2022.02.23,

Ստուգված է

Բուքմեյքերական շուկա. ովքեր են գլխավոր խաղացողներն ու որքան հարկ են վճարել

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող

Վերջին տարիներին բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը սահմանափակելու նպատակով օրենսդրական տարբեր փոփոխություններ եղան, որոնց բացասական հետևանքներից էր խաղամոլության մեծացումը առցանց տիրույթում։ Համացանցով կատարված խաղադրույքները ավելացան 6 անգամ, իսկ մասնակիցների թիվը` 3 անգամ։

Հայաստանում բուքմեյքերական ընկերությունները երկու շուկաներում են գործում՝ վիճակախաղերի ու ինտերնետ շահումով խաղերի։ Վիճակախաղը նույն տոտալիզատորն է, երբ մասնակիցը գուշակում է խաղային, սպորտային կամ այլ իրադարձության հնարավոր ելքը և խաղադրույք անում։ Ինտերնետ շահումով խաղերը օնլայն խաղատներն են։ Ըստ top100bookmakers.com-ի՝ Հայստանում ամենից շատ ճանաչում ունեն 14 բուքմեյքերական ընկերություններ, որոնց թվում առաջինը TotoGaming-ն է՝ օրական 77 400 այցելություններով։

Media.am-ը որոշեց ուսումնասիրել՝ ովքեր են բուքմեյքերական շուկայի խաղացողները Հայաստանում, որքան հարկ են մուծել վերջին երկու տարիներին և ինչպես են փոխկապակցված միմյանց հետ։ 

Հայաստանում գործող բուքմեյքերական ընկերությունները խոշոր հարկատուների ցանկում են։ Այժմ լիցենզավորված է վիճակախաղեր կազմակերպող 4 ընկերություն։ Այս մասին տեղեկանում ենք Ֆինանսների նախարարության ցանկից՝ «Գուդվին-Բետ» (GoodWin), «Կաբարկո» (Adjarabet),«Դիջիգեյմ» (TotoGaming), «Սոֆթ Կոնստրակտ» (Vbet): Նույն այս ընկերություններն ունեին լիցենզիա նաև 2020-ին։

«Սոֆթ Կոնստրակտ»

«Սոֆթ Կոնստրակտը» 2021-ին Հայաստանի 1000 խոշոր հարկատուներից 18-րդն է: Հիմնադրվել է 2014-ին։ 2021-ին ՍՊ-ից դարձել է ՓԲԸ։ 2021-ին պետբյուջե է մուտքագրել 8 մլդ 159 մլն 581 հազար դրամ հարկ: 2020-ի համեմատ հարկերն ավելացել են 58%-ով: 

«Սոֆթ կոնստրակտը» գրասենյակներ ունի աշխարհի 14 երկրներում: Սեփականատերերն են «Վիվառոյի» հիմնադիր Վահե և Վիգեն Բադալյան եղբայրները։ 2020-ին «Հետքը» բացահայտել էր, որ Բադալյանները Մալթայում գրանցած բիզնեսներ և այնտեղի քաղաքացիություն ունեն։ Նույն տարում Մալթայի Ֆինանսական հետախուզության վերլուծության բաժինը (FIAU) նրանց պատկանող «Vivaro Ltd»–ի նկատմամբ խոշոր տուգանք էր նշանակել՝ հայտնաբերված 10 խախտումների համար։ 

«Հետքը» գրում է նաև, որ 2012-ին Մեծ Բրիտանիայի օֆշոր համարվող Մեկ կղզում Բադալյանները գրանցել են Soft Construct ընկերությունը, որը ներառում է «BetConstruct», «Ucraft.me», «FinConstruct» և «StartIUp» բրենդերն ու բիզնեսները։ Բադալյանների բիզնեսներին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

Ըստ հրապարակումների՝ Վիգեն Բադալյանը մտերիմ հարաբերությունների ունի նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանի հետ։ 2021-ին հայտնի դարձավ, որ նա, իշխող ուժի ներկայացուցիչներ Ալեն Սիմոնյանը, Էդուարդ Աղաջանյանն ու Հրաչյա Հակոբյանը միասին հանգստացել են Հունաստանում։

«Կաբարկո»

«Կաբարկոն» հիմնադրվել է 2016-ին։ Խոշոր հարկատուների ցանկում 50-րդն է՝ 4 մլդ 1 մլն 830 հազար դրամի հարկերով։ 2020-ին համեմատ հարկերն ավելացել են 56%-ով։

«Կաբարկոն» փոխկապակցված է «Աջարաբեթի» հետ, որը Վրաստանում գործող նույնանուն ընկերության տեղական ներկայացուցիչն է։ 2017-ին ընկերությունը հայտնվել էր տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վարույթում՝ սպառողներին մոլորեցնելու և մրցակիցների շահերին վնասելու համար։ «Կաբարկոյի» 100% բաժնետերը «Աբարկո» ՍՊ-ն է։ Վերջինս էլ իր հերթին պատկանում է «Ակորա» և «Կոմրա» ՍՊ-ներին, որոնք երկուսն էլ Վրաստանում գրանցված կազմակերպություններ են։

«Դիջիգեյմ»

«Դիջիգեյմը» հիմնադրվել է 2017-ին։ Այն ներկայացնում է TotoGaming ապրանքանիշը։ Խոշոր հարկ վճարողների թվում 191-րդն է՝ 1 մլդ 181 մլն 333 հազար դրամի հարկերով: 2020-ի համեմատ հարկերը աճել են 13%-ով։

100% բաժնետերը Վարդգես Վարդանյանն է։ «Դիջիգեյմին» է փոխկապակցված «Դիջիթեյն» ընկերությունը, որը կազմակերպում է ինտերնետ շահումով խաղեր։ Նրանք ունեն միևնույն սեփականատերն ու տնօրենը, գտնվում են նույն հասցեում։

Վարդգես Վարդանյանը «Արմենիա Վայն» ընկերության բաժնետերերից է։ Նրան է պատկանում ընկերության 68% բաժնեմասը։ Իսկ Վահագն Մկրտչյանը, որին պատկանում է ընկերության մյուս մասը՝ 30%-ը, Կրթության, գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանի եղբայրն է։

«Գուդվին-Բետ»

«Գուդվին-Բետը» շուկայի հնաբնակներից է, հիմնադրվել է 2011-ին։ Ընկերության անունը սկսեց ակտիվ շրջանառվել 2015 թվականի հուլիսին, երբ Արարատի մարզի Դարակերտ գյուղում կախված հայտնաբերվեց գազալցակայանի աշխատող, 40-ամյա Յուրի Բադալյանը: Ըստ հրապարկումների` նա գազալցակայանում տեղադրված «Գուդվին Բետին» պատկանող խաղային ապարատով խաղացել ու կորցրել էր օրվա ողջ հասույթը:

«Գուդվին-Բետը» 1000 խոշոր հարկատուների ցանկում 324-րդն է՝ 742 մլն 403 հազար դրամի հարկերով։ Ի տարբերություն մյուս ընկերությունների՝ «Գուդվին-Բետը» 2020 թվականի համեմատ 24%-ով ավելի քիչ հարկ է մուծել։

Բաժնետերերն են Արման Մանուկյանը՝ 53%, Մանուշակ Մելիքյանը՝ 35% և Արտակ Ալեքսանյանը՝ 12%:

53% բաժնեմաս ունեցող Արման Մանուկյանը գործարար Սերյոժա Մանուկյանի (Շինանյութի Սերգեյ) որդին է։ 2017-ին նրան առևանգել էին Կիևի իր բնակարանից, ամիսներ շարունակ պատանդ պահել։ Միայն 2018-ի հունվարին Ուկրաինայիում ՀՀ դեսպանը հայտարարեց, որ վերջինս ազատության մեջ է։ Դեպքից որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ գործարարը մտադիր է վաճառել Ուկրաինայում գտնվող խաղային բիզնեսը։ 

Օնլայն խաղեր

Վիճակախաղեր կազմակերպող ընկերությունները տարիներ շարունակ փոխկապակցված են եղել ինտերնետ շահումով խաղերի հետ։ Նույն ապրանքանիշի ներքո հանդես գալու պատճառը լիցենզավորման գործընթացն է։ Ֆինանսների նախարարությունը վիճակախաղերի համար առանձին լիցենզիա է տրամադրում, ինտերնետ շահումով խաղերի համար՝ առանձին, խաղատների համար՝ առանձին։ Երբեմն երկու լիցենզիաներն էլ տրվում են միևնույն ընկերությանը։ Այդպես է «Սոֆթ Կոնստրակտի» և «Կաբարկոյի» դեպքում, այս ընկերությունները կազմակերպում են թե՛ վիճակախաղեր, թե՛ ինտերնետ շահումով խաղեր։

«Դիջիթեյն» և «Գուդ Սոֆթ»

«Սոֆթ Կոնստրակտից» և «Կաբարկոյից» բացի, ինտերնետ շահումով խաղեր կազմակերպելու լիցենզիա ունեն ևս 2 ընկերություններ` «Դիջիթեյնը» և «Գուդ Սոֆթը»։

«Դիջիթեյնը» հիմնադրվել է 2014-ին։ Ինչպես արդեն նշեցինք, այն փոխկապակցված է «Դիջիգեյմի» հետ։ 1000 խոշոր հարկատուների ցուցակում 52-րդն է՝ 3 մլդ 952 մլն 449 հազար դրամով: 2020-ի համեմատ հարկերն աճել են 30%-ով:

«Գուդ Սոֆթը» հիմնադրվել է 2019-ին։ Խոշոր հարկատուների ցուցակում 343-րդն է՝ 678 մլն 623 հազար դրամի հարկերով: 2020-ի համեմատ հարկերն աճել են 11%-ով: Այս ընկերությունը փոխկապակցված է «Գուդվին-Բետի» հետ՝ բաժնետերերը նույնն են։

Այսպիսով, բացառությամբ «Գուդվին-Բետի», հայաստանյան բուքմեյքերական ընկերությունները 2020 թվականի համեմատ մի քանի անգամ ավելացրել են հարկերը, ինչը նաև վկայում է նրանց աճող եկամտի մասին։

Օֆելյա Սիմոնյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *