Օֆելյա Սիմոնյան
Լրագրող, փաստեր ստուգող
Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը Մոսկվայում, 2024 թվական։ Լուսանկարը՝ primeminister.am-ից

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով ԱՊՀ անդամ երկրների հետ Ռուսաստանի առևտրաշրջանառության մասին, հարցրեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե որքան է Ռուսաստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառության ներկայիս ծավալը։

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս տարի առևտրաշրջանառությունը արդեն 4 միլիարդ է կազմում։ Պուտինն առարկեց՝ «ոչ, ավելի շատ»։ Փաշինյանը կրկնեց, որ այս տարի 4 միլիարդ է կազմել, նախորդ տարի՝ մոտավոր 9 միլիարդ։ Պուտինը կրկին առարկեց, թե ակնհայտ է՝ նախորդ տարի ավելին է եղել և այս տարի էլ ավելին կլինի։

«Ստուգված է»-ն պարզել է, որ Փաշինյանի հայտարարությունը մասամբ է ճիշտ։

2025-ի հունվարից օգոստոս Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխադարձ առևտրաշրջանառությունը կազմել է 4 միլիարդ 500 միլիոն դոլար։

Էկրանապատկերը՝ armstat.am-ից

Իսկ նախորդ տարի՝ 2024-ին, հունվարից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում փոխադարձ առևտրաշրջանառությունը կազմել է 12 միլիարդ 401 միլիոն դոլար, ոչ թե 9 միլիարդ՝ ինչպես նշում է Հայաստանի վարչապետը։

Էկրանապատկերը՝ armstat.am-ից

Փաշինյանի նշած 9 միլիարդը վերաբերում է ոչ թե ամբողջ նախորդ տարվան, այլ հունվարից օգոստոսն ընկած ժամանակահատվածին, որը համեմատելի է այս տարվա՝ ներկայումս հրապարակված ցուցանիշների հետ։

Էկրանապատկերը՝ armstat.am-ից

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե այս տարի Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխադարձ առևտրաշրջանառությունը կազմել է 4 միլիարդ դոլար, մոտ է պաշտոնական վիճակագրությանը։ Նրա մյուս պնդումը, թե նախորդ տարվա առևտրաշրջանառությունը կազմել է 9 միլիարդ, սխալ է, քանի որ 9 միլիարդը վերաբերում է ոչ թե ողջ տարվան, այլ հունվարից օգոստոսին։

Ուղարկեք մեզ նյութեր, որոնք ստուգման կարիք ունեն

ուղարկել