2024.09.09,

Ստուգված է

Արտագաղթի մասին մոլորեցնող տվյալներ՝ «Սպուտնիկ Արմենիա»-ի եթերում

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը «Սպուտնիկ Արմենիա»-ի եթերում ասել է, թե նախորդ մեկ տարվա ընթացքում Հայաստանից մեկնել և այլևս չի վերադարձել 48000 մարդ․

«Նախորդ մեկ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունից մեկնել և այլևս չի վերադարձել 48000 մարդ, այսինքն սա արտագաղթի չափման ցուցիչն է։ 48000 մարդ տարեկան լքում է Հայաստանի Հանրապետությունը»,- ասել է Նաիրի Սարգսյանը ու հավելել, որ եթե ուշադիր դիտարկենք` ինչ է կատարվում ԱՄՆ դեսպանատանը «գրին քարտերի» խաղարկման ժամանակ, այնուհետև մեկնման ժամանակ, այդ 48000-ը կարող է ավելանալ։

«Ստուգված է»-ն պարզեց, որ այս պնդումը մոլորեցնող է և հիմնված է ոչ ճշգրիտ հաշվարկի վրա։

Արտագաղթի մասին խոսելիս ընդունված է ներկայացնել կամ սահմանահատումների հաշվեկշիռը, կամ միգրացիայի մնացորդի ցուցանիշը (2024-ը դեռ հրապարակված չէ)։ Վերջինս հաշվարկվում է Հայաստանում գրանցված և գրանցումից դուրս եկած անձանց դիմումների հիման վրա և ճշգրտվում մարդահամարների արդյունքների ժամանակ։

Արտագաղթի ցուցանիշը հասկանալու համար առավել հաճախ կիրառվում է սահմանահատումների հաշվեկշիռը (սալդոն)։ Այն ցույց է տալիս Հայաստան ժամանածների և մեկնածների տարբերությունը (հաշվեկշիռը) սովորաբար մեկ տարվա ընթացքում։

Հայաստանից մեկնողների և ժամանողների վիճակագրությունը վարվում է Հայաստանի սահմանային անցակետերով իրականացված մուտքերի և ելքերի սահմանային գրանցումների հիման վրա։ 

Վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալներով՝ 2023 թվականին հունվար-դեկտեմբերին (այսինքն մեկ տարվա ընթացքում) Հայաստան մուտք է գործել 4 764 274 մարդ և նույն տարում երկիրը լքել է 4 793 768 մարդ։ Մուտքերի և ելքերի տարբերությունը բացասական է՝ 29 494։ Ստացվում է, որ այդ տարում ավելի շատ մարդ մեկնել է, քան ժամանել։ Այս թիվը, սակայն, հեռու է Աուդիտորների պալատի նախագահի նշած 48000-ից։

Էկրանապատկերը՝ armstat.am

Ինչ վերաբերում է այս տարվան՝ 2024-ին, ապա Վիճակագրական կոմիտեն հրապարակել է հունվար-հուլիսի նախնական ցուցանիշները։ Ըստ դրանց՝ Հայաստան մուտք է գործել 2 583 745 անձ և հեռացել 2 555 587-ը։ Մեկնածների և ժամանածների տարբերությունը կազմել է + 28 158։ Այսինքն ժամանել է ավելի շատ մարդ, քան հեռացել է։

Էկրանապատկերը՝ armstat.am

Կարևոր է, որ 2024-ի տվյալները խիստ նախնական են, քանի որ տարին դեռ ավարտված չէ։ Այս մասին նաև նշված է զեկույցում։

Մենք հարցրինք Նաիրի Սարգսյանին, թե ինչպես է արել հաշվարկը, որ արդյունքում ստացել է 48000։ Նա ասաց, որ տվյալները վերցրել է Վիճակագրական կոմիտեից և հրապարակված թիվը 2024 թվականի հունվար-հուլիսի և 2023 թվականի «պակասող ամիսների» հանրագումարն է՝ նախորդ 12-ամսյա ժամանակահատվածում։ 

«Ինչքան ամիս որ վերցրել ենք 2024-ից, դրա հակառակ ամիսները վերցրել ենք 2023 թվականից»,- ասաց նա։ 

Վիճակագրական կոմիտեից մեզ փոխանցեցին, որ հաշվարկն այս տրամաբանությումբ չի կարող ամբողջական պատկեր ստեղծել։

Տվյալներն առավել հավաստի են տարեկան ամփոփման ժամանակ, երբ կարելի է ասել, որ մեկ տարվա ընթացքում հեռացել ու ժամանել է X քանակությամբ մարդ, մինչդեռ ամսվա  կտրվածքով համեմատությունն անելիս մեծ է հավանականությունը, որ մեկնած մարդը կարող է վերադառնալ, կամ հակառակը՝ ժամանածը մեկնել։ Դա է պատճառով, որ քիչ թե շատ ամբողջական պատկեր տեսնելու համար ամփոփումն արվում է ըստ տարիների՝ նաև համեմատելով տվյալ տարին նախորդի հետ։ 

Այնուամենայնիվ, որոշեցինք հաշվարկն անել Նաիրի Սարգսյանի նշած տրամաբանությամբ․ 2023 թվականի միայն օգոստոսից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածի համար կար մուտքերի և ելքերի բացասական տարբերություն՝ 68 101, որը արդեն իսկ ավելին էր, քան Նաիրի Սարգսյանի նշած թիվը։ Իսկ այս տարվա հունվար-հուլիս ամիսներին, ինչպես արդեն նշեցինք, մեկնողների և ժամանողների տարբերությունը դրական էր՝ 28 158։

Էկրանապատկերը՝ armstat.am

«Սպուտնիկ Արմենիա»-ն նաև նշել էր, որ Սարգսյանի փոխանցմամբ՝ պաշտոնական տվյալներով ՀՀ-ում 204 հազար մարդ գործազուրկ է։ 

Այս հաշվարկի մեթոդաբանությունը ևս պարզ չէ, քանի որ Վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալներով՝ Հայաստանում աշխատանք փնտրողների թիվը 2024 թվականի առաջին յոթ ամիսների համար 61 626 է, որոնցից գործազուրկ են 41 292-ը։

Էկրանապատկերը՝ armstat.am


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *