2021.12.24,

Ստուգված է

Ով ինչպես մեկնաբանեց Սահմանադրական դատարանի որոշումը

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Սահմանադրական դատարանը (ՍԴ) դեկտեմբերի 23-ին հրապարակեց առողջապահության նախարարի հրամանի վերաբերյալ որոշումը, որի համաձայն՝ ՊՇՌ հետազոտությունը «աշխատակցի հաշվին» իրականացնելու մասին բառակապակցությունը ճանաչվեց սահմանադրությանը հակասող։ 

ԱԺ ընդդիմադիր պատգամավորներն էին բարձր դատարանից պահանջել պարզել՝ սահմանադրակա՞ն է արդյոք 14 օրը մեկ պարտադիր թեստավորման հրամանը:

Դատարանի որոշման մասին տարատեսակ մեկնաբանություններ տարածվեցին:
Media.am-ը փորձեց գլուխ հանել իրավական այս խառնաշփոթից և ներկայացնել՝ ով ինչպես մանիպուլացրեց հարցը:

Ո՞ւմ հաղթանակն էր ՍԴ որոշումը

Ի սկզբանե նշվում էր, թե ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել նախարարի որոշումը՝ առանց հստակեցնելու, թե կոնկրետ որ որոշման մասին է խոսքը: Սա տպավորություն էր ստեղծում, թե քաղաքացիների համար պատվաստման կամ 7 օրը մեկ պարտադիր ՊՇՌ թեստ հանձնելու պահանջը հանվել է: Մինչդեռ հակասահմանադրական էր ճանաչվել հրամանի հավելվածներից «իրականացնում է աշխատողը՝ իր հաշվին» ձևակերպումը:

«Նախադասության «իր հաշվին» բառակապակցությունը ճանաչել Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերին և 39-րդ հոդվածին հակասող և անվավեր՝ նկատի առնելով, որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության ծառայությունից օգտվելիս դրա դիմաց վճարման պարտականություն ունեցող սուբյեկտների (աշխատողների) շրջանակի սահմանումը դուրս է Առողջապահության նախարարին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակից», – նշված էր ՍԴ հաղորդագրութան մեջ:

Ստացվում է, որ նախարարությունը չունի լիազորություն որոշելու՝ աշխատակիցը «ում հաշվին» իրականացնի թեստավորումը: Սակայն, չպատվաստվածների համար աշխատանքի ներկայանալիս թեստի պատասխան ներկայացնելը, շարունակում է մնալ պարտադիր: 

5-րդ ալիքը ՍԴ որոշումը որակեց որպես «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանի հաղթանակ՝ նախարար Անահիտ Ավանեսյանի նկատմամաբ: Իսկ Առողջապահության նախարարաության իրավաբանական վարչության պետ Աննա Մկրտումյանը հավաստիրացրեց՝ դատարանի որոշումը նախարարության հաղթանակն է:

Չնայած այս հայտարարություններին՝ ՍԴ որոշումը չի կարելի որևէ մեկի հաղթանակն անվանել: Ճիշտ է, նախարարի հրամանի հավելվածներից մեկի ձևակերպումը ճանաչվեց հակասահմանադրական, և ստացվում է, որ նախարարությունն ընդունել է հակասահմանադրական որոշում, սակայն ՊՇՌ թեստավորման պահանջը շարունակում է մնալ օրինական և պարտադիր պահանջ: 

Արամ Վարդևանյանի գլխավոր պահանջներից էր պարտավորեցնել կառավարությանը փոխհատուցել ՊՇՌ թեստերի համար, մինչդեռ ՍԴ որոշմամբ պետության կամ գործատուի առաջ նման պահանջ չի դրվել: Մինչ այժմ հստակ չէ, թե ով պետք է հոգա թեստավորման ծախսը, քանի որ եզրափակիչ հատվածում որևէ հստակեցում արված չէ: Որոշման ամբողջական տեքստը եռօրյա ժամկետում պետք է հրապարկվի ՍԴ պաշտոնական կայքէջում։

Թեստավորման ծախսը պետությա՞ն պարտականություն

Բողոքը բարձր դատարանում ներկայացրած «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց՝ դատարանի որոշմամբ թեստերի համար վճարելու բեռն այլևս չի ընկնելու քաղաքացու ուսերին, և պետությունն իր վրա պետք է վերցնի այդ ծախսը.
«Մարդկանց վրա պետության պարտականությունը չպետք է դրվի, մարդիկ իրենց հաշվին չպետք է կրեն կորոնավիրուսի ՊՇՌ թեստավորման ծախսերի բեռը: Մեր դիրքորոշումն ուներ տրամաբանություն այն պարզ պատճառով, որ պետությունն է այս ողջ գործընթացի պատասխանատուն, պետությունն է, որ պետք է ապահովի անհրաժեշտ պայմանները, հետևաբար՝ նաև ծախսային բեռը չթողնի մարկանց վրա»,- ասաց Վարդևանյանը:

Սակայն, ինչպես արդեն նշեցինք, ՍԴ որոշման մեջ չէր նշվում, թե ում վրա է դրվելու գումարի փոխհատուցման բեռը: Հետևաբար այս պնդումը դատարանի որոշման կամայական մեկնաբանություն է:

Վարդևանյանը խոսեց նաև միջազգային փորձից՝ վերարտադրելով նախկինում արդեն հերքված տեղեկությունը, թե «…միջազգային փորձն ասում է, որ այդ պարտականությունը չպետք է լինի մարդուն ի հաշիվ, այսինքն՝ մարդու միջոցների հաշվին, որովհետև այդ դեպքում այն վերածվում է դասական իմաստով հարկադիր պատվաստման գործընթացի»:

Միջազգային փորձի մասին Վարդևանյանի պնդումներին media.am-ն անդրադարձել էր դեռևս հոկտեմբերին: Մեր ուսումնասիորւթյունը ցույց էր տվել, որ չնայած մասսայական պատվաստման սկզբնական փուլում թեստավորման ծախսը իսկապես հոգում էր պետությունը, սակայն տարբեր երկրների կառավարություններ ժամանակի ընթացքում հասկացան, որ դա խոչընդոտում է պատվաստման գործընթացին և հայտարարեցին թեստերը կրկին վճարովի դարձնելու մասին:

Օֆելյա Սիմոնյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *