2022.05.06,

Ստուգված է

Ցույցերի մասին իրավապահների «մտահոգությունները» չիրականացան

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Շուրջ 6 օր է խորհրդարանական ընդդիմությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով շարունակում է անհնազանդության ակցիաները: Առաջին հանրահավաքը տեղի ունեցավ մայիսի 1-ին, այդ մասին նախորդող օրերին հայտարարել էին ընդդիմադիրները: Անհնազանդության ակցիաներին նախորդող և հաջորդող ժամանակաշրջանում թե՛ ԱԱԾ-ն, թե՛ ոստիակնությունը, և թե՛ լրատվամիջոցները հանդես եկան հայտարարություններով, որոնք ընդդիմադիրները որակեցին որպես ահաբեկող: Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը նշեց, որ «բոլոր այն սադրանքները, որոնք կարող են լինել միտինգին, կազմակերպված են բացառապես իշխանությունների կողմից»:

Ահազանգեց ոստիկանությունը

Ոստիկանությունը, օրինակ, ապրիլի 30-ին և մայիսի 1-ին մի քանի հայտարարություններով հանդես եկավ: Նախ հավաքների մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորեց զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից, հարգել համաքաղաքացիների իրավունքները և նախազգուշացրերց՝ կանոնները խախտողներին ենթարկել պատասխանատվության: Հաջորդ օրը՝ մայիսի 1-ին, ոստիկանությունը խոսեց հավաքների ժամանակ զենք կրելու անթույլատրելիության մասին.

««Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ հավաքի մասնակիցները պարտավոր են հավաքի ընթացքում չկրել զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ։ ՀՀ ոստիկանությունը հորդորում է խստորեն պահպանել վերը նշված նորմի պահանջները, ինչը բխում է հասարակական անվտանգության շահերից»,- նշված էր հաղորդագրության մեջ:

Ոստիկանությունն այդ մասին նաև ֆեյսբուքյան առանձին հրապարակում էր արել: 

Եվս մեկ հայտարարություն ոստիկանությունն արեց մայիսի 4-ին՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից առաջ: Ըստ հաղորդագրության՝ իրավապահ մարմինը տեղեկություն ուներ, որ հավաքի որոշ մասնակիցներ զավթելու են ԱԺ շենքը:

«Տեղեկություններ կան, որ Երևան քաղաքում անցկացվող հավաքի որոշ մասնակիցներ մտադիր են այսօր կայանալիք ՀՀ ԱԺ նիստի ընթացքում իրականացնել հակաօրինական գործողություններ՝ զավթելու ԱԺ շենքը՝ այդ կերպ խաթարելով հասարակական կարգն ու հասարակական անվտանգությունը»,- ասվում էր հաղորդագրության մեջ:

Ահազանգեց ԱԱԾ-ն 

Ազգային անվտանգության ծառայությունն իր հերթին այս օրերին երկու հաղորդագրություն է տարածել հավաքների վերաբերյալ: Առաջինը ապրիլի 30-ին էր, ԱԱԾ-ն ահազանգեց, որ «Հայաստանում առկա են զանգվածային անկարգությունների կազմակերպման և իրականացման իրական վտանգներ»:

Ինչպես ոստիկանությունը, այդպես էլ ԱԱԾ-ն օպերատիվ տեղեկություններ էր ստացել, որ մայիսի 4-ին «Երևան քաղաքում անցկացվող հավաքի կազմակերպիչները մտադրված են ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանի ընթացքում սադրանքների միջոցով հրահրել հակաօրինական գործողություններ և դրդել հավաքի մասնակիցներին զավթել ԱԺ շենքը»:

Մամուլի ահազանգը

Իշխանական մամուլը ևս ակտիվորեն գրում էր հնարավոր սադրանքների մասին: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հիմնադրած araratnews.am-ը, օրինակ, հայտնեց, թե իր տեղեկություններով «հնարավոր է փորձ կատարվի սադրանքների դիմելու նպատակով Երևան տեղափոխել քաղաքացիների առողջությանը և կյանքին վտանգ սպառնացող միջոցներ»: Civic.am-ի աղբյուրները փոխանցեցին, թե «Ղարաբաղից Հայաստան է բերվել մոտ 15 լեփ-լեցուն ավտոբուս»:

Այս հայտարարությունների ֆոնին Արցախի ԱԱԾ-ն հերքեց, թե հավաքին մասնակցելու համար Արցախից մեծ թվով քաղաքացիներ են մեկնում Երևան։

«… վերջին օրերին Արցախից ՀՀ մեկնող տրանսպորտային միջոցների և անձանց թվի որևէ նշանակալի փոփոխություն չի արձանագրվել»,- նշված էր ԱՀ ԱԱԾ հաղորդագրության մեջ:

ՀՀ փոխոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն էլ իր հերթին հերթեց մարզային «ռեյդերի» մասին լուրերը:

Չնայած պետական կառույցների և մամուլի ահազանգերին, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցերի մասնակիցներից որևէ մեկի մոտ մինչ օրս զենքի պահման կամ կիրառման ահազանգ չի գրանցվել: 

Ինչ վերաբերում է ԱԺ-ն զավթելուն, ապա մայիսի 4-ին խորհրդարանի ընդդիմադիր փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը ելույթի ժամանակ ասաց, որ իրենք որևէ շենք չեն զավթելու, քանի որ «շենքերում այլևս իշխանություն չկա»: Տվյալ օրը ԱԺ-ն զավթելու որևէ փորձ իսկապես չէր գրանցվել:

Media.am-ի փաստերի ստուգման թիմը փորձեց հասկանալ, արդյոք իշխանության կազմակերպած հանրահավաքներին և՞ս ԱԱԾ-ն և ոստիկանությունը նման օպերատիվությամբ են նախազգուշական հայտարարություններով հանդես գալիս:

Պարզվեց, որ ոչ: Ուսումնասիրելով Նիկոլ Փաշինյանի կոչով Հանրապետության հրապարակում անցկացված վերջին հանրահավաքը (2021, հունիսի 21), տեսնում ենք, որ ո՛չ ոստիկանության, ո՛չ ԱԱԾ պաշտոնական կայքերում նմանօրինակ նախազգուշական հայտարարություններ չեն տեղադրվել: 

Օֆելյա Սիմոնյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *