Հուլիսի 1-ին, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ) պետականացմանը միտված օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը ակնարկեց, թե ՀԷՑ-ը զոհված զինվորների ընտանիքներին երբևէ անվճար էլեկտրաէներգիա չի մատակարարել։
«Լսե՞լ եք ՀԷՑ-ը մի զոհվածի ընտանիքի մի ամիս անվճար լույս տրամադրի։ Մայրը կուրծք է տալիս երեխուն, բայց եթե էդ ամսվա լույսի վարձը չի վճարել, լույսը վրեն անջատում են»,- ասաց պատգամավորը։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով այս հայտարարությանը, այն սուտ որակեց և նշեց, որ ՀԷՑ-ը ավելի քան 2500 ընտանիքի տրամադրել է այդ աջակցությունը․
«Ասում է, որ զոհված ընտանիքների անդամներին աջակցություն ցույց չի տվել։ Անգամ ես եմ հիշում, նոր, քիչ առաջ էլի բացեցի՝ հիշեցի, որ 2500-ից ավել ընտանիքներ ստացել են էդ աջակցությունը ՀԷՑ-ից»,- ասաց Արծվիկ Մինասյանը։
Media.am-ի փաստերի ստուգման թիմը՝ «Ստուգված է»-ն, ուսումնասիրել է այս պնդումներն ու պարզել, որ իշխանական պատգամավոր Նարեկ Գրիգորյանի հայտարարությունը մոլորեցնող է․ ՀԷՑ-ն իրականացրել է էլեկտրաէներգիայի աջակցության ծրագիր 44-օրյա պատերազմի հետևանքով տուժած կամ զոհված զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար։
Ինչ վերաբերում է ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանի պնդմանը, ապա այն թերի է, քանի որ աջակցություն տրամադրվել է ոչ թե 2500, այլ՝ 4000 ընտանիքի։
Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից հայտնեցին, որ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում 44-օրյա պատերազմից ի վեր էլեկտրաէներգիայի տեսքով աջակցություն է տրամադրվել ավելի քան 4000 ընտանիքի։
Ծախսվել է մոտ 450 մլն դրամ, որից 300 մլն դրամն ուղղվել է էլեկտրաէներգիայի դիմաց վճարումների սուբսիդավորմանը (ավելի քան 11 մլն կիլովատտ ժամ էլեկտրաէներգիայի տեսքով) և 150 մլն դրամը՝ էլեկտրաէներգիայի դիմաց պարտքի միանվագ զիջմանը:
Կառույցից նաև հայտնել են, որ, բացի էլեկտրաէներգիայի տեսքով աջակցությունից, 44-օրյա պատերազմի հետևանքով տուժած քաղաքացիների համար աջակցության այլ ծրագրեր ևս իրականացվում են, սակայն չեն մանրամասնել, թե կոնկրետ ինչ ծրագրերի մասին է խոսքը։
2020 թվականի հոկտեմբերին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ, ՀԷՑ-ը հայտարարել էր, որ, ի դեմս իր աշխատակիցների, ավելի քան 200 մլն դրամ է փոխանցել «Հայաստան» Համահայկական հիմնադրամին:
Ավելի վաղ հայտարարվել էր նաև «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքին 50 մլն դրամ ուղղելու, ինչպես նաև Արցախից ժամանած 75 անձանց Ծաղկաձորի հանգստյան տներից մեկում հյուրընկալու և կացության ծախսերը հոգալու մասին։
Ինչ վերաբերում է Արծվիկ Մինասյանի պնդմանը, ապա բաց աղբյուրներում մեզ չհաջողվեց գտնել 2500 ընտանիքներին տրամադրված աջակցության մասին որևէ տեղեկություն։ Ինքը՝ պատգամավորը, ևս չկարողացավ տրամադրել մեզ աղբյուր, որից օգտվել է այդ տեղեկությունը ԱԺ ամբիոնից հնչեցնելիս։ ՀԷՑ-ից ևս դժվարացան պատասխանել հարցին, թե կոնկրետ ինչ ծրագիր է նկատի ունեցել Արծվիկ Մինասյանը։
Ազգային ժողովը հուլիսի 3-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց օրենսդրական փաթեթը։ Ընդունված փոփոխություններով հնարավոր է ՀԷՑ-ի կառավարումը հանձնել ժամանակավոր կառավարչի: