գործ է նախաձեռնվել, որից կարճվել է 617-ը, այսինքն՝ շուրջ 70 տոկոսը։ Ինչո՞վ եք բացատրում այս մեծ թիվը»։ 

Ի պատասխան Նահապետյանը նշեց, որ պատգամավորի ուշադրությունից հավանաբար վրիպել է, որ քննված գործերի ընդհանուրը թիվը 2585 է․

«Ձեր աչքից վրիպել է, որ մենք ընդհանուր առմամբ քննել ենք 2585 քրեական վարույթ, որից կարճվել է 617-ը, հետևաբար տոկոսային համեմատությունը, որ անում եք 70 տոկոսի մասով, էդ թիվը իրականում 70 տոկոս չէ»։

Սրան ի պատասխան Արծվիկ Մինասյանը ներողություն խնդրեց և շտկեց ձևակերպումը՝ «ավարտված 890 գործերից կարճվել է 617-ը։ Սա է շուրջ 70 տոկոսը կազմում։ Սրա պատճառների և ոչ արդարացման հիմքով կարճված վարույթների մասին էր հարցս»։

Քանի վարույթ է քննվել, քանիսը՝ կարճվել

Իրականում Արթուր Նահապետյանը հաղորդումը ներկայացնելիս նշել էր, որ 2025 թվականի ընթացում Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների վարույթում քննվել է ընդհանուր 2585 քրեական վարույթ, որոնցից 890-ը արդեն ավարտվել է։ Ավարտված վարույթներից (890-ից) 617-ը կարճվել են։

«Ավարտված վարույթներից 273-ը՝ 661 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան, իսկ 617-ը կարճվել է»,- ասել էր նա։

Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնական կայքում 2025թ․ գործունեության մասին հաղորդագրությունը նույնպես հաստատում է Նահապետյանի ներկայացրած վիճակագրությունը։

Լրատվական կայքերը, թեև նյութում ներկայացրել էին նաև Արթուր Նահապետյանի պարզաբանման փոքր հատվածը, սակայն վերնագրում, միևնույն է, արել էին նույն սխալ ձևակերպումը։

Այսպիսով, Արծվիկը Մինասյանը շփոթել է քննվող և ավարտված վարույթների թիվը՝ ըստ այդմ հարցում ձևակերպելով սխալ պնդում, որը հետագայում շտկել է։ Մինչդեռ լրատվամիջոցները օգտագործել են նրա սխալ ձևակերպումը՝ տարածելով մոլորեցնող տեղեկություն։

Ուղարկեք մեզ նյութեր, որոնք ստուգման կարիք ունեն

ուղարկել