Новости Армении ֆեյսբուքյան էջը գովազդով տարածում է (արխ․) տեղեկություն, թե իբր Հայաստանի ֆինանսների նախարարությունը նոր օրինագիծ է ընդունել, որը կօգնի Հայաստանի քաղաքացիներին գումար վաստակել՝ կատարելով փոքր ներդրումներ Flash Petrol Invest հարթակում։
«Ստուգված է»-ն պարզել է, որ գովազդվող տեղեկությունը կեղծ է, իսկ առաջարկվող ներդրումային հարթակը՝ ոչ վստահելի։
Новости Армении Ֆեյսբուքյան էջը ստեղծվել է 2024-ի սեպտեմբերին, նշվում է, որ էջը կառավարվում է 15 հոգու կողմից, որոնցից 11-ը Վիետնամից, 3-ը Ուկրաինայից, մեկը՝ Հնդկաստանից, սակայն այս տվյալները չենք կարող որպես հիմք ընդունել, որովհետև դրանք կարելի է կեղծել օրինակ՝ VPN համակարգով։
Նյութը պատրաստելու ընթացքում գովազդով նույն բովանդակությունը սկսեց տարածվել (արխ․) ֆեյսբուքյան (արխ․) շատ այլ էջերով (արխ․) ևս։
Երկու դեպքում էլ գովազդվող բովանդակությանը կցված է ռուսական պետական «Սպուտնիկ Արմենիա»-ի նմանությամբ ստեղծված կայքի հղում, օգտագործվել է լրատվական գործակալության տարբերանշանը, սակայն ուշադիր համեմատելու դեպքում կտեսնենք ակնհայտ տարբերություններ։ Առաջինը, որ աչքի է ընկնում, դոմեյնների տարբերությունն է։ Բացի դրանից, իրական «Սպուտնիկ Արմենիա»-ում կան գովազդներ։ Մյուս կողմից՝ կայքի կեղծված տարբերակում որևէ բաժին չի գործում, բոլոր բաժինների վրա սեղմելիս հայտնվում եք նույն էջում։
«Ստուգված է»-ի հետ զրույցում Ֆինանսների նախարարությունից հերքեցին տեղեկությունը, թե նման օրինագիծ է ընդունվել։
«Պաշտոնապես հայտնում ենք, որ վերջերս տարածված տեղեկատվությունն այն մասին, թե ՀՀ ֆինանսների նախարարությունն իրականացնում է նախագիծ, որը հնարավորություն է տալիս Հայաստանի բնակիչներին ներդրումներ կատարել և գումար վաստակել Flash Petrol Invest հարթակի միջոցով, չի համապատասխանում իրականությանը»,- փոխանցեցին նախարարությունից։
Նյութում նշվում է, որ «Flash Petrol»-ում ներդրումների առաջին ալիքին մասնակցել է ավելի քան 100.000 քաղաքացի, յուրաքանչյուրը նվազագույն ներդրումներով կարողացել է վաստակել ավելի քան 700.000 ՀՀ դրամ։
Իբրև ապացույց նյութում կցվել են վարորդի և բժշկի նկարներ և նշել, թե վերջիններս արդյունքներից շատ գոհ են։ Վարորդն իբրև նշել է, թե գործարքն այնքան արդյունավետ է, որ մի քանի օրից մեքենա է գնել, իսկ բժիշկը իբրև ասել է, թե այդ ներդրումը դարձել է իր համար եկամտի հիմնական աղբյուր։
Վարորդի լուսանկարը 5 տարվա հնության է և վերցված է իրական «Սպուտնիկ Արմենիա»-ի նյութից։ Վարորդը, որի անունը չի նշվում, իրականում խոսում է վարորդների գնահատման բալային համակարգից խնդիրներից։
Բժիշկը, որի անունը գրված է Արմեն Գրիգորյան, իրականում Սերժ Դուլյանն է և դա նշված է նաև նրա հագուստի վրա։ Կեղծարարները լուսանկարը վերցրել են Repat Armenia-ի ֆեյսբուքյան էջից։
Նյութում նշվում է, թե իրենց (իբրև «Սպուտնիկ Արմենիա»-ի) թիմը ևս փորձել է համակարգը, և առաջին իսկ վճարումից հետո հաջորդ օրը իրենց հաշիվը համալրվել է 683,257 դրամով, իսկ 30 օրում հաշիվը դարձել է 1 մլն 150 հազար դրամ։
«Մենք պահանջել ենք 683,000 դրամի կանխիկացում և այն մուտքագրվել է մեր հաշվին 7 րոպեի ընթացքում»,- նշվում է նյութում։
Մեխանիզմը գործի դնելու համար կեղծարարներն առաջարկում են գրանցվել և կատարել առաջին ներդրումը։
Մենք գրանցվեցինք համակարգում՝ մուտքագրելով պահանջվող տվյալները (անուն, հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե), որից հետո բացվեց նոր դաշտ, այնտեղ արդեն նշվում էր, որ 250$-ը բավարար է ավանդը օրական 500$-ի հասցնելու համար։
Կայքում անձնական տվյալները լրացնելուց ժամեր անց ստացանք զանգ՝ 055 619043 համարից: Զանգահարողը ռուսախոս կին էր, որը ներկայացավ որպես ֆինանսական խորհրդատու և առաջարկեց իր օգնությունը՝ համակարգում գրանցվելու և ներդրումային հաշիվը համալրելու համար։
Կայքի (արխ․) ուսումնասիրությունը ցույց տվեց, որ Flash Petrol Invest կոչվող հարթակը ներդրումային վստահելի գործիք չէ, այն հիշեցնում է ֆինանսական խարդախություն, որի օրինակներից մեկի մասին նախկինում Media.am-ն արդեն գրել էր։
Կայքում չկա կոնտակտային որևէ տվյալ կամ տեղեկություն կազմակերպության մասին։ Այն չունի նմանատիպ գործունեություն ծավալելու լիցենզիա։
Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը վերջերս պատրաստել էր տեսանյութ, որտեղ մանրամասն ներկայացնում էր նմանատիպ ներդրումային խարդախությունները, դրանց կատարման ձևերն ու տեսակները, ներկայացնում` ինչպես չդառնալ ներդրումային խարդախության զոհ։