2021.12.03,

Ստուգված է

Դպրոցի վարչական ռեսուրսը ՏԻՄ ընտրությունների զինանոցում է

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

Դեկտեմբերի 5-ին Հայաստանի 36 համայնքում Տեղական ինքնակառավարման մարմիններ են ընտրելու։ Media.am-ին հասած տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուների ցուցակներում հայտնվում են դպրոցների աշխատակիցներ։ Մենք ստուգեցինք այս տեղեկությունը և պարզեցինք, որ իշխանությունն իսկապես օգտվում է այս վարչական ռեսուրսից։ 

ՔՊ-ի ցուցակում կա գրեթե այնքան դպրոցի աշխատակից, ինչքան ամբողջ ընդդիմության ցուցակի դպրոցի աշխատակիցները միասին վերցրած

Հայաստանում նախորդ իշխանության՝ «Հայաստանի հանրապետական» կուսակցության կողմից հանրակրթական դպրոցների վարչական լծակը օգտագործելու մասին բազմաթիվ հրապարակումներ կան։ Ուսուցիչները քաղաքական ուժերի ցուցակներում էին հայտնվում և տվյալ ուժի օգտին քվեարկողների ցուցակներ հավաքում։ 

Հասկանալու համար, թե ինչքանով է նոր իշխանության մասին մեր ստացած տեղեկությունը իրականությանը համապատասխանում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից առանձնացրինք դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության թեկնածուների ցուցակը։

Պարզեցինք, որ 36 համայնքից միայն Արմավիր քաղաքում է առաջադրված մեկ քաղաքական ուժ՝ ՔՊ-ն։ Իշխող ուժը ներկայացված չէ միայն Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում։

Այս բոլոր համայնքներում առաջադրված ՔՊ 1513 թեկնածուներից (այդ թվում այս կամ այն պատճառով ցուցակից դուրս մնացածներ) 192-ի կամ շուրջ 12,7%-ի դեպքում աշխատավայրը նշված է դպրոց։ Այս անձանց շուրջ 71%-ը իշխող կուսակցության անդամ է, մոտ 29%-ը՝ անկուսակցական է, մեկը՝ «Միավորված աշխատանքային» կուսակցության անդամ։

Գրեթե նույն քանակով դպրոցի աշխատակիցներ ներառված են դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում առաջադրված այլ ուժերի ցուցակներում միասին վերցրած։ Այս համայնքներում այլ քաղաքական ուժերից շուրջ 2845 թեկնածու է առաջադրված (այդ թվում այս կամ այն պատճառով ցուցակից դուրս մնացածներ)։ Նրանց միայն 200-ի կամ շուրջ 7%-ի աշխատավայրն է դպրոցը նշված։  

ՔՊ ցուցակում հայտնված դպրոցի աշխատակիցներից առնվազն 3-ը այլ կուսակցությունների ցուցակում են եղել նախկինում

Ռուզաննա Տոնոյան, Կոշ

Արագածոտնի մարզի Կոշի միջնակարգ դպրոցի տնօրենը՝ անկուսակցական Ռուզաննա Վահանի Տոնոյանը (ծնված 04/09/1967), համագործակցել է տարբեր ուժերի հետ։ Տոնոյանը որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ 2012-ի ընտրություններին Կոշ համայնքի թիվ 15/1 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահն էր։ 

Իսկ 2017-ին՝ Ազգային ժողովի ընտրություններում, ընդգրկված էր «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության ցուցակում։ Ինչպես երևում է Ազատություն ռ/կ-ի տեսանյութում, նա դպրոցականներին և ուսուցիչներին ներգրավել էր նախընտրական քարոզարշավում։ 




«ՀՅԴ համապետական ցուցակում ընդգրված պատգամավորի թեկնածու, Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին այսօր Արագածոտնի մարզի Կոշ համայքնում գյուղացիներից բացի, դպրոցականների մի մեծ խումբ էր սպասում: Երեխաների ձեռքին Դաշնակցության բուկլետներն էին և տարածքային ցուցակի պատգամավորի թեկնածուներից մեկի՝ Ռուզաննա Տոնոյանի քարոզչաթերթիկը, որն ինչպես պարզվեց դպրոցի տնօրենն է», – ասվում է տեսանյութում:

Նելլի Նասոյան, Ոսկեհատ

Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղի Խրիմյան Հայրիկի անվան դպրոցի տնօրեն Նելլի Մելքոնի Նասոյանը (ծնված 6/09/1958) այժմ անդամակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Նա նախկինում ներառված էր «Հայաստանի հանրապետական» կուսակցության Արագածոտնի տարածքային կենտրոնի ցուցակում, որպես Ոսկեհատի շտաբի ներկայացուցիչ։

Նասոյանի ղեկավարած դպրոցի սաները 2015-ին ողջունում էին «պատվավոր հյուրերին», որոնք եկել էին Պ.Պռոշյանի տուն-թանգարանում մասնակցելու ՀՀԿ-ի հիմնադրման 25-ամյակի «մեծ շուքով և հանդիսությամբ» նշվող միջոցառմանը: 

Կորյուն Խաչատրյան, Երանոս

Գեղարքունիքի մարզի Երանոսի թիվ 2 դպրոցի փոխտնօրեն Կորյուն Քյարամի Խաչատրյանը (ծնված 03/02/1953) այժմ իշխող կուսակցության անդամ է։ Նա 2016-ին Երանոս համայնքի ավագանու անդամ էր առաջադրվել և ընտրվել այն ժամանակ իշխող ՀՀԿ-ի ցուցակով։

Ստացվում է, որ media.am-ի ստացած ահազանգը հիմնավոր է։ Դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակում կա գրեթե այնքան դպրոցի ներկայացուցիչ, ինչքան այլ ուժերի դպրոցի աշխատակիցները միասին վերցրած։ Այս 192 անձանցից առնվազն 3-ը նախկինում եղել են այլ քաղաքական ուժերի կազմում։

Արշալույս Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *