2021.11.16,

Ստուգված է

Կեղծ լուրեր և տեղեկատվական գրոհ․ հայ-ադրբեջանական նոր էսկալացիան

Նոյեմբերի 16-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցան պատերազմի ավարտից հետո ամենալայնածավալ բախումները։ Հայկական կողմը հաղորդեց զոհերի (հոդվածը հրապարակելու պահին զոհերի և վիրավորների թվի մասին դեռ պաշտոնական տեղեկություն չկար) և 12 գերեվարվածի մասին։ 

Ռազմական լարված իրավիճակի հետ մեկտեղ ավելացավ ապատեղեկատվության հոսքը։ Media.am-ը պատմում է օրվա կեղծ լուրերի, ինչպես նաև Հայաստանի բնակիչների դեմ ուղղված տեղեկատվական գրոհի մասին։ 

ՀԱՊԿ-ը երկու ամիս անց պատասխանելու մասին հայտարարություն չէր արել

Ֆեյսբուքյան օգտատեր Լուսինե Հովհաննիսյանը տեղեկություն տարածեց, թե ՀԱՊԿ-ը որոշել է նախնական երկու ամիս դիտարկել Հայաստանի դիմումը և դրան պատասխանել 2022 թ․ օգոստոսին։ Շուրջ մեկ ժամվա մեջ նրա գրառումով կիսվեցին ավելի քան 160 անգամ։ 

Տեղեկությունը սխալ էր։ Հովհաննիսյանը տարածել էր հումորային «ИА Панорама» էջի հրապարակումը։ Այս էջը երգիծական է, դրա տարածած տեղեկությունները ոչ թե իրական լուրեր են, այլ հումորային հրապարակումներ։ 

Տեղեկատվական գրոհներ և կիբերհարձակումներ

Սահմանային լարվածության ֆոնին ակտիվացան տեղեկատվական գրոհներն ու կիբերհարձակման փորձերը։ Խափանվեց Armtimes.com լրատվական կայքի աշխատանքը։ Կապի օպերատորները կոչ արեցին անտեսել կասկածելի համարներից զանգերը և հաղորդագրությունները (հում 1, հղում 2, հղում 3)։ «Ucom»-ը, օրինակ, գրեց, որ «թշնամին օգտագործում է խուճապ տարածելու բոլոր միջոցները՝ հորդորելով անջատել էլեկտրոնային SIM-քարտերը»։ Այսինքն՝ կապի օպերատորը զգուշացնում էր, որ հակառակորդը հորդորում է հայաստանցիներին անջետել SIM-քարտերը

Armtimes.com-ը, ֆեյսբուքում տարածելով օպերատորի գրառումը, նշեց, թե «Ucom»-ը հորդորում է անջատել էլեկտրոնային SIM քարտերը։ Լրատվականը, այդպիսով, աղավաղում էր ընկերության գրառման բովանդակությունը, քանի որ նման կոչով, ըստ «Ucom»-ի, հանդես էր եկել հակառակորդը՝ մարդկանց խուճապի մատնելու նպատակով։ Էլեկտրոնային SIM քարտերը անջատելու անհրաժեշտություն չկար։


Ակտիվորեն աշխատում էին նաև ադրբեջանական տելեգրամ-ալիքները։ Մասնավորապես, «Без Масок ЧИВ» ալիքը հետևորդներին հորդորեց զանգահարել հայկական պատահական հեռախոսահամարներին կամ ձայնային հաղորդագրություններ ուղարկել դրանց՝  մարդկանց կոչ անելով լքել Ադրբեջանի հետ սահմանամերձ համայնքները։ Ուսումնասիրելով մեկնաբանությունները՝ նկատեցինք, որ հետևորդներն արդեն իսկ սկսել են զանգել հայկական համարներին։ Պարզեցինք, որ սահմանամերձ բնակչությունն իսկապես ստացել է նման զանգեր։ Իսկ ավելի ուշ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրեց, որ տարբեր սոցիալական հարթակներում և կայքերում ադրբեջանցիների կողմից ապատեղեկատվություն պարունակող հաղորդագրություններ են տարածվում, որոնցում կոչ է արվում հայերի դեմ սկսել հեռախոսային «ահաբեկչական» գործողություններ։

Ադրբեջանական քարոզչական կայքը մանիպուլացրեց Արմեն Գրիգորյանի խոսքերը

Ադրբեջանական haqqin.az-ը Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարցազրույցի մասին գրեց՝ վերնագրում նշելով, թե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հայտարարել է՝ «եթե Ռուսաստանը մեզ չօգնի, մենք կդիմենք ՆԱՏՕ-ին»։ Լրատվակայքը, այդպիսով, խեղաթյուրել է Արմեն Գրիգորյանի խոսքերը, քանի որ վերջինս հարցազրույցում նման հայտարարություն չի արել։ 

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Գրիգորյանը, մասնավորապես, ասել է․ «Հայաստանը առաջնահերթ կարծում է, որ Ռուսաստանի դաշության և ՀԱՊԿ կառույցների միջոցով հնարավոր է ճգնաժամը լուծել, բայց եթե մենք չկարողանանք […] ստեղծված ճգնաժամը լուժել գոյություն ունեցող կառուցակարգերով, ապա Հայաստանը ստիպված է լինելու այլ կառուցակարգերին դիմել, այսինքն՝ միջազգային այլ գործընկերներին դիմել, որպեսզի ստեղծված ճգնաժամը լուծենք։ Բայց մենք առաջնային ենք համարում այս պահին պայմանագրային պարտավորություններով օժտված այն մեխանիզմենրը, որոնք հնարավոր է գործարկել»։

ՆԱՏՕ-ի մասին Գրիգորյանը որևէ պնդում չէր արել։

Կարինե Ղազարյան
Օֆելյա Սիմոնյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *