Օֆելյա Սիմոնյան
Լրագրող, փաստեր ստուգող

Ֆեյսբուքյան մի շարք օգատատերեր կրկին Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին են վերագրում (արխիվացված) պատմաբան Արա Պապյանի՝ 2012 թվականին հրատարակված «Հայրենասիրություն հայոց պահանջատիրության իրավական հիմքերը և հարակից հարցերը» խորագրով հոդվածների ժողովածուից մի հատված։

Արման Ալավերդյան անունով օգտատիրոջ գրառման մեջ Լավրովին վերագրվող խոսքերն են․ 

«Մենք ոչ թե Թուրքիայից հողեր ենք պահանջում, այլ պահանջում ենք, որ Թուրքիան վերջ դնի Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասի անօրինական բռնազավթմանը։

Ինչ վերաբերում է Թուրքիայի նկատմամբ հողային պահանջներ ունենալուն, ապա եթե խնդրին տանք ճշգրիտ իրավական ձևակերպում (legal definition), ապա մենք ոչ թե Թուրքիայից հողեր ենք պահանջում, այլ պահանջում ենք, որ Թուրքիան վերջ դնի Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասի անօրինական բռնազավթմանը: Այդ տարածքը որոշվում է ոչ թե պատմությամբ, այլ տարածքի նկատմամբ առկա օրինական՝ հայկական տիտղոսով:

Այսպես, նախկին Օսմանյան կայսրության Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի նահանգների՝ համապատասխանաբար 63%, 66%, 100% և 75% տարածքը de jure պատկանում է Հայաստանի Հանրապետությանը ոչ թե այն պատճառով, որ դրանք եղել են «պատմական հայկական հողեր» կամ ցեղասպանություն է եղել, այլ որովհետև դրանք, չնայած Թուրքիայի կողմից դրանց 1920թ. բռնազավթմանը, առ այսօր կրում են Հայաստանի Հանրապետության իրավական տիտղոսը․․․»:

Գրառումն այս պահին ունի 140 կիսում և շարունակում է տարածվել։ Տարածողների (արխիվացված) թվում է նաև քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանը։ 

Սերգեյ Լավրովին այս խոսքերը վերագրվում էին դեռևս 2020 թվականի հոկտեմբերին (1 2 3 4)՝ 44-օրյա պատերազմի ընթացքում: Այս գրառումներն ունեին տասնյակ հազարավոր հավանումներ և կիսումներ։ ՌԴ արտգործնախարարին վերագրվող խոսքերը տարածել էին (արխիվացված) նաև լրատվական կայքերը, ընդ որում նրանցից asekose.am-ը մինչ օրս չի հեռացրել հրապարակումը, իսկ Irakanum.am-ը հեռացրել է կայքից, բայց ոչ ֆեյսբուքից։

Ժամանակին այս թեմային անդրադարձել էր նաև infocom.am կայքը և գրել, որ տեղեկությունը սխալ է։