2022.09.16,

Ստուգված է

Ենթադրյալ փաստաթուղթը՝ հաղթանակի երաշխիք

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Սեպտեմբերի 14-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք ուզում են ստորագրել մի թուղթ, որի արդյունքում կքննադատվեն և նույնիսկ կհեռացվեն իշխանությունից, բայց Հայաստանը կստանա տևական խաղաղություն՝ 29,800 քմ/կմ տարածքով։

«Մենք ուզում ենք, որ ստորագրենք մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել։ Էլի գոհ ու շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում Հայաստանի Հանրապետությունը 29,800 քմ/կմ տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։ Ես շատ հստակ ասում եմ՝ այն որոշումը, որը սա ապահովելու է, ես այդ որոշումը ստորագրելու եմ։ Ու ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինի հետո ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի հետո Հայաստանի Հանրապետության հետ»,- պատգամավորի հարցին ի պատասխան ասաց նա։ 

Ժամեր անց վարչապետը ստիպված եղավ հերքել, թե որևէ փաստաթուղթ է ստորագրել՝ ֆեյսբուքյան գրառմամաբ, ապա ուղիղ եթերով։ Պատճառն այն է, որ փաստաթուղթ ստորագրելու պատրաստակամության մասին Փաշինյանի հայտարարությունը մտահոգել էր շատ մարդկանց, վերջիններս նրա հրաժարականի կոչով հանրահավաք իրականացրին ԱԺ և կառավարության դիմաց։ Մարդկանց վրդովմունքի պատճառը նաև այն էր, որ սոցիալական ցանցերով, տարբեր ինֆլուենսերների կողմից տեղեկություն էր տարածվում, թե նման փաստաթուղթ արդեն կա և Փաշինյանն այն ստորագել է։

Տելեգրամ ալիքներում հասցրել էր հրապարակվել նաև ենթադրյալ փաստաթղթի տեքստը։ Ըստ դրա՝ Արցախը հանձնվելու էր Ադրբեջանին, Հայաստանը հրաժարվելու էր բանակից, Թուրքիային և Ադրբեջանին տրմադրվելու էր միջանցք ՀՀ տարածքով և այլն։

Ենթադրյալ այս փաստաթղթի մասին խոսվում էր նաև 5-րդ ալիքի ուղիղ եթերում և ռեպորտաժում։ Հաղորդվում էր, որ տելեգրամում հրապարակվել է «անհայտ ծագման փաստաթուղթ» և խոսվում դրա բովանդակության մասին։

Տելեգրամյան ալիքներում ակտիվորեն տարածվում էր նաև ոստիկանության նախկին աշխատակից, այժմ վիդեոբլոգեր, «Հայոց Հայրենիք» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի (Դոգ) հայտարարությունն այն մասին, թե Նիկոլ Փաշինյանը «փաստաթուղթն արդեն ստորագրել է»։ Վարդան Ղուկասյանը նաև կառավարության դիմաց իրականացվող բողոքի ակցիայի կազմակերպիչներից էր։ Վերջինս, ի դեպ, չի բացահայտում իր գտնվելու վայրը և հանրության հետ հաղորդակցվում էր սոցցանցային հարթակների միջոցով։

Այսպիսով, «պատրաստ էր» դեռևս գոյություն չունեցող փաստաթղթի տեքստը, իսկ վարչապետը, իբրև, հասցրել էր այն ստորորագրել։ Նիկոլ Փաշինյանի, ԱԱԾ-ի, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի, ՔՊ պատգամավորների և այլոց հրապարակային հերքումներից հետո Վարդան Ղուկասյանը հայտարարեց, թե Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է փաստաթուղթը ստորագրելուց «շնորհիվ ժողովրդի, որը ելավ փողոց»։ 

«Ազգային անվտանգությունը, Գլխավոր շտաբը միանշանակ հաստատում են՝ նման փաստաթուղթ չի ստորագրելու»,- Կառավարության առաջ հավաքվածներին փոխանցում էր Վարդան Ղուկասյանը։

ԱԺ-ի դիմաց հանրահավաք իրականացնողներից շատերը հետագայում փաստաթղթի չստորագրումը ներկայացրին որպես իրենց գլխավոր ձեռքբերում։ Նմանօրինակ հայտարարությամբ հանդես եկան Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը, «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։ 

Կարևոր է, սակայն, որ Նիկոլ Փաշինյանը և մյուսները հերքել են փաստաթղթի գոյության և ստորագրման մասին տեղեկությունը, սակայն չեն հրաժարվել պատրաստակամությունց ստորագրելու, Փաշինյանի խոսքով, ՀՀ-ի համար «տևական խաղաղություն և անվտանգություն ապահովող» փաստաթուղթը։

Այսպիսով, ՀՀ վարչապետի՝ սեպտեմբերի 14-ի ելույթից հետո մեդիադաշտում տարածվում էին տեքստեր՝ առայժմ գոյություն չունեցող փաստաթղթից, որը իբրև ստորագրվել էր նրա կողմից։ Ենթադրյալ փաստաթղթի չստորագրումն էլ ընդդիմադիրներն անվանեցին իրենց հաղթանակը։

Օֆելյա Սիմոնյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

One Response to “Ենթադրյալ փաստաթուղթը՝ հաղթանակի երաշխիք”
  1. Ani says:

    «Կարևոր է, սակայն, որ Նիկոլ Փաշինյանը և մյուսները հերքել են փաստաթղթի գոյության և ստորագրման մասին տեղեկությունը, սակայն չեն հրաժարվել պատրաստակամությունց ստորագրելու, Փաշինյանի խոսքով, ՀՀ-ի համար «տևական խաղաղություն և անվտանգություն ապահովող» փաստաթուղթը»։

    Նախադասությունն առաջին հատվածում պնդում է, « … որ Նիկոլ Փաշինյանը և մյուսները հերքել են փաստաթղթի գոյության և ստորագրման մասին տեղեկությունը… սակայն չեն հրաժարվել պատրաստակամությունց ստորագրելու… »:

    Պատճառահետևանքային կապն այստեղ ո՞րն է: Եթե չկա փաստաթուղթ, եթե դրա գոյությունը հերքում են, ապա ինչպե՞ս կարող են պատրաստակամ լինել ստորագրելու մի բան, որը գոյություն չունի: Եվ ինչու՞ է սյունակագիրն ընդգծում, այդ պնդումն այնուամենայնիվ կարևոր է: Ի՞նչն է կարևո: Այն, որ պատրաստ են ստորագրել այն փաստաթուղթը, որի գոյությունը հերքու՞մ են:

    Ուզում եմ բոլորիս սթափության աստիճանը հասկանալ՝ ի՞նչ ենք գրում ու ինչպես՝ ինչ քննարկում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *