«Ժողովուրդ» օրաթերթը այսօր՝ հունիսի 4-ին, գրել է (արխ․), որ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 2018 թվականի իր հայտարարագրում անշարժ գույք և մեքենա չէր հայտարարագրել, մինչդեռ «հիմա պարզվեց, որ վաղուց ունի երկու տուն, ավտոմեքենա, որոնք առաջին հայտարարագրում չկային»։
Նույն օրը առավոտյան Անահիտ Ավանեսյանը իր ֆեյսբուքյան էջում հերքման պահանջ էր ներկայացրել օրաթերթին՝ նշելով, որ «Ես 2018 թվականից հետո որևէ գույք, բաժնետոմս, շահաբաժին կամ ավտոմեքենա ձեռք չեմ բերել, այլ հակառակը` վաճառել եմ մինչև 2018թ. ունեցածս գույքը և այդ գումարը դրված է բանկում` որպես ավանդ»:
«Ստուգված է»-ն պարզել է, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունը սխալ է, քանի որ Ավանեսյանի 2018-ի՝ պաշտոնը ստանձնելու հայտարարագրում առկա են տվյալներ բոլոր անշարժ գույքերի՝ բնակարանի, ամառանոցի, մեքենայի մասին։
2018-ի մայիսի 24-ին Անահիտ Ավանեսյանը ստանձնել է Առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը և ներկայացրել է պաշտոնը ստանձնելու հայտարարագիր, որտեղ կարելի է տեսնել ինչպես բազմաբնակարան շենքում նրա բնակարանի և ամառանոցի, այդպես էլ «Ֆորդ» մակնիշի մեքենայի մասին տեղեկությունը։ Ավելին, նախարարը հայտարարագրել է նաև մեկ հողամաս և բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք (զրոյական հարկ)։
Պաշտոնատար անձինք օրենքով պարտավոր են ներկայացնել պաշտոնը ստանձնելու և տարեկան հայտարարագիր։ Պաշտոնը ստանձնելու հայտարարագրում Ավանեսյանը ներկայացրել է պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցած անշարժ գույքի մասին տեղեկությունները։
«Ժողովուրդը», հավանաբար, ուսումնասիրել է Ավանեսյանի՝ 2018-ի պաշտոնատար անձի տարեկան հայտարարագրի տվյալները, որտեղ պահանջվում է ներկայացնել հարկային տարում (նոր) ձեռք բերած անշարժ և շարժական գույքը։ Այս դաշտերը դատարկ են, քանի որ այդ տարվա ընթացքում նախարարը նոր գույք ձեռք չի բերել։
2019-ի հայտարարագրում Ավանեսյանն արդեն մասնավորեցրել է, որ Երևանում գտնվող բնակարանը համատեղ սեփականություն է, որը ձեռք է բերվել 2014 թվականին։ Հաջորդ տարում՝ 2015-ին, նախարարը համատեղ սեփականությամբ ձեռք է բերել շենքի ոչ բնակելի տարածքը։
Ղազարավանում գտնվող ամառանոցը, որը ձեռք է բերվել 2005-ին, ևս համատեղ սեփականություն է։
Տրանսպորտի միջոցը անփոփոխ է՝ «Ֆորդ», ձեռք է բերվել 2015-ին։
Ինչ վերաբերում է 2018-ին առկա հողամասին, ապա այն հաջորդ տարվա հայտարարագրում արդեն առկա չէ։
2021-ին Անահիտ Ավանեսյանը նշանակվեց Առողջապահության նախարար։
2022-ին նախարարը 25 միլիոն դրամով օտարել է բազմաբնակարան շենքի ոչ բնակելի շինությունը, որից հետո նրա հայտարարագրում շարժական և անշարժ գույքի վերաբերյալ տեղեկությունը չի փոխվել։
Այսպիսով, տեղեկությունը, թե Անահիտ Ավանեսյանը 2018 թվականի իր հայտարարագրում անշարժ գույք և մեքենա չի հայտարարագրել, սխալ է։