2021.09.28,

Ստուգված է

Իգոր Կորոտչենկո․ ադրբեջանամետ փորձագետի քաղաքական և մեդիա գործունեությունը

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող

Սեպտեմբերի 24-ին ռուսական Национальная оборона ամսագիրը հրապարակեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հարցազրույցը, որի առաջին իսկ նախադասության մեջ ռուս հեղինակը Արցախյան երկրորդ պատերազմը սկսելու մեջ մեղադրում էր Հայաստանին։ 

Հարցազրույցը լայնորեն լուսաբանվեց հայկական լրատվամիջոցներում, իսկ դրա ակնհայտ կողմնակալ տոնայնությունը զարմացրեց հայ լրագրողներին։  

Սակայն հարցազրույցի ամսագիրն ու հեղինակը՝ ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոն, պատահական չէին ընտրված։ Media.am-ը պատմում է, թե ով է Իգոր Կորոտչենկոն, որը արդեն մի քանի տարի է, ինչ զբաղվում է ռուսական մեդիա դաշտում Ադրբեջանի հետաքրքրությունների պաշտպանությամբ։

Քարոզչական թեզեր՝ համեմված սկանդալային հռետորաբանությամբ

Իգոր Կորոտչենկոն ռազմական փորձագետ է և քաղաքական գործիչ։ Նա հաճախ է հյուրընկալվում ռուսական պետական հեռուստաալիքներում, որտեղ հիմնականում քննադատում է Ուկրաինային։ Նրա հայտարարությունները դժվար է անվանել անկողմնակալ և խորը վերլուծություն․ դրանք առավել նման են քարոզչական թեզերի՝ համեմված սկանդալային հռետորաբանությամբ։ 

Օրինակ՝ 2014-ին նա պնդում էր, որ հենց Ուկրաինան է մեղավոր Boing-777 օդանավի վթարի մեջ (չնայած որ վթարից անցել էր դեռ միայն մի քանի ժամ և որևէ հետաքննություն չկար), իսկ 2016-ին հայտարարում էր, որ Ուկրաինան անճարության եզրին է։  

Այս նույն ոճով էլ վերջին տարիներին Կորոտչենկոն լծվել է Հայաստանի քննադատության գործին։ Հատկանշական է, որ նրա հնչեցրած պնդումները համահունչ են Ադրբեջանի պաշտոնական տեղեկատվության հետ։ 

Կորոտչենկոյի հարցազրույցը ռուսական պետական Спутник լրատվական գործակալությանը

Կորոտչենկոն Национальная оборона ամսագրի ղեկավարն է

Իգոր Կորոտչենկոն Национальная оборона ամսագրի հիմնադիրը, գլխավոր տնօրենն ու խմբագիրն է։

Национальная оборона հրատարակչության հիմնադրի մասին տվյալները ՌԴ իրավաբանական անձանք պետական ռեեստրի կայքից

Այս ամսագրի՝ Արցախյան հակամարտությանը նվիրված հոդվածները հիմնականում ադրբեջանամետ դիրքորոշում ունեն։ Օրինակ՝ 2021 թ․ հունիսին լույս տեսած հոդվածում ամսագիրը խորհուրդ էր տալիս Ադրբեջանին հայերի հանդեպ ճնշումներ չգործադրել, քանի որ «Բաքվի հակառակորդները փորձելու են ամեն կերպ բարձրաձայնել Ղարաբաղում ապրող հայերի իրավունքների իրական կամ հորինված խախտումները»։ Նույն տարվա մարտին ամսագիրը հրապարակել էր Պետդումայի պատգամավոր Լեոնիդ Սլուցկու հետ հարցազրույց, որտեղ վերջինս ասում էր, թե Իլհամ Ալիևը «հաստատեց մեծ առաջնորդի և իր հոր գործը շարունակողի դերը» (ռուսական մամուլը անդրադարձել է Սլուցկու և ադրբեջանցի մեծահարուստ գործարարների կապերին)։ 

Կորոտչենկոն ինքը հաճախ է հեղինակում Արցախյան հակամարտության մասին հոդվածներ: Օրինակ՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հարցազրույցի ժամանակ Կորոտչենկոն հարցնում էր, թե ինչպես Ադրբեջանը արձագանքեց իր սահմանի մոտ «զինված սադրանքին»։ Այս հարցազրույցը ավարտվում էր Ադրբեջանի ղեկավարության նոր քորազչական կարգախոսով․ «Ղարաբաղը Ադրբեջան է և բացականչական նշան»։ 

Կորոտչենկոյի հեղինակած մեկ այլ հարցազրույցում խորհրդային ՊԱԿ-ի (КГБ) ծառայողները՝ հեղինակի հետ միասին վերհիշում էին հայկական «նացիոնալիզմը և սեպարատիզմը», որոնց դեմ ՊԱԿ-ի հայկական մասնաճյուղի աշխատանքը «ծայրահեղ անբավարար էր»։ Հոդվածի վերնագրված էր՝ «Պետական ​​անվտանգության մարմինները նացիոնալիզմի և սեպարատիզմի դեմ պայքարում»։ Հարկ է նշել, որ մինչդեռ Հայաստանը 1990-ականների սկզբի իրադարձությունները դիտարկում են որպես անկախության համար պայքար, Ադրբեջանը նույն իրադարձությունները դիտարկում է որպես բացասական երևույթ և հաճախ խոսում «հայկական սեպարատիզմի» սպառնալիքի մասին։

Բացի Национальная оборона-ից Կորոտչենկոն ղեկավարում է նաև «Զենքերի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոն» կազմակերպությունը։ 

Փորձագետից՝ քաղաքական գործիչ

Կորոտչենկոն նաև քաղաքական գործիչ է՝ Родина կուսակցության անդամ։ Այս կուսակցության հիմնադիրներից է պետական բարձրաստիճան ծառայող, Роскосмос պետական տիեզերական կազմակերպության ղեկավար Դմիտրի Ռոգոզինը։

Родина -ի կազմում Կորոտչենկոն մասնակցում էր 2016-ի Պետդումայի ընտրություններին։ Նա հանդես էլ գալիս կոռուպցիայի քննադատությամբ և նախընտրական բանավեճերից մեկի ժամանակ առաջարկել էր գնդակահարել բոլոր կոռուպցիոներներին։  

Նկարը՝ Իգոր Կորոտչենկոյի ֆեյսբուքյան էջից

Չնայած հակակոռուպցիոն հռետորաբանությանը, Կորոտչենկոն ՌԴ իշխանությունների քննադատ չէ։ Ընդհակառակը՝ նա հաճախ և սուր քննադատության է ենթարկում Կրեմլի գլխավոր քաղաքական հակառակորդ Ալեքսեյ Նավալնուն (օրինակ 1, օրինակ 2, օրինակ 3)։ 

Կորոտչենկոն՝ հայկական մամուլում

Կորոտչենկոն որպես փորձագետ հաճախ էր հայտնվում հայկական մամուլում։ Այդպես, «168 ժամը» մի շարք հարցազրույցներ է հրապարակել Կորոտչենկոյի հետ, որտեղ վերջինս քննադատում էր Նիկոլ Փաշինյանին հայ-ռուսական հարաբերությունները փչացնելու համար, հիշատակում էր հայաստանում ԶԼՄ-ների հանդեպ ենթադրյալ ճնշումները և վերլուծում էր 2020-ի հուլիսին տեղի ունեցած բախումները։  

168.am-ի հրապարակած հարցազրույցները տարածեցին նաև այլ հայկական լրատվամիջոցներ։

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *