2022.08.25,

Ստուգված է

Որքան բնակարան են ստացել ներկա և նախկին զինվորականները վերջին 3 տարում

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Հուլիսի 6-ին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ ամիբոնից անդրադարձավ զինծառայողների և զինթոշակառուների բնակապահովման հարցին։ Նա մասնավորապես նշեց, որ 2019-ից առ այսօր կենտրոանական բնակարանային հանձնաժողովի կողմից քննարկվել և բնակարան ձեռք բերելու համար, բնակարանի գնման վկայագրի միջոցավ անհատույց պետական ֆինանսական աջակցություն է տրամադրվել 557 զինվորական կենսաթոշակառուի։ 

«ՀՀ ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոտեկային վարկավորման ծրագրով 2019 թվականից մինչև օրս 472 զինծառայող հիպոտեկային վարկավորման ծրագրով ձեռք են բերել բնակարններ։ Հանրագումարային շուրջ հազար զինծառայողի կարիքներ հոգացել ենք 2019-21 թվականները»,- հայտարարել էր նա։

2022 թվականի համար, Պապիկյանի խոսքով, իրենք 500 տեղի համար ստացել են 1013 դիմում։ Բացի նախատեսված 500 տեղից կառավարությունը առաջիկա նիստին կհաստատի ևս 513 զինծառայողի դիմում։

Պապիկյանի խոսքին լրացնելու եկավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ Նա իր ելույթն ուղղեց նրանց, ովքեր, իր խոսքով, «անընդհատ հնչեցնում են միտքը, թե բնակարաններ միշտ էլ բաժանվել են ՊՆ-ի և կառավարության կողմից, սա նոր իհայտ եկած արտոնություն չէ»։

«90-ականներից առ 2019 թվականը հատկացվել է 1754 բնակարան զինծառայողներին։ Չեմ կարող նշել թիվը, թե սրանց մեջ որքանն է անհատույցը, որքանը՝ արտոնյալ վարկային պայմաններով. 2019-ը թվականին ունենք 500 կենսաթոշակառուի հատկացված անհատույց բնակարաններ և ևս 400-ին արտոնյալ վարկային պայմաններով բնակարններ. Սա 2019-2021թթ.-ը, և 2022-ին ևս 500 բնարաններ մեր զինծառայողներին։ Ստացվում է, որ 1500 բնակարանային հարց լուծվել է 2019-22 թվականը»։

Հաջորդ օրը՝ հուլիսի 7-ին, «Ազատության» եթերում այս հայտարարություններին արձագանքեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Ի պատասխան լրագրող Կարլեն Ասլանյանի հարցի՝ Օհանյանն ասաց՝ «Ես չգիտեմ 1500 բնակարան իրենք այս մի  քանի տարիների ընթացքում տվե՞լ են։ Ես չեմ հավատում։ Մենք կարող ենք մոնիթորինգ անել, հարցում անել և դրա պատասխանը ստանալ»։

Media.am-ը գրավոր հարցում կատարեց Պաշտպանության նախարարություն՝ հասկանալու 1992-2018-ը և 2019-2022 ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈւ-ի և Պաշտպանության բանակի քա՞նի զինծառայողի է պետության կողմից անհատույց բնակարան հատկացվել։

Ի պատասխան՝ պաշտպանական գերատեսչությունը նշել է, որ ՀՀ ՊՆ կազմավորումից մինչ 2018 թվականը բնակարաններով ապահովվել են 1754 զինծառայող, որոնցից 995-ը՝ Երևանում։

Ինչ վերաբերում է 2019-ից մինչ օրս (օգոստոսի 4) ընկած ժամանակահատվածին, ապա բնակարան գնելու համար անհատույց պետական աջակցություն է տրվել 571 զինվորական կենսաթոշակառուի, որոնցից 449-ը արդեն իսկ ձեռք են բերել բնակարան։

Բացի դրանից, 2022 թվականի հուլիսի 27-ի դրությամբ ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի 496 պայմանագրային զինծառայողներ ձեռք են բերել բնակարան կամ բնակելի տուն։ Վերջիններիս հատկացվել է 9.144.883.308 դրամ հիփոթեկային վարկ։ Ստացվում է՝ բնակարան ձեռք բերելու իրավունք է ստացել 1067 նախկին և ներկա զինվորական, որոնցից փաստացի բնակարան ունեն 945-ը։

ՊՆ-ն հարցման պատասխանում նշել էր նաև, որ յուրաքանչյուր տարի այս ծրագրի շահառու կարող է դառնալ ՀՀ ՊՆ 500 զինծառայող։ 2022-ին դիմում-հայտ ներկայացրած, սակայն վիճակահանության արդյունքներով ծրագրում չընդգրկված 526 զինծառայողներ ևս ընդգրկվել են այս տարվա հիփոթեկային վարկավորման ծրագրում։ Այսինքն այս տարի էլ 1026 զինծառայող հիփոթեկային վարկի միջոցով բնակարան ձեռք բերելու իրավունք է ստացել։

Այս ծրագիրն առավելագույնը նախատեսում է 28,5 միլիոն դրամի չափով հիպոթեքային վարկավորման հնարավորություն, որի սահմաններում գնման պայմանագրում նշված գումարի 10 տոկոսը որպես կանխավճար ֆինանսավորում է պետությունը: Անմիջապես կառուցապատողից բազմաբնակարան բնակելի շենքում կառուցված կամ կառուցվող բնակարան կամ կառուցվող բնակելի տուն ձեռք բերելու դեպքում վարկի տարեկան տոկոսը կազմելու է 7 տոկոս, որի 3 տոկոսային կետը սուբսիդավորելու է պետությունը, իսկ մնացած 4 տոկոսը վերադարձվելու է վարկառուին իր վճարած եկամտային հարկի հաշվին: Յուրաքանչյուր տարվա համար ծրագրի մասնակիցների ընտրությունը կատարվելու է վիճակահանությամբ:

Այսպիսով՝ 2019-2022 թթ․ ընթացքում պետության աջակցությամբ բնակարան արդեն իսկ ձեռք է բերել 945 ներկա և նախկին զինվորական, իսկ 1148-ը ձեռք բերելու ճանապարհին են։ Գումարային լուծվել է 2093 զինվորականի բնակապահովման հարց։ Նշենք, որ այս թիվն ամեն օր փոխվում է, որովհետև մեծանում է շահառուների քանակը։ Տեղեկությունը հիմնված են ՊՆ-ի՝ օգոստոսի 4-ի տվյալների վրա։

Օֆելյա Սիմոնյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *