2022.02.28,

Ստուգված է

Պայթյունի տեսանյութը նոր չէ և չի արվել Չերկասի քաղաքում

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող

Փետրվարի 27-ի ուշ երեկոյան ռուսական տելեգրամյան ալիքները սկսեցին տարածել պայթյունի տեսարանով տեսանյութ, որն իբրև արվել էր Ուկրաինայի Չերկասի քաղաքում։ Փետրվարի 28-ին (01:00-ի սահմաններում) տեսանյութը սկսեց լայնորեն տարածվել նաև համացանցի հայկական տիրույթում։ Pastark.am-ը նշել էր, թե քաղաքը ենթարկվել է հզոր հրթիռակոծման։

Կարճ ժամանակ անց Չերկասի քաղքապետ Ալեքսանդր Սկիչկոն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտնեց, որ տարածվող տեսանյութը կեղծ է և Չերկասիում չի արվել։ 

Media.am-ը պարզեց, որ տեսանյութը կեղծ չէ, սակայն արվել է ոչ թե Չերկասի քաղաքում, այլ Չերկասի շրջանի Պալանկա գյուղի տարածքում։ Բացի դրանից, պայթյունը եղել է պատերազմական գործողությունների սկզբում՝ փետրվարի 24-ին։

Պատմում են տեղաբնակները

Մեզ հետ զրույցում տեղաբնակ Մաքսիմ Բոյկոն հաստատեց, որ պայթյուն եղել է, սակայն ոչ թե փետրվարի 27-ին, այլ 4 օր առաջ։ Պայթյունը, նրա խոսքով, եղել է Ռոսշիկ գյուղի տարածքում։ Նա մեզ տրամադրեց նույն պայթյունից նաև այլ կադր` նկարված փետրվարի 24-ին։

Մաքսիմ Բոյկոյի տրամադրած կադրը

Տեսանյութը՝ Պալանկա գյուղից

Թվիթերյան օգտատերեր D arth C rypto-ին արդեն հաջողվել է գտնել՝ որտեղ է նկարահանումը եղել, կորդինատները՝ 49.3756317, 32.0659482։

Համեմատելով տեսանյութի կադրերն ու արբանյակային լուսանկարները՝ համոզվում ենք, որ խոսքը միևնույն տարածքի մասին է։

Այսպիսով, Պալանկա գյուղից երևացող պայթյունի տեսարանը թեև նոր է տարածվում, սակայն այն տեղի է ունեցել օրեր առաջ՝ փետրվարի 24-ին։ Որպես այդ պայթյունի վայր նշվում է Չերկասի քաղաքը, սակայն Չերկասիի քաղաքապետն ու տեղաբնակները պնդում են, որ իրենց քաղաքում պայթյուն չի եղել։ Նրանց խոսքերը հաստատում են արբանյակային նկարները։ 

Օֆելյա Սիմոնյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *