Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 5-ին կրկին հայտարարել է, որ Հայաստանը դեմ չէ Ադրբեջանի հետ միմյանց դեմ հայցերի հետկանչին։ Այս մասին նա խոսել է Վաշինգտոնում՝ «Atlantic Council» միջազգային հարաբերություններում մասնագիտացված կենտրոնում։
«Դա վերաբերում է միջազգային ատյաններում միմյանց դեմ ներկայացված հայցերի հետկանչին։ Ընդհանուր առմամբ մենք խնդիր չունենք նաև այդ գաղափարի հետ, բայց ունենք հետևյալ առաջարկը՝ հետ կանչել բողոքները ոչ միայն միջազգային ատյաններից, այլև չբարձրացնել այդ հարցերը երկկողմ հարաբերություններում։ Մեր առաջարկն է վերջ դնել հակասական թեմաների շուրջ հետագա քննարկումներին, և բացել նոր դարաշրջան երկկողմ հարաբերություններում` սկսելով նոր, մաքուր ու դատարկ էջից», – ասել էր Նիկոլ Փաշինյանը։
Միջգերատեսչական հայցերի՝ փոխադարձաբար հետկանչը պաշտոնական Բաքվի առաջ քաշած նախապայմաններից մեկն է, որի մասին խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ադրբեջանի հետ բանակցվող փաստաթղթում Արցախի ժողովրդի վերադարձին, իրավունքներին և անվտանգությանն առնչվող դրույթ չկա: Իշխանության տարբեր ներկայացուցիչներ շեշտել են, թե Արցախից բռնի տեղահանվածների, գերեվարված անձնաց խնդիրների լուծման ճանապարհը միջազգային ատյաններ ներկայացված հայցերն են:
Ստացվում է, որ միջգերատեսչական հայցերի հետկանչի դեպքում պետությունը արցախցիների խախտված իրավունքների հարցը չի կարող վիճարկել նաև միջազգային ատյաններում, ինչպես նախկինում խոստանում էր։
«Ստուգված է»-ն ուսումնասիրել է, թե միջգերատեսչական ինչ հայցեր ունեն Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց դեմ և ինչից է hետ կագնելու Հայաստանը՝ հայցերից հրաժարվելու դեպքում։
Մարդու իրավունքների Եվրոպական դատարան
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանն այս պահին Ադրբեջանի դեմ 4, Թուրքիայի դեմ՝ մեկ գանգատ ունի։
Առաջին միջպետական գանգատը կառավարությունը ներկայացրել է 2021 թվականի փետրվարի 1-ին՝ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում թույլ տրված կոնվենցիոն խախտումների համար: Այս գործի շրջանակում քննվում է քաղաքացիների և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա Ադրբեջանի հարձակումները, ռազմագերիների գերեվարումը, արցախցիների հարկադիր տեղահանումը, մարդասպանություններն ու խոշտանգումները։
Նույն թվականի մայիսին Հայաստանը միջպետական բողոք է ներկայացրել նաև Թուրքիայի դեմ՝ 44-օրյա պատերազմում Ադրբեջանին աջակցելու և վարձկաններ ներգրավելու համար։
2021 թվականի հունվարի 15-ին Ադրբեջանը հայելային գանգատ ներկայացրեց Հայաստանի դեմ՝ մեղադրելով 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանի կողմից ենթադրաբար թույլ տրված խախտումների համար։ Դրան գումարվեց նաև պնդումը, որ Հայաստանը 1992 թվականից ի վեր իրականացրել է խախտումներ Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում:
Իր երկրորդ միջպետական բողոքն այս դատարանում Ադրբեջանը ներկայացրել է 2022-ի օգոստոսին։ Գանգատը վերաբերում էր 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանցիների՝ Արցախում վերաբնակեցմանը, ինչպես նաև գույքի ոչնչացման առնչությամբ թույլ տրված խախտումների։
Ադրբեջանի դեմ Հայաստանի երկրորդ գանգատը ներկայացվել է 2022-ի ապրիլի 12-ին և վերաբերում է ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարված անձանց, նրանց ապօրինի կալանավորմանը և դատապարտված անձանց իրավունքների խախտումներին։
Հայաստանի երրորդ գանգատը ՄԻԵԴ-ում վերաբերում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժմանը և դրա հետևանքով թույլ տրված խախտումներին։ Այս ներխուժման բերումով Հայաստանի 200 քառ. կմ տարածքը այս պահին գտնվում է ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո։
Իսկ Հայաստանի չորրորդ գանգատը ներկայացվել է 2022-ին թվականին և վերաբերում էր 2022 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի Խրամորթ և Փառուխ գյուղերի ուղղությամբ ձեռնարկված ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչության իրավունքների խախտմանը, Արցախի սահմանամերձ գյուղերի բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից հնչեցվող իրական սպառնալիքներին, խաղաղ բնակչության նկատմամբ ուժի կիրառման դեպքերին: Այս գործի մեջ է ներառված նաև գանգատը՝ Արցախի բնակչության բռնի տեղահանության, գազի մատակարարումը դադարեցնելու, Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ։
Արդարադատության միջազգային դատարան
Հայաստանը Ադրբեջանի դեմ գանգատ է ներկայացրել նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում։ Հայցը ներկայացվել է 2021 թվականի սեպտեմբերի 16-ին՝ ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով: Հայաստանը պնդել էր, որ այդ խախտումները հատկապես սրվել են 2020 թվականի սեպտեմբերին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո։
Հայցում նշվում է, որ Ադրբեջանը տասնամյակներ շարունակ հայերի նկատմամբ պետական մակարդակով խտրական քաղաքականություն է վարել, որի արդյունքում հայերը ենթարկվել են զանգվածային սպանությունների, խոշտանգումների և այլ բռնությունների։ Հայաստանը դիմել է դատարանին հրատապ միջոցներ ձեռնարկելու խնդրանքով՝ մինչև դատավարության բուն ընթացքը։
2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ դատարանը բավարարել էր Հայաստանի միջնորդության պահանջների մեծ մասը՝ միևնույն ժամանակ երկու կողմերին արգելել գործողություններ, որոնք կարող են սրել կամ երկարաձգել վեճը։
Միջնորդություն ներկայացնելուց մեկ շաբաթ անց՝ սեպտեմբերի 23-ին, Ադրբեջանը հայելային հայց էր ներկայացրել ընդդեմ Հայաստանի։
Մշտական արբիտրաժային դատարան
Ադրբեջանը Հայաստանի դեմ ևս երկու հայց է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան։
Առաջին ծանուցումն ուղարկվել է 2023 թվականի հունվարի 18-ին, գործը քննվում է «Բեռնի կոնվենցիայի» (ամբողջական անվանումը՝ Կոնվենցիա Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին) շրջանակում:
«Բեռնի Կոնվենցիան», որը Հայաստանը ստորագրել է 2006 թվականին, նպատակ ունի պահպանել վայրի բուսական և կենդանական աշխարհն ու դրանց բնական միջավայրը, պահպանել վտանգված և խոցելի տեսակները, զարգացնել այս հարցերով պետությունների միջև համագործակցությունը։
Հունվարի 19-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է «շրջակա միջավայրի ու կենսաբազմազանության ոչնչացման մեջ»։ Ըստ Ադրբեջանի՝ «Հայաստանը զանգվածաբար հատել է անտառները և պատասխանատու է Կովկասյան լեռներում աղտոտման համար, ինչի հետևանքով վայրի բնության շուրջ 500 տեսակ հայտնվել է ռիսկի տակ»։
Երկրորդ ծանուցումը ուղարկվել է փետրվարի 27-ին։ Ըստ դրա՝ Հայաստանը խախտել է Լեռնային Ղարաբաղում ու հարակից շրջաններում էներգետիկ ռեսուրսների նկատմամբ Ադրբեջանի իրավունքները։
Ըստ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության՝ Հայաստանն անօրինականորեն շահագործել է Սարսանգի ջրամբարի վրա գտնվող Թարթառի ՀԷԿ-ը, «գրավյալ տարածքներում» 37 փոքր հիդրոէլեկտրակայաններ կառուցել, որոնցում արտադրված էլեկտրաէներգիան արտահանվել է Հայաստան։ Այդ նպատակով, ըստ պաշտոնական Բաքվի, Հայաստանը Ադրբեջանի գրավյալ տարածքների հետ միասնական էներգետիկ համակարգ է ձևավորել։
Միջազգային քրեական դատարան
2023 թվականի հոկտեմբերին Հռոմի ստատուտի վավերացմամբ Հայաստանը հասանելիություն ստացավ Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ կամ ICC)։
Հայաստանի իշխանությունները տարբեր անգամներ հայտարարել էին, որ Հռոմի ստատուտի վավերացման նպատակն է հետագայում ՄՔԴ-ում պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի ղեկավարությանը՝ Հայաստանի ինքնիշխան տարածքը զավթելու, Արցախում էթնիկ զտումներ կազմակերպելու համար։
Այս պահին, սակայն, Հայաստանը որևէ դիմում չի ներկայացրել դատարան։ Փոխարենը 2024-ի ապրիլին դա արել է (արխիվացված) Կալիֆոռնիայի Ճշմարտության և արդարության կենտրոնը, որը Էթնիկ հայերի շահերը ներկայացնող իրավապաշտպան կազմակերպություն է։
Ավելի ուշ՝ 2024-ի սեպտեմբերին, ՄՔԴ հայց են ներկայացրել (արխիվացված) նաև Արցախի գործող և նախկին ՄԻՊ-երը՝ Գեղամ Ստեփանյանն ու Արտակ Բեգլարյանը։
Կարևոր է, որ Միջազգային դատարաններում Ադրբեջանի դեմ կան նաև բազմաթիվ անհատական գանգատներ, որոնց վրա միջգերատեսչական հայցերի hետկանչումը ուղղակիորեն չի կարող անդրադառնալ։
Այսպիսով, Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի 4 միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), ևս մեկ գանգատ քննվում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում։
Ադրբեջանը Հայաստանի դեմ ունի երկու գանգատ ՄԻԵԴ-ում, մեկը՝ Արդարադատության միջազգային դատարանում և ևս երկուսը՝ արբիտրաժային դատարանում։