Հունիսի 25-ին armjok.am-ի ֆեյսբուքյան էջը, որն ունի 95 790 հետևորդ, գրեց, որ Բրյուսելում 607 ձայնով ընդունվեց մի նախագիծ, որով Ադրբեջանին պարտադրվում է առանց որևէ նախապայմանի վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին։ Լուրը վիրուսային արագությամբ սկսեց տարածվել ֆեյսբուքում, մասնավորապես Նիկոլ Փաշինյանին աջակցող ֆբ էջերում։
Իրականում տեղեկությունը հին է. Եվրոպական խորհրդարանը բանաձևն ընդունել էր դեռևս 2021-ի մայիսի 20-ին։ Այդ մասին գրել էր նաև ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նա տեղեկացրել էր, որ Եվրոպական խորհրդարանը 607 կողմ ձայնով ընդունեց բանաձև, որով պարտադրում է Ադրբեջանին առանց որևէ նախապայմանի ազատ արձակել հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց։
Կրկին տարածվող լուրը Զոհրաբյանի գրառման հատվածներից մեկն է։ Դրանից հետո նոր բանաձևի ընդունման մասին որևէ հայտարարություն չի եղել։ Ավելի վաղ՝ ապրիլի 19-ին, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում կայացել էր քվեարկություն, որի արդյունքում որոշվել էր լիագումար նստաշրջանի օրակարգում ընդգրկել Ադրբեջանում գտնվող «հայ ռազմագերիների, պահվող այլ անձանց և տեղահանված անձանց մասին» հարցը։
Մայիսի 20-ի բանաձևի ընդունումից անցել է ավելի քան մեկ ամիս, Հայաստանը դեռ պայքարում է Ադրբեջանում գտնվող ռազմագերիների վերադարձի համար։
Հունիսի 12-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամաբ հայտնեց, որ Հայաստան է վերադարձել Ադրբեջանում պահվող 15 ռազմագերի։ Կարևոր է, սակայն, որ ԵԽ այդ բանաձը չէ, որ էական ազդեցություն է ունեցել գերիների վերադարձի հարցում։ Բաքուն ռազմագերիներին Հայաստանին էր վերադարձրել ականապատ տարածքների քարտեզի դիմաց։ Այդ մասին նշվում էր Բաքվի պաշտոնական հայտարարության մեջ նաև։ Նիկոլ Փաշինյանը, մինչդեռ, պնդել էր` Երևանը ոչ թե փոխանակել է ականապատ տարածքների քարտեզները գերիների դիմաց, այլ` Ադրբեջանի ընդառաջ քայլին պատասխան քայլ արել։
Այս գործընթացում ակտիվ մասնակցություն է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի։ Փոխանակումը տեղի է ունեցել Վրաստանի հետ Ադրբեջանի սահմանին:
«Նրանք ազատվել են […] Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի տեղակալ Ֆիլիպ Ռիկորի ակտիվ աջակցությամբ», – ասված էր Վրաստանի կառավարության հայտարարության մեջ: Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ևս գրել էր ԱՄՆ-ի և Վրաստանի միջնորդության մասին։
Գերիների քանակի մասին հստակ ինֆորմացիա դեռևս չկա։ Հանրային հեռուստատեսության եթերում նախընտրական բանավեճի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր՝ հայ գերիների ճշտված թիվը 60 է, չճշտվածներինը՝ 110։
Օֆելյա Սիմոնյան