2022.07.17,

Ստուգված է

Հայկական մեդիան կրկին հիշել է Բոլթոնին

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հուլիսի 13-ին հարցազրույց էր տվել ամերիկյան CNN հեռուստաընկերությանը՝ առաջին անգամ խոստովանելով, որ ինքը «փորձ» ունի այլ երկրներում «հեղաշրջումներ» կազմակերպելու։

Այս «խոստովանությունը» հայկական մեդիային և սոցիալական ցանցերի օգտատերերին հիշեցրեց Բոլթոնի՝ 2018 թվականի հեղափոխությունից հետո հայաստանյան այցի ընթացքում արած հայտարարությունները, որոնք հայկական մեդիադաշտում հայտնվում են բավական հաճախ։

Ինչ է ասել Բոլթոնը

CNN-ին տված հարցազրույցում Բոլթոնը անկեղծացել էր Թրամփի վարչակազմի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մասին, ասելով, որ Կապիտոլի վրա հարձակումը իրականում հեղաշրջման փորձ չէր, և որ ինքը, այլ վայրերում հեղաշրջումների կազմակերպման մեջ ներգրավված լինելու փորձ ունենալով, գիտի, որ դրանք երկար ժամանակ և աշխատանք ենք պահանջում։

Հայկական մեդիադաշտում ենթադրում էին թե Բոլթոնը, խոսելով հեղաշրջումների մասին, նկատի է ունեցել նաև 2018-ին Հայաստանում տեղի ունեցածը։ Ամերիկացի նախկին պաշտոնյան սակայն, նշում է՝ կոկնրետ օրինակներ, ինչպես Մերձավոր Արևելքի երկրները և Վենեսուելան։ 

Մյուս կողմից՝ Բոլթոնը պաշտոնին նշանակվել է 2018 թվականի սեպտեմբերին՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո։ 

Ով է Ջոն Բոլթոնը

Դիվանագետ և իրավաբան Ջոն Բոլթոնը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական էր նշանակվել 2018 թվականի սեպտեմբերին և աշխատանքից ազատվել մեկ տարի անց՝ Թրամփի հետ անհամաձայնություններ ունենալու պատճառով։ Բոլթոնը աշխատել է նաև նախագահ Ռեյգանի հետ, եղել ԱՄՆ-ի դեսպանը ՄԱԿ-ում 2005-2006 թվականներին։ 

Բոլթոնը հայտնի է նաև որպես «Իսրայելի ընկերների նախաձեռնություն» և թուրքական ընդդիմադիր «Թուրքական ժողովրդավարության նախագիծ» նախաձեռնությունների անդամ։ Թուրքիայի իշխանական մեդիան Բոլթոնին մեղադրում է «ամերիկյան լոբբիստ լինելու» և  Էրդողանի իշխանության դեմ քարոզչություն իրականացնելու մեջ։

Բոլթոնը՝ Հայաստանի, հայկական մեդիան՝ Բոլթոնի մասին

2018 թվականի «Թավշյա» հեղափոխությունից հետո՝ նույն տարվա հոկտեմբերին Բոլթոնը Հայաստանում էր, հանդիպել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հարցազրույց տվել «Ազատություն» ռադիոկայանին՝ խոսելով հայ-ամերիկյան հարաբերություններից և Արցախյան հարցից։

Հենց այս հարցազրույցի որոշ հայտարարություններ են, որ սկսել են շրջանառվել վերջին օրերին՝ կրկին հիշեցնելով «Արցախյան հարցի վերաբերյալ «Բոլթոնի Պլանը»։ 

Հարցազրույցի ընթացքում Բոլթոնը նշել էր, որ Հայաստանը կարող է ռազմական համագործակցություն ունենալ ԱՄՆ-ի հետ՝ դիվերսիֆիկացնելով զենքերի գնումները, և դադարեցնելով կախումը Ռուսաստանից։ Բոլթոնը նշել էր, որ չնայած Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտով պայմանավորված սահմանափակումներ կան Հայաստանի և Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության համար, սակայն «բացառություններ» ևս կան։  Փաշինյանը դեռ այն ժամանակ պատասխանել էր, որ եթե «ձեռնտու» առաջարկ լինի ԱՄՆ կողմից՝ Հայաստանը կարող  է քննարկել և այս հարցում երկիրը կախված չէ որևէ այլ երկրից։ 

Խոսելով Արցախյան խնդրից՝ Բոլթոնը նշել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում կարգավորման հասնելու կարևորությունը։

Նա նշել էր, որ հեղափոխությունից հետո վարչապետ Փաշինյանի բարձր վարկանիշը կարող  է նրան հնարավորություն տալ «որոշիչ» քայլեր կատարելու՝ կոնֆլիկտի լուծման ուղղությամբ։։ «Եւ ես չէի ցանկանա կանխորոշել, թե ինչ կորոշի անել նա», ասել էր Բոլթոնը, հույս հայտնելով, որ եթե Փաշինյանի ցանկությունը համաձայնության հասնելն է և վերջինս պատրաստ է դրան, ապա ինքը հուսով է, որ նույնը պատրաստ կլինի անել նաև Ադրբեջանը։ Ըստ Բոլթոնի՝ հեղափոխությունից հետ կազմակերպված արտահերթ ընտրությունները լավագույն շրջանն էին Արցախի հարցում «որոշիչ քայլ անելու համար»։

Հայկական մեդիան պարբերաբար հիշում է ամերիկացի դիվանագետին և նրա հայտարարությունները՝ կապված Արցխայան հարցում կամ տարածաշրջանում զարգացումներից։ Պաշտոնյայի հայտարարությունները հաճախ ներկայացվում են կոնտեքստից դուրս կամ մանիպուլացվելով։ 

«Բոլթոնի պլան»-ը հայկական և ռուսական մեդիայում ներկայացվում է որպես ԱՄՆ-ի Իրանի նկատմամբ վարած քաղաքականության մասին ծրագիր, որտեղ հատուկ տեղ էր տրվում Արցախյան հարցում Հայաստանից զիջումներ կորզելու և «հայ հասարակությանը խաղաղության պատրաստելու» հարցին։ Այն, ըստ վերլուծաբանների, ներառում էր նաև Ռուսաստանի և Իրանի հետ «Հայաստանի հարաբերությունների վատացում»։ 

168.am-ը հուլիսի 14-ին հրապարակած նյութում ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը՝ հայ-թուրքական երկխոսությանը աջակցելու մասին կապում էր Բոլթոնի՝ հեղափոխությունից հետո արած հայտարարություններին։ Իսկ պատերազմից հետո ստեղծված իրավիճակը և հայ-թուրքական բանակցությունենրը՝ որպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից՝ Բոլթոնի առաջարկների ընդունում։ 

«Բոլթոնի պլանը» ակտիվորեն քննարկվում էր նաև 2019 թվականի հունիսին, երբ ԱՄՆ-ում հանդիպում էին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները։ Պատերազմից հետո Գորիս-Կապան ճանապարհին առաջացած խնդիրների և ճանապարհի փակվելու թեման ևս ներկայացվում էր  որպես «Բոլթոնի պլանի» մաս՝ հայ-իրական սահմանը կամ Հայաստանի համար «կյանքի ճանապարհը» փակելու։

Անի Ավետիսյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *