2021.11.16,

Ստուգված է

Տելեգրամ ալիքի հրահանգով ադրբեջանցիները փորձում են Հայաստանում խուճապ տարածել

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող

«Без Масок ЧИВ» ադրբեջանական տելեգրամ ալիքն այսօր՝ նոյեմբերի 16-ին, գրառմամբ հետևորդներին հորդորել է զանգահարել հայկական պատահական հեռախոսահամարներին կամ ձայնային հաղորդագրություններ ուղարկել նրանց՝  կոչ անելով լքել Ադրբեջանի հետ սահմանամերձ համայնքները։ 

«Խնդրում ենք հեռախոսային տեռորի ակցիա սկսել հայերի դեմ, – ասված է հայտարարության մեջ,- Մաքսիմալ ԽՈՒՃԱՊ ենք տարածում»։ 

«Տեղեկացնում ենք, որ Սյունիք, Մեղրի, Կապան, Քաջարան, Տաթև, Գորիս, Տեղ, Սիսիան, Ջերմուկ, Անգեղակոթ (ձեր ընտրությամբ) քաղաքները գրավելու են Ադրբեջանի և ադրբեջանական զորքերը և որ այդ հողերն արդեն հանձնվել են Ադրբեջանին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ուսումնասիրելով մեկնաբանությունները՝ նկատեցինք, որ հետևորդներն արդեն իսկ սկսել են զանգել հայկական համարներին։

Նշված համարն իսկապես պատկանում է Սյունիքի Դիանա հյուրանոցային համալիրին։ Հյուրանոցի ադմինիստրացիայից Media.am-ին տեղեկացրին, որ այսօր ստացել են զանգ անծանոթ համարից։ Զանգահարած անձը ռուսերենով կոչ է արել փախչել հյուրանոցից, քանի որ ադրբեջանական կողմը հարձակում է իրականացրել։ Հյուրանոցի աշխատակիցն արդեն իսկ կապ է հաստատել ոստիկանության հետ և տրամադրել հեռախոսահամարը, չնայած մեր զանգի ժամանակ դեռևս կասկածում էր ահաբեկող այդ կոչը համապատասխանում էր իրականությանը, թե՝ ոչ։ 

Նշենք, որ «Без Масок ЧИВ»-ը ներկայանում է որպես Տելեգրամում Ադրբեջանի «սահմանները պահպանող» ալիք։ Ալիքն ունի արտահայտված հակահայկական բովանդակություն և առաջին անգամը չէ, որ նման կոչերով և կեղծիք պարունակող տեղեկություններով է հանդես գալիս։

2021-ի մայիսի 21-ին «Без Масок ЧИВ»-ը հայկական Զինված ուժերի կազմալուծման մասին հրապարակեց կեղծ փաստաթուղթ, որը լայնորեն տարածվեց մեդիայում։ Այս թեմային Media.am-ը մանրամասն անդրադարձել է։

Այսպիսով, ադրբեջանական տելեգրամ ալիքը կոչ է անում զանգահարել հայկական համարներով և ահաբեկել սահամանամերձ համայնքների բնակիչներին։ Նման զանգ ստացող արդեն կա։ Տեղեկությունը, որը հայտնում են ալիքի հետևորդները, նպատակ ունի խուճապ տարածել հայ բնակչության շրջանում։

Օֆելյա Սիմոնյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *