Պատգամավոր Հակոբ Արշակյանը հունիսի 18-ին ԱԺ-ում հայտարարել էր, որ Ռուսաստանում չկա երկքաղաքացիություն, և ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանը չի կարող լինել և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի քաղաքացի։
«Հիմա էս մասնավոր անձը (նկատի ունի Սամվել Կարապետյանին, խմբ․), ով որ երեկ հայտարարություն ա տարածել, էս մարդը Ռուսաստանի անձնագիր ունի, բայց ասում են նաև Հայաստանի անձնագիր ունի։ Հիմա տեսեք, Ռուսաստանում չկա երկքաղաքացիություն, եթե ինքը սկզբում Հայաստանի քաղաքացի ա եղել, ապա ինքը գրավոր պետք է հրաժարվեր, ըստ ռուսական օրենքների, եթե ես չեմ սխալվում, ես տենց գիտեմ։ Գրեր, գնար ներկայանար էդ համապատասխան մարմինը, որ իրան տային ռուսական անձնագիր։ Իսկ եթե սկզբում ռուսական անձնագիր է ունեցել, պիտի գնար հանձներ էդ անձնագիրը, հետո ստանար հայկական անձնագիր։ Հիմա ինքը Հայաստանի՞ քաղաքացի է, թե՞ Ռուսաստանի քաղաքացի է, որովհետև երկուսը մեկում չի լինում», – ասել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը։
«Ստուգված է»-ն պարզել է, որ Հակոբ Արշակյանի հայտարարությունը մոլորեցնող է, քանի որ Ռուսաստանում երկքաղաքացիությունը և բազմակի քաղաքացիությունը թույլատրվում է։ Անձը կարող է ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն՝ առանց հրաժարվելու իր օտարերկրյա քաղաքացիությունից։
«Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր, գործարար Սամվել Կարապետյանը հունիսի 18-ին ձերբակալվեց և կալանավորվեց՝ երկու ամիս ժամկետով։ Ձերբակալությունը հաջորդել էր նրա հարցազրույցին, որտեղ Կարապետյանը մեղադրում է Հայաստանի գործող իշխանություններին՝ Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակում գործելու համար և նշում՝ «Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն, եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»։
Գործարարը մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչ հնչեցնելու համար։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հունիսի 18-ին հայտարարել էր, որ Մոսկվան անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի, որպեսզի ՌԴ քաղաքացի Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները պահպանվեն։
Սամվել Կարապետյանը, սակայն, բացի ՌԴ քաղաքացիությունից, ունի նաև ՀՀ քաղաքացիություն։ Նրա անունը առկա է Ընտրողների պետական ռեգիստրում, որտեղ առկա են ՀՀ-ում ընտրելու իրավունք ունեցող բոլոր քաղաքացիների անունները և նրանց գրանցման հասցեները։
Ինչ վերաբերում է Հակոբ Արշակյանի պնդմանը, ապա ՌԴ սահմանադրության 62-րդ հոդվածում նշված է, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացին կարող է ունենալ օտարերկրյա պետության քաղաքացիություն՝ համաձայն դաշնային օրենսդրության կամ Ռուսաստանի Դաշնության միջազգային պայմանագրի։
Օտարերկրյա պետության քաղաքացիությունը չի նվազեցնում նրա իրավունքներն ու ազատությունները և չի ազատում նրան Ռուսաստանի քաղաքացիությունից բխող պարտավորություններից, եթե այլ բան նախատեսված չէ դաշնային օրենքով կամ Ռուսաստանի Դաշնության միջազգային պայմանագրով։
«ՌԴ քաղաքացիության մասին» դաշնային օրենքի 2-րդ գլխում նշվում է, որ Ռուսաստանի քաղաքացին, որն ունի կրկնակի կամ բազմակի քաղաքացիություն, Ռուսաստանի Դաշնության կողմից համարվում է միայն ՌԴ քաղաքացի՝ անկախ նրա բնակության վայրից։
Բազմակի քաղաքացիությունը Ռուսաստանի քաղաքացու՝ այլ պետության քաղաքացիություն ունենալն է, որի հետ Ռուսաստանը չի կնքել երկքաղաքացիության մասին միջազգային պայմանագիր։
Երկքաղաքացիությունը Ռուսաստանի քաղաքացու՝ այլ պետության քաղաքացիության առկայությունն է, որի հետ Ռուսաստանի Դաշնությունը կնքել է միջազգային պայմանագիր երկքաղաքացիության վերաբերյալ։
2025 թվականի դրությամբ միակ պետությունը, որի հետ Ռուսաստանի Դաշնությունը ունի երկքաղաքացիության վերաբերյալ միջազգային պայմանագիր, Տաջիկստանն է։
Նշվում է նաև, որ ՌԴ քաղաքացու կողմից այլ պետության քաղաքացիության ձեռքբերումը չի ենթադրում Ռուսաստանի քաղաքացիության դադարեցում։ ՌԴ քաղաքացու կողմից կրկնակի կամ բազմակի քաղաքացիության առկայությունը չի կարող հիմք հանդիսանալ նրան Ռուսաստանի Դաշնությունից արտաքսելու։
Նախքան 2020 թվականի ապրիլը՝ օտարերկրյա քաղաքացիների համար Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու պայմաններից մեկը իրենց մյուս քաղաքացիությունից հրաժարվելն էր։ 2020 թվականի ապրիլի 24-ին, սակայն, օրենքում փոփոխություն կատարվեց, որը թույլ է տալիս անձանց ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն՝ առանց հրաժարվելու իրենց օտարերկրյա քաղաքացիությունից:
Բացառություն են կազմում պետական պաշտոնյաները։ Պետական գործունեություն իրականացնող անձանց համար հստակորեն սահմանվում է օտարերկրյա քաղաքացիության արգելք, սակայն Սամվել Կարապետյանը պետական պաշտոն չի զբաղեցնում։
ՀՀ օրենսդրությունը ևս թույլ է տալիս Հայաստանի քաղաքացուն ունենալ երկքաղաքացիություն։
Այսպիսով, Հակոբ Արշակյանի հայտարարությունը, թե Ռուսաստանում չկա երկքաղաքացիություն, և գործարար Սամվել Կարապետյանը չի կարող լինել և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի քաղաքացի, մոլորեցնող է։
Ռուսաստանում կրկնակի կամ բազմակի քաղաքացիությունը օրենքով արգելված չէ: Ռուսաստանի Դաշնությունը իր բնակիչներին համարում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ՝ անկախ այլ պետության անձնագրի առկայությունից։