Օֆելյա Սիմոնյան
Լրագրող, փաստեր ստուգող

Փետրվարի 7-ին հայկական լրատվական կայքերը, հղում անելով «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանին, գրել էին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ նոր ադմինիստրացիայի օրոք Սպիտակ տուն այցելած առաջին ղեկավարն է։

Այս տեղեկությունը տարածել էին վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» (արխիվացված) ՔՊ-ի հետ փոխկապակցված Civic.am-ը (արխիվացված), վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ փոխկապակցված Medianews.site, zarkerak.am-ը և այլ լրատվական էջեր ու օգտատերեր։

Առաջին երկու լրատվամիջոցներն արդեն խմբագրել են գրառումը, սակայն նախնական տարբերակը հնարավոր է տեսնել փոփոխությունների պատմության մեջ։

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը մեղադրեց (արխիվացված) Կոնջորյանին, թե վերջինս չգիտի, որ Փաշինյանից առաջ Սպիտակ տանը հյուրընկալվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Հանրապետական կուսակցության երիտթևը ևս մեղադրեց պատգամավորին ստախոսության համար։

Իրականում Կոնջորյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում նշել էր, որ Փաշինյանը նոր ադմինիստրացիայի օրոք Սպիտակ տուն այցելած առաջին ղեկավարներից մեկն է, ոչ թե առաջինը. 

«Ըստ էության, վարչապետը ԱՄՆ նորընտիր ադմինիստրացիայի օրոք Սպիտակ տուն այցելած առաջին պետության ղեկավարներից մեկն է»,- ասել է Կոնջորյանը։

Իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ նախագահության օրոք Սպիտակ տուն այցելած առաջին ղեկավարը իսկապես Իսրայելի նախագահ Բենիամին Նեթանյահուն է եղել։