Օֆելյա Սիմոնյան
Լրագրող, փաստեր ստուգող
Իլհամ Ալիևը և Սերժ Սարգսյանը՝ Սանկտ Պետերբուրգում

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը փետրվարի 10-ին հայտարարել էր, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի առաջարկներով (2016թ.) նախատեսվում էր ընդլայնել ԵԱՀԿ դիտորդների թիվը և ներդնել միջադեպերի հետաքննության մեխանիզմներ, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած բանակցությունների արդյունքում դրանք դուրս մղվեցին և փոխարինվեցին «օպերատիվ կապով»։

«2016 թվականի ապրիլյան պատերազմից անմիջապես հետո շրջանառվում էին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի առաջարկները, որոնցով նախատեսվում էր ընդլայնել Կասպրշիկի գրասենյակը՝ ավելացնել դիտորդների թիվը և ներդնել միջադեպերի հետաքննության մեխանիզմներ։ Փաշինյանի բանակցությունների արդյունքում էդ առաջարկները դուրս մղվեցին և դա փոխարինվեց այսպես կոչված օպերատիվ կապով, որի մասին ինքը պայմանավորվել էր Ալիևի հետ Դուշանբեի անհասկանալի բանակցությունների ժամանակ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր Խաչատրյանը։

Պատգամավորի այս հայտարարությունը մոլորեցնող է, քանի որ չնայած Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված ընդհանուր պայմանավորվածություններին՝ Ադրբեջանը մշտապես խոչընդոտել է դրանց իրականացումը՝ հայտարարելով, որ նման պարտավորություններ չի էլ ստանձնել։

Բացի դրանից, չկա որևէ փաստ, որ այդ պայմանավորվածությունները փոխարինվել են «օպերատիվ կապով»։ Այդ կապի ստեղծման մասին Փաշինյանի հայտարարությունից հետո էլ ՀՀ իշխանությունները շարունակել են խոսել հրադադարի խախտումները հետաքննելու մեխանիզմի և Կասպրշիկի գրասենյակը ընդլայնելու անհրաժեշտության մասին։

Ադրբեջանի արձագանքը՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի առաջարկներին

2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո՝ մայիսի 16-ին Վիեննայում (արխիվացված), հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում (արխիվացված), կայացան Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները։ Հայկական կողմի (արխիվացված) և ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների նախարարների տարածած հայտարարության համաձայն՝ ձեռք էր բերվել պայմանավորվածություն ստեղծել հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմ և ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմը։ 

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գրասենյակը զբաղվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի մշտադիտարկմամբ և միջնորդական ջանքերով։

Մեկնաբանելով Վիեննայի հանդիպումը՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը հայտարարել էր, թե Բաքուն պարտավորություններ չի ստանձնել ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի լիազորությունների ընդլայնման մասին.

«Կասպրշիկի լիազորությունների էական փոփոխություն չի կարող լինել: Այնտեղ նշվածը Մինսկի խմբի դիրքորոշումն է: Մենք այդ կապակցությամբ պարտավորություններ չենք ստանձնել», – ասել էր Մամեդովը:

Արդեն հուլիսի 27-ին «Ազատության» հետ զրույցում արտգործնախարարության մամուլի նախկին քարտուղար Տիգրան Բալայանը ասել էր, որ Բաքուն մի քանի անգամ արգելափակել է այդ որոշման կայացումը ԵԱՀԿ-ում, իսկ ԵԱՀԿ ֆինանսաբյուջետային հանձնաժողովում դեռ որոշում կայացված չէ՝ անձնական ներկայացուցչի թիմի ավելացման համար գումարներ հատկացնելու մասին։

Այն, որ Ադրբեջանը հրաժարվել է կատարել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները, հայտարարել է (արխիվացված) նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը 2017 թվականի ապրիլի 1-ին։

Հաջորդ տարի՝ 2018-ի հունվարի 29-ին, Հայաստանի ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը վերահաստատեց (արխիվացված), որ ձեռք էր բերվել համաձայնություն յոթ հոգով ավելացնելու Կասպրշիկի թիմի անձնակազմը, սակայն դա չստացվեց, քանի որ Ադրբեջանը «բազմաթիվ խոչընդոտներ առաջ բերեց»։

2018-ի հունիսի 14-ին Նիկոլ Փաշինյանը, ԱԳՆ և ՊՆ նախկին նախարարները իրենց աջակցությունն էին հայտնել (արխիվացված) ԵԱՀԿ Մինսկի խմբի և գործող նախագահի անձնական ներկայացուցչի աշխատանքին։

2018-ի հուլիսի 31-ին Տիգրան Բալայանը ասել էր, որ հայկական կողմը պարբերաբար դիմել է դեսպան Կասպրշիկի գրասենյակին՝ հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում հրադադարի ռեժիմի դիտարկում անցկացնելու առաջարկությամբ, սակայն Ադրբեջանը համաձայնություն չի տվել։

2020-ի հուլիսի 17-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արմեն Պապիկյանը ևս խոսել էր (արխիվացված) ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը ընդլայնելու անհրաժեշտության մասին։

2020 թվականի սեպտեմբերի 2-ին Հայաստանի ԱԳՆ մամուլի նախկին խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարել էր (արխիվացված), որ Հայաստանը կարևորել է հակամարտության գոտում ԵԱՀԿ ներկայության ընդլայնումը և հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ներդնում, սակայն «Ադրբեջանը հանդես է եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված այս առաջարկությունների մերժմամբ՝ կամ բացահայտ կերպով, կամ էլ ներկայացնելով այնպիսի առաջարկներ, որոնք ինքնըստինքյան իմաստազրկել են դրանց իրականացումը»:

Այսպիսով, Ադրբեջանը մշտապես մերժել է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում քննարկված ԵԱՀԿ դիտորդների թիվը ավելացնելու և միջադեպերը հետաքննելու մեխանիզմ ստեղծելու առաջարկները, ավելին, հերքել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի հայտարարությունը, թե այս հարցում ձեռք է բերվել պայմանավորվածություն։

Օպերատիվ կապ ստեղծելու պայմանավորվածության մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր 2018-ի սեպտեմբերին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Դուշանբեում կայացած հանդիպումից հետո։ Դրա նպատակը հրադադարի ռեժիմի լիարժեք պահպանումը պետք է լիներ։ Նույն տարվա հոկտեմբերի 18-ին Փաշինյանը արդեն հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ հաստատվել է «հուսալի օպերատիվ կապ» և ցանկացած իրադարձություն կես ժամվա ընթացքում կհասնի երկու երկրների ղեկավարներին։ Օպերատիվ այս կապը գործնականում ևս չաշխատեց։ Սակայն չկա որևէ փաստ, որ այն փոխարինելու էր եկել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի առաջարկներին։ 

Ուղարկեք մեզ նյութեր, որոնք ստուգման կարիք ունեն

ուղարկել