Մոտ մեկ տարի առաջ՝ 2024 թվականի հուլիսի 4-ին, Երևանում քաղաքային տրանսպորտը սպասարկող «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Բեգլար Կիրակոսյանը Հանրային հեռուստատեսության ռեպորտաժում նշել էր, որ իրենք աշխատում են ավտոբուսներում էլեկտրոնային համակարգ ներդնելու ուղղությամբ, և ակնկալում են, որ դրա արդյունքում վթարների թիվը կնվազի և տրանսպորտն ավելի արդյունավետ կաշխատի․
«Էլեկտրոնային եղանակով հետևելու ենք մեր բոլոր ավտոբուսների շարժը։ Բացի GPS համակարգից՝ մենք հետևելու ենք վարորդին տեսախցիկի միջոցով, մենք հետևելու ենք ինչ արագությամբ է մեր ավտոբուսն ընթանում, քանի րոպե կանգնեց կանգառում, ինչ խնդիր կա մեքենայի։ Այսինքն մենք մեքենայի ընթացային մասերի, շարժիչի աշխատանքի, բոլորն ուզում ենք թվայնացնել»,- ասել էր Բեգլար Կիրակոսյանը։
Երևանի ավտոբուս ՓԲԸ-ի տնօրենը կարծում էր, որ միասնական տոմսային համակարգը ևս զգալիորեն կնպաստի ավտոբուսների աշխատանքի բարելավմանը և վթարների նվազմանը։
«Լուրեր»-ի փոխանցմամբ՝ Երևանի ավտոբուս ՓԲԸ-ն պլանավորել էր թվայնացման ու վերահսկող բաժնի ստեղծման աշխատանքը ավարտել մինչև տարեվերջ կամ ավելի շուտ։
Media.am-ի փաստերի ստուգման թիմը՝ «Ստուգված է»-ն, ուսումնասիրել է, թե ինչպես է փոխվել Երևանի հանրային տրանսպորտում ավտովթարների դինամիկան Բեգլար Կիրակոսյանի այս հայտարարությունից հետո։
«Երևանի ավտոբուս» ընկերության՝ մեզ տրամադրած տվյալների համաձայն՝ հունիսի 27-ի դրությամբ GPS սարքեր առկա են 87 «Ման», 562 «Ժոնգ թոնգ», 103 «Հայգեր» մակնիշի ավտոբուսներում։
«Փոքր դասի 100 միկրոավտոբուսներից 75-ում ևս արդեն տեղադրվել են GPS սարքավորումներ, մյուս 25-ում տեղադրվելու են առաջիկա 1-2 օրերի ընթացքում։ Ըստ այդմ, ընդգծում ենք, որ մինչև հաջորդ շաբաթվա վերջ «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերության բոլոր տրանսպորտային միջոցներում տեղադրված են լինելու GPS սարքեր»,- նշել են «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից։
Երևանը ամբողջությամբ անցավ միասնական տոմսային համակարգի 2025 թվականի հունվարի 1-ից։
«Երևանի ավտոբուս»-ի տվյալներով՝ 2024-ի հուլիսից մինչև 2025-ի մայիս ընկերության ենթակայությամբ գործող տրանսպորտային միջոցների մասնակցությամբ տեղի է ունեցել 1858 ճանապարհատրանսպորտային պատահար:
Նախորդ տարվա հուլիսին, երբ Բեգլար Կիրակոսյանը խոսել էր տրանսպորտում էլեկտրոնային համակարգի ներդրումից ակնկալվող արդյունքների մասին, «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ենթակայությամբ գործող ավտոբուսների մասնակցությամբ գրանցվել էր 136 ավտովթար: Оգոստոսին՝ հուլիսի համեմատ մեկով պակաս՝ 135, սեպտեմբերին 23-ով ավել՝ 159, հոկտեմբերին հինգով ավել՝ 141, նոյեմբերին 41-ով ավել՝ 177, իսկ դեկտեմբերին նախորդների համեմատ ամենաշատը՝ 180 վթար, որը հուլիսի համեմատ ավել է 44-ով։
2025-ին պատկերը ևս մտահոգիչ է։ Առաջին հինգ ամիսներին Երևանը սպասարկող ավտոբուսների մասնակցությամբ գրանցվել է 930 ճանապարհատրանսպորտային պատահար (ՃՏՊ). 152-ը՝ հունվարին, 187-ը՝ փետրվարին, 204-ը՝ մարտին, 183-ը ապրիլին և 204-ը մայիսին։
Թիվը, ինչպես կարելի է տեսնել, ոչ միայն չի նվազել, այլ զգալիորեն ավելացել է։
«Երևանի ավտոբուս»-ի տրամադրած տվյալների համաձայն, որոնք հիմնված են ապահովագրական ընկերությունների եզրակացությունների վրա, 2025թ․ հունվար-մայիսին տեղի ունեցած 930 վթարների զգալի մասում՝ 344-ում, մեղավոր են ճանաչվել «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերության վարորդները։ 320 դեպքերում եղել են անմեղ, վիճելի են եղել դեպքերից 266-ը:
Ուսումնասիրելով նախորդող չորս տարիներին Երևանի հանրային տրանսպորտի մասնակցությամբ ավտովթարների քանակը՝ նկատում ենք, որ դրանց թիվը շարունակաբար աճել է։ Մասնավորապես՝ 2021-ին գրանցվել է 234, 2022-ին 954, 2023-ին 1235, 2024-ին՝ 1734, իսկ 2025-ին արդեն իսկ 930 ավտովթար։
Պատկերն առավել մանրամասն կարելի է տեսնել ստորև ներկայացված ինֆոգրաֆիկայում։
Կարևոր է նաև, որ ավտոբուսների քանակը տարեցտարի ևս ավելացել է։ Մասնավորապես՝ 2021 թվականին եղել է 385 ավտոբուս, 2022-ին 526 ավտոբուս, 2023-ին 709 ավտոբուս, 2024-ին 723 ավտոբուս, 2025-ին՝ 852 ավտոբուս։
2025-ի հունիսի 30-ին Բեգլար Կիրակոսյանը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց, որ նախորդող երկու շաբաթներին 76 երթուղիներում փաստացի սպասարկել է 280-ով պակաս կամ մինուս 3% շարժակազմ։ Նա նաև նշեց, որ սպասարկման ենթակա ավտոբուսներից 30-ն անսարք են։
Նախորդ տարի Բեգլար Կիրակոսյանը որպես վթարների պատճառ նշել էր վարորդների շտապողականությունը և պակաս հանդուրժողականությունը քաղաքային տրանսպորտի նկատմամբ։
Այսպիսով, Բեգլար Կիրակոսյանի ակնկալիքը, որ էլեկտրոնային համակարգի ներդրման և միասնական տոմսային համակարգի անցման դեպքում վթարների թիվը կնվազի, չի իրականացել։ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ենթակայությամբ գործող մեքենաների մասնակցությամբ վթարները շարունակաբար աճում են։