2024.02.01,

Ստուգված է

Կիբերհանցագործությունները Հայաստանում աճում են․ թվեր և վիճակագրություն

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Դեռևս նախորդ տարի Media.am-ը գրել էր, որ սոցցանցերում հայտնվել է արհեստական բանականության կիրառմամբ պատրաստված տեսանյութ, որտեղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսում է Մետայի հիմնադիր Մարկ Ցուկենբերգի հետ մեկնարկած ներդրումային հարթակի մասին։ Սա, ինչպես մենք պարզել էինք, կեղծ տեսանյութ էր՝ նախատեսված դրամաշորթության համար։ Այդ տեսանյութերը մինչ օրս էլ տարածվում են ֆեյսբուքում և ինստագրամում։ Դրանք տարածող էջերը բազմաթիվ են։

ՆԳՆ փոխանցմամբ՝ Հայաստանում մի կին, այս տեսանյութին խաբվելով, կորցրել է շուրջ 25 մլն դրամ։

pashinyan-ai

Փաշինյանի կեղծ տեսանյութը տարածող էջերն առաջարկում են գրանցվել կայքում և թողնել հեռախոսահամար։ Գրանցումից հետո աշխատակիցները զանգահարում են հայկական կամ արտասահմանյան համարից, ներկայանում Լիբրա կոչվող ընկերությունից ու առաջարկում գումարային ներդրում կատարել կրիպտոարժույթի ոլորտում, որպեսզի համակարգը գրանցվողին դրա դիմաց տոկոսներ տա։

libra-case

Դրամաշորթների կայքերից մեկը 

Զանգահարողների հեռախոսահամարների մասին դատողություններ անելիս՝ պետք է նկատի ունենալ, որ դրանք կարող են լինել վիրտուալ, այսինքն՝ եթե համարը հայկական է, պարտադիր չէ, որ զանգահարողը լինի Հայաստանում։ Գրանցվելուց հետո կարելի է ստանալ զանգերի անվերջանալի քանակ։ Զանգողների նպատակը համոզելն է, որ մարդիկ ներդրումներ անեն։ Վճարում անելու համար նրանք կրիպտոհարթակներից որևէ մեկում գրանցված հաշիվ են փոխանցում։ Փոխանցումից հետո խաբեբաներն ուղարկում են կայքի հղում, որում, իբրև, արտացոլված է ներդրում արած անձի գումարը, որը գնալով ավելանում է։ Թվերը իրականում նկարված են և կարող են փոփոխվել՝ ըստ ղեկավարների ցանկության և երևակայության։ Սովորաբար փոքր ներդրումների դեպքում, եթե անձը ցանկանում է վերադարձնել իր գումարը, խաբեբաները կարող են և hետ փոխանցել փողը՝ հանցատեսակը չբացահայտելու համար, բայց մեծ ներդրումների ժամանակ նրանք պազապես կշորթեն այդ գումարը։

Ներքին գործերի նախարարության բացահայտումը

ՀՀ ՆԳՆ-ն մեկ շաբաթ առաջ բացահայտել էր այս մեխանիզմով գումարներ գողացող գրասենյակների ցանց Հայաստանում։ Պարզվել էր, որ այդ ցանցի անդամները ունեին գրանցված ընկերություններ և հանդես էին գալիս՝ իբրև Պետական ռեգիստորում աշխատանքի տեղավորման և ծրագրային ապահովման գործունեություն իրականացնող կազմակերպություն։ Նրանք կառավարվել են օտարերկրացիների կողմից և ստեղծել են զանգերի կենտրոններ Երևանի տարբեր հասցեներում։

police-video

Դրվագ՝ ՆԳՆ տարածած տեսանյութից

Հաղորդագրության մեջ նշված էր, որ մասնակիցները պատրաստել և գործարկել են կեղծ կայքեր, որոնք ակտիվ գովազդել են սոցցանցերում։ Պարզվել էր, որ անդրազգային խումբը ստեղծվել է 2022-ի մարտին։ Այդ ընթացքում հասցրել է յուրացնել խոշոր գումարներ՝ կրիպտոարժույթով, որն էլ հետագայում փորձել է օրինականացնել։ Նրանց գործունեության արդյուքնում պետությանը հասցվել է 130 մլն դրամի վնաս։ Քրեական հետապնդում է հարուցվել 20 անձի դեմ։

Կիբերհանցագործությունները՝ Հայաստանում․ վիճակագրություն

«Ստուգված է»-ն գրավոր հարցում էր արել ՆԳՆ-ին՝ Հայաստանում կիբերհանցագործությունների, առցանց խաբեությունների վերաբերյալ։ Տրամադրված տվյալների համաձայն՝ կիբերհանցագործությունների թիվը սկսել է ահռելի տեմպերով աճել 2021 թվականից։

2021-ին գրանցվել է կիբերհանցագործության 614 դեպք, 2022-ին՝ 1231, 2023-ին՝ նախորդող տարվա համեմատ երկուսով պակաս՝ 1229։ Նշենք, որ սրանք այն դեպքերն են, որոնց վերաբերյալ ՆԳՆ-ում ուսումնասիրություն է սկսել, սակայն շատ հաճախ մարդիկ տարբեր պատճառներով չեն դիմում իրավապահներին և խաբեություններն այդպես էլ դուրս են մնում վիճակագրությունից։

 

Կիբերհանցագործություններն իրենց բնույթով սովորաբար բաժանվում են երեք տեսակի. առաջին, երբ թիրախավորվում է համակարգչային տեխնիկան, երկրորդը, երբ թիրախավորվում է մարդը, երրորդ, երբ հանցագործությունները դասական իմաստով կիբերհանցագործություններ չեն, սակայն առցանց լինելու պատճառով դրանք ևս կիբերհանցագործությունների թվին են դասվում։

ՆԳՆ-ն նշում է, որ սոցիալական ինժեներիան, ֆիշինգային կեղծ հղումների, վայշինգի, սմիշինգի օգտագործումը, անձնական տվյալների հափշտակումն ու այլ անձի անունից հանդես գալը տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով հանցագործություններ կատարելու առավել տարածված մեթոդներն են։

2020-2024թթ ընթացքում գրանցվել է տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառմամբ կատարված ֆինանսական հափշտակության 3000-ից ավելի դեպք, որից 1500-ից ավելին էլեկտրոնային խարդախության դեպքերն են։

Գերատեսչությունը կարծում է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով կատարվող հանցագործությունները շարունակելու են աճել։ Պատճառը՝ էլեկտրոնային վճարային համակարգերից, օնլայն բանկինգից, էլեկտրոնային դրամապանակներից օգտվողների քանակային աճն է։

ՆԳՆ-ից խնդրել էինք նաև կիբերհանցագործությունների դեպքերը՝ ըստ մարզերի, որպեսզի հասկանայինք, թե որ մարզերում են առավել շատ մարդիկ խաբվում։

 

Կիբեռհանցագործության զոհ դարձած քաղաքացիների մեծ մասը Երևանի բնակիչներ են, դրա պատճառն այն է, որ Հայաստանի բնակչությունը կենտրոնացած է Երևանում։ Երևանից հետո դեպքերի քանակով առաջատար են Կոտայքի, ապա՝ Արմավիրի մարզերը։

ՆԳՆ-ից նաև նշել էին, որ կիբերհանցավորությունն անդրազգային բնույթ ունեն, այդ պատճառով հստակ աշխարհագրական տվյալներ կամ սահմաններ նշել հնարավոր չէ։

Օֆելյա Սիմոնյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *